Իշխանությունները կհրաժարվեն. կոռուպցիոն համակարգի բացահայտման սխեման

- in Սոցիալական
Dolar

Մարդկության առջև ծառացած մարտահրավերները բազմաթիվ են և բազմաբնույթ՝ տարածաշրջանային պատերազմներ, բնական աղետներ, կլիմայի փոփոխություն, սով Աֆրիկայում, աղքատություն Եվրասիական երկրներում, արտագաղթի մեծ ալիք դեպի Արևմտյան Եվրոպա, ահաբեկչություն և վերջապես կոռուպցիա ու օֆշոր:

Վերը հիշատակված հիմնահարցերը քննարկվում են ամենատարբեր մակարդակներում և ձևաչափերում:

Աշխարհի գերտերությունները, միջազգային կազմակերպություններն ու կառույցները, ՀԲ-ն և Արժույթի միջազգային հիմնադրամը լրջորեն քննարկում են կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը և ձևերը ու փաստում են, որ տարեկան 2 տրիլիոն ԱՄՆ դոլար գտնվում է ստվերում:

Երկրաշարժ տեսած և ապրած, ազգաբնակչության շուրջ 40% աղքատության ցուցանիշով Հայաստանի քաղաքացիներին այսօր մտահոգում է կոռուպցիայի դեմ իրական պայքարի դրսևորման արդյունքը:

Ահա այս խնդիրների նկատմամբ լրջագույն մոտեցում են ցույց տալիս նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մ.Միլսը և Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Եվրամիության պատվիրակության ղեկավարը օրերս բաց տեքստով հայտնեց, որ ՀՀ-ն կստանա ԵՄ-ի կողմից 15 մլն. Եվրո, եթե ցույց կտա կոռուպցիայի դեմ իրական պայքարի արդյունքները:

Իշխանությունները սովոր են իմիտացիայի միջոցով տպավորություն ստեղծել, որ ամեն մի համապետական ընտրությունից հետո մեկ քայլ առաջ ենք գնում, արտաքին պարտքը գտնվում է կառավարելի տիրույթում, իշխանությունը ժողովրդի հետ է, ամեն ինչ արվում է հանուն բանակի մարտունակության բարձրացման և վերջապես իշխանավորների գերակշռող մասը առայժմ օֆշորում չէ:

Սակայն այս անգամ խնդիրը ձևակերպված է հստակ՝ առավոտյան կոռուպցիայի դեմ իրական պայքար, երեկոյան 15 մլն. Եվրո, երեկոյան կներկայացվի պայքարի իրական արդյունքը՝ 15 մլն. Եվրոն կտրվի հաջորդ առավոտյան:

Եվրոպացի դիվանագետները ասում են՝ աչքս տեսնի ձեր պայքարի արդյունքը…

Կարծում եմ, Հայաստանի իշխանությունները շատ ժամանակ չեն ծախսի խնդիրը լուծելու համար:

15 մլն. եվրոն լուրջ գումար է, սակայն չպետք է մոռանալ, որ նրա տրամադրումը որոշակի պահանջներ է ներկայացնում: Բնականաբար ճիշտ է հաշվել՝ 15 մլն. Եվրոն բաշխելուց որքա՞ն ատկատ (откат) կարող է պարունակել և կոռուպցիան ի՞նչ հեռանկարներ ունի:

Ահա հենց այստեղ մերոնք կգերադասեն կոռուպցիան ազգային ավանդույթներով շարունակելու գործառույթները, քանզի այն ունի խոստումնալից ապագա և նպաստում է օֆշորին ու վերարտադրությանը:

ԵՄ-ն չի ցանկանում կոռուպցիայի արդյունքում տեսնել հիվանդանոցի սանիտարին տրված 1000 դրամի, դպրոցի ուսուցչուհուն տրված բոնբոներկայի, ՃՈ-ի տեսուչին տրված 5000 դրամի բացահայտումը: Նրանք ցանկանում են տեսնել կոռուպցիոն համակարգի բացահայտման սխեման, ատկատի ոլորանները, առանձին ոլորտներում համակարգված կոռուպցիոն աստիճանները և այլն:

Եվ արդյունքում ուզում են, որ տեսանելի լինի կոռուպցիայով հարստացած և բացահայտված անձանց ցուցակները:

Կարծում եմ, որ մերոնք միամիտ չեն, որ 15 մլն. Եվրոյով կուտը ուտեն…, կգերադասեն դրամաշնորհից հրաժարվելը:

Գառնիկ Վաղարշակյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20