Ինչ է զիջել Ռուսաստանն Արցախում

- in Մամուլ
Sergey Lavrov

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը աջակցում է ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի նման Դոնբասն էլ վերադարձնելու Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի ձգտմանը, եթե դա արվում է «մարդասիրական նկատառումներից» ելնելով:

Ինչ է ուզել ասել Պեսկովը, նրա խոսքը պարունակե՞լ է որեւէ քաղաքական ենթատեքստ՝ կապված Կրեմլի դիրքորոշման փոփոխության հետ, թե ոչ: Իհարկե բարդ է ասելը: Չի բացառվում, որ Պեսկովն ընդամենը փորձել է «ոտքի վրա» իմպրովիզ անել եւ հեգնել Ուկրաինայի իշխանությանը:

Ի դեպ, Ղրիմը վերադարձնելու վերաբերյալ էլ նա ասել է, թե չի մեկնաբանում Ռուսաստանի շրջանների վերաբերյալ հայտարարությունները: Թեեւ թվում է, որ տրամաբանությունը պետք է հակառակը հուշի՝ եթե որեւէ պետության ղեկավար խոսում է մի տարածք վերադարձնելու մասին, որը քոնն ես համարում, ապա հենց դա պետք է մեկնաբանես՝ եւ բավական կոշտ:

Ռուսաստանի նախագահի խոսնակի հայտարարություններում այդուամենայնիվ նկատվում է հետաքրքիր հետագիծ: Այդ հայտարարությունները հաջորդում են Ուկրաինայում ձերբակալված ռուսական գլխավոր հետախուզական վարչության երկու աշխատակիցների հետ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի փոխանակմանը: Հետո հաջորդում են Պեսկովի հայտարարությունները Դոնբասի ու Ղրիմի մասին:

Դրան նախորդել էին հետաքրքիր զարգացումներ Սիրիայի հարցում, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ամերիկյան կողմին առաջարկեց համակարգել եւ համատեղ պայքարել ԻԼԻՊ հետ: Ընդ որում, դա փաստորեն տեղի ունեցավ Սիրիայում կառավարական զորքի հսկողության տակ գտնվող եւ համեմատաբար հանգիստ համարվող Տարտուս, Լաթաքիա շրջաններում աննախադեպ ահաբեկություններին զուգահեռ: Միաժամանակ տեղեկություն տարածվեց, որ ահաբեկիչները ուժգին հարված են հասցրել Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող ավիաբազային, որտեղ տուժել են ռուսական օդանավեր եւ ուղղաթիռներ:

ԱՄՆ-ն կարծես թե դեռ չի տվել որոշակի արձագանք: Բայց, ինքնին Լավրովի առաջարկի փաստը հետաքրքիր է, քանի որ Մոսկվան դրանով փաստացի ընդունում է, որ Սիրիայում չի կարողացել լուծել որեւէ էական հարց:

Ահա այդ ֆոնին էլ ուշագրավ է վերջին շրջանում նավթի գնի որոշակի աճը, որը վերջին ամիսներին առաջին անգամ անցել է մեկ բարելի դիմաց 50 դոլարից:

Չի բացառվում, որ դա Ռուսաստանին արվող ժեստն է՝ ի պատասխան մի շարք առանցքային կոնֆլիկտային հարցերում Կրեմլի դիրքորոշման մեղմացման, որն արտահայտվում է առնվազն հայտարարությունների տեսքով: Թեեւ Մոսկվան հայտարարում է, թե տնտեսությունը անցել է անկման պիկը, հասել հատակին ու արդեն ադապտացվում է պատժամիջոցներին, այդուհանդերձ իրականում ՌԴ տնտեսությունը գտնվում է բավական ծանր վիճակում, ինչը չի կարող չանդրադառնալ այդ պետության աշխարհքաղաքական կարողությունների վրա:

Ռուսաստանի աշխարհքաղաքական ձախողումներից մեկն էլ ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Ընդ որում, Ռուսաստանը ձախողվեց թե Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից: Հայաստանում նա ձախողվեց որպես դաշնակից՝ բացահայտելով այդ կարգավիճակի դատարկ եւ կեղծ բնույթն ու լիովին հակապատկերը, իսկ Ադրբեջանից էլ նա ձախողվեց ռազմական գործողությունների առումով, քանի որ ադրբեջանական բանակը չկարողացավ ճեղքել Արցախի պաշտպանությունը եւ ստիպել, որ Հայաստանն ու Արցախը շտապ կարգով դիմեն ՌԴ խաղաղապահների օգնությանը:

Միեւնույն ժամանակ, առկա իրավիճակում իհարկե առանցքային հարցը հայկական շահի տեսանկյունից այն է, թե վերջին օրերին նկատվող ռուսական հռետորաբանության փոփոխության «շղթայականության» պարագայում ինչ օղակ է հանդիսանում արցախյան հարցը: Ռուսաստանն այստեղ գնու՞մ է աշխարհքաղաքական զիջման, եւ ի՞նչ է դա ենթադրում:

Վիեննայի գործընթաը վկայեց, որ աճում է ԱՄՆ դերը: Ի դեպ, երբ Վիեննայից հետ Բաքուն անմիջապես ընդունեց Ռոգոզինին եւ փորձեց հետ կանգնել Վիեննայի պայմանավորվածություններից, Ալիեւին զանգարահեց ԱՄՆ փոխնախագահ Բայդենն ու Բաքվի վարքը նկատելիորեն փոխվեց: Դրանից հետո, Նադեժդա Սավչենկոյին վերադարձնելու ՌԴ իշխանության քայլին զուգահեռ, Ալիեւն էլ ազատ արձակեց Ազատություն ռադիոկայանի Ադրբեջանի ծառայության ձերբակալված լրագրող Հաջիդա Իսմայիլովային: Ուշագրավ է, որ ինչպես սպառազինության, այդպես էլ այդ հարցում ՌԴ-ն ու Ադրբեջանը գործեցին բավական սինքրոն:

Դրանից երկու օր առաջ Երեւանում էր Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքի հրամանատարը, որը Հայաստանի ՊՆ-ում քննարկել է երկկողմ գործակցության հարցեր, ինչպես նաեւ մտահոգիչ համարել առօրյա պատերազմում մարդկային մեծ կորստի հանգամանքը, կարծես ակնարկելով առանց այդ կորստի արդյունքի հասնելու իրատեսական հնարավորության մասին:

Իրավիճակը փոխվում է բավական արագ ու դինամիկ, դա արդեն նորություն չէ: Ինչպես նորություն չէ այն, որ այդ փոփոխությունների հանդեպ սուբյեկտային համարժեքության եւ դինամիկային համահունչ լայնաֆորմատ արդիականացման դեպքում այդ փոփոխվող եւ թեկուզ անկանխատեսելի իրավիճակը Հայաստանի համար բացում է զարգացման ու անվտանգության նոր հեռանկարներ:

Բայց այդ ընթացքում Հայաստանում իշխանությունն ու քաղաքական դասը շարունակում է «առանց կորստի» կառչած մնալ Մադրիդյան սկզբունքներից, Հայաստանի հնարավորությունը թողած՝ փնտրել սեփական հնարավորությունները, եւ իր առաքելությունն աշխարհում համարել միայն գլխով տմբտմբացնելը, գլխով այլ գործառույթ իրականացնելու՝ մասնավորապես ամեն մեկն իր լիազորության ու իրավասության շրջանակում ինքնիշխան քաղաքականության մասին մտածելու փոխարեն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20