Ժիրայր Սէֆիլյան. Եթե «Ֆորմուլա 1»-ի առիթը չօգտագործվի, ուրեմն այս ամենը դավադրություն է

JIRAYR SEFILYAN

Այս օրերին Ադրբեջանը հարաբերական անդորր է պահպանում իր երկրում հունիսին անցկացվող «Ֆորմուլա 1» Եվրոպական մրցարշավը չձախողելու նպատակով, այլ ոչ թե միջազգային հանրության ջանքերի շնորհիվ: Այդ մրցարշավն անցկացնելուց հետո նա վերսկսելու է սողացող պատերազմի մարտավարությունը, որը ենթադրում է նաև «ապրիլյան» տիպի լարվածության ալիքներ:

Դժվար է պատկերացնել, որ երբևէ Ադրբեջանի ձեռքերն այսպես կապված կլինեն: Ուստի մինչ մրցարշավի մեկնարկը հայկական կողմը աննախադեպ հնարավորություն ունի անգամ առանց կրակոցի հետ բերելու կորցրած տարածքները: Եթե Երևանը կամ Ստեփանակերտը դրանք հետ վերադարձնելու հստակ պահանջ ներկայացնեն Բաքվին՝ հակառակ դեպքում սպառնալով ուժով վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, հետ կքաշվի մինչև ապրիլի 1-ի բնագծերը:

Նման ազդեցություն կարող է ունենալ նաև հարձակման նպատակով մեր զորքերի ցուցադրաբար կուտակումը համապատասխան ելման դիրքերում: Բնականաբար՝ այս երկու քայլի համադրումն ավելի արդյունավետ կլինի: Անշուշտ, գոնե տեսականորեն պետք չէ բացառել նաև այն սցենարը, որ Ադրբեջանը միանգամից չի կատարելու հայկական կողմի պահանջը, ինչի պարագայում նա ստիպված է լինելու այդ տարածքները հանձնել մեր փոքրածավալ ռազմական գործողությանը լուրջ դիմադրություն ցույց չտալով և նահանջելով: Երկրորդ դեպքում տարածքների ազատագրման գործողությունը պետք է կատարվի արդեն սերունդ տված միջին տարիքի կամավորների ուժերով:

Այս երկու սցենարների դեպքում էլ կարող ենք վստահ լինել, որ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ չի ձեռնարկելու և, ի վերջո՝ զիջելու է գրաված տարածքները: Իսկ եթե այս օրերի բացառիկ հնարավորությունը չօգտագործվի, ուրեմն այս ամենը՝ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, Արցախի Պաշտպանական բանակի անպատրաստ վիճակը, մեր հակահարձակման կասեցումը, տարածքների կորուստը թաքցնելու միտումը և դրանց հետևած մյուս բոլոր գործողությունները դավադրություն է, որին մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.