Ինչպես են սպանել հերոս զինծառայողին

- in Մամուլ
Zinvor

Ապրիլի 25-ին Իջեւանում, զորամասերից մեկի կրակային դիրքում հայտնաբերվել է Հովհաննես Պետրոսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային երկու վնասվածքով: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հատկանիշով:

Թվում է, թե պարզ տրամաբանությունը, առանց մասնագիտական որակների, բավարար է եզրակացնելու համար, որ մարդը չի կարող ինքնասպան լինել գլխին երկու կրակոցով: Պարզ է, որ նրան սպանել են: Գործն առնվազն պետք է հարուցվեր սպանության հատկանիշով, բայց գործի է դրվել Հայաստանի զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհերի գործի առիթով կիրառվող «ավանդական» տարբերակը՝ ինքնասպանություն կամ ինքնաասպանության փորձ:

Մահացածի հայրն ասում է, որ որդին իրեն հայտնում էր սպաների հետ խնդիրների մասին, որոնք ցանկանում են բենզին գողանալ, իսկ ինքը՝ որ վարորդ է, թույլ չի տալիս:

Դեպքը տեղի է ունեցել այն օրերին զուգահեռ, երբ Հովհաննեսի տարեկից զինվորները հերոսանում էին Արցախի առաջնագծում: Այդ օրերին Հայաստանի հասարակությունը ցնցվում էր Արցախի եւ Հայաստանի սահմանը կյանքի գնով պահած զինծառայողների հուզիչ պատմություններից, ողջ մնացած հերոսների խիզախության պատմություններից, ապշում հերոսական սերնդի գոյությունից:

Այդ պատմությունների մեջ Հովհաննեսի «ինքնասպանությունը» մնացել է ստվերում: Մինչդեռ Իջեւանի զորամասերից մեկի կրակային դիրքում հայտնաբերված մահացած երիտասարդը նույնպես հերոս էր, որը իհարկե սպառազինությամբ եւ թվաքանակով մի քանի անգամ գերազանցող հակառակորդ չէր կասեցրել, բայց կասեցրել էր պետական ունեցվածքի թալանի մի փոքր բաժինը՝ եւ կասեցրել էր փաստորեն կյանքի գնով:

Հովհաննեսը հերոս էր, որը փաստացի հակառակորդի դեմ կռվող իր նման հերոսների թիկունքն էր պահում: Բայց նա չի արժանանա բարձրաստիճան ճառերի եւ պաթոսի, որովհետեւ նրանք, ումից պահում էր Հովհաննեսը առաջնագծի հերոսների թիկունքը, գտնվում էին ճառեր եւ պաթոս տարածող պաշտոնյաների պատասխանատվության գոտում, ի տարբերություն հակառակորդի՝ ում դեմ հերոսանում են առաջնագծի զինվորները:

Հակառակորդի լինել-չլինելը ճառասուն պաշտոնյաների պատասխանատվության գոտում չէ, նրանք չեն մեղավոր, որ հակառակորդը կա: Նրանք իհարկե մեղավոր են, որ հակառակորդը կա, իսկ դրան լիարժեք պատրաստ նյութատեխնիկական բազա չկա, բայց այդ հարցը հնարավոր է լղոզել ճառերով ու պաթոսով: Իսկ ահա թիկունքում նյութատեխնիկական թալանի առկայությունը ուղիղ առնչություն ունի ճառասունների գործունեության հետ, նրանց պատասխանատվության տիրույթում է, հետեւաբար այստեղ ճառը ոչ թե կոծկելու է ինչ որ բան, այլ ավելի է սրելու ուշադրությունը:

Դրա համար ճառ չկա, պաթոս չկա, հուզիչ պատմություն չկա՝ կա «ինքնասպանություն», «գխին երկու» կրակոցով:

Ու կա զոհ, ոչ պակաս հերոս մի զինծառայողի կորուստ, որը սահմանը պահում էր թիկունքում ու հորն ասում, որ եթե թույլ տա բենզինը տանեն, վաղը մեքենան դուրս կգա կրակային դիրք ու կպարզվի, որ բենզին չունի: Զինվոր, որի գիտակցությունը միլիոնապատիկ ավելին է միլիոնների գույքի եւ եկամուտների հայտարարագիր ունեցող, բանակի նյութատեխնիկական ապահովման համար պատասխանատու մի նախկին փոխնախարարի գիտակցությունից: Այդ գիտակցության տեր զինվորն այժմ չկա, իսկ փոխնախարարը հավանաբար վայելում է վաստակած հանգիստը, որովհետեւ նրա գործունեության համար քրեական գործեր հարուցված չեն եւ ոչ մի հատկանիշով:

Բանն ամենեւին առանջագծի ու թիկունքի հակադրությունը չէ: Բանը դրանց ամբողջացումն է: Պաշտպանությունը սկսում է թիկունքից եւ ավարտվում սահմանում: Հայաստանի դեպքում հակառակն է՝ պաշտպանությունը սկսում է սահմանին եւ ավարտվում թիկունքում, հայտնվելով մի քանի անձանց կամ մի քանի կլանի գրպանում, ու այդպես համամասնորեն իջնելով մինչեւ տարատեսակ մանկլավիկներ ու մանր տրամաչափի մակաբույծներ:

Սպանված զինվորը իր պարզ ու ազնիվ գիտակցությամբ վերակազմակերպում էր Հայաստանի պաշտպանության համակարգը, այդ համակարգի իր բաժինը: Անում էր այն, ինչ պետք է աներ ռազմա-քաղաքական կոչված ղեկավարությունը՝ պաշտպանությունը սկսում էր թիկունքում, որպեսզի սահմանին ոչ թե իր նման հերոս ծառայակիցների կյանքը ավարտվի, այլ պետության պաշտպանությունը՝ ավարտվի ամբողջանալով, ամրանալով, ավարտվի լիակատար հաղթանակով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20