Ի՞նչ գործ ունեն Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում

- in Միջազգային
Erdoghan Putin

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի գրավման 563-րդ (1453 թվական) տարեդարձի կապակցությամբ ունեցած ելույթում քննադատել է Ռուսաստանին ու Իրանին:

Խոսելով հարևան Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ Էրդողանը հայտարարել է. «Ի՞նչ գործ ունեն Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում: Ինչո՞վ են նրանք զբաղված այնտեղ: Ինչո՞վ են սիրիական հողերում զբաղված ահաբեկիչների տարբերանշաններով հանդերձանք կրող ամերիկացի զինվորականները: Եթե նպատակը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին ոչնչացնելն է, ապա դրա համար պետք չէ սպանել անմեղ մարդկանց, բավական է վերացնել Բաշար Ասադի վարչակարգը, որը վերածվել է պետական մակարդակով ահաբեկչության տարածման կենտրոնի:

Ասադի վարչակարգը, ինչպես նաև ԴԱԻՇ-ի ու PYD-ի ահաբեկիչները աջակցում են միմյանց: Եթե ոչնչացվի այս երեք բաղադրիչներից մեկը, ապա մյուսները կընկնեն:

Ցավալի է, որ մի շարք երկրներ, որոնք Թուրքիային համարում են իրենց դաշնակիցը, մատների արանքով են նայում Սիրիայում տարվող կեղտոտ խաղերին և անգամ աջակցում են ահաբեկիչներին:

ԴԱԻՇ-ն արհեստականորեն ստեղծված կառույց է, և նրա դեմ պայքարի պատրվակով տարվում են խաղեր, որոնց նպատակը չափազանց հստակ է: Որոշակի ուժեր փորձում են Թուրքիան կտրել Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից»,- հայտարարել է Էրդողանը:

Spread the love