Իրավիճակը բարդանում է

- in Մամուլ
Georgi Kutoyan

Ապրիլյան ռազմական գործողությունները եւ հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում հաստատված տնտեսա-քաղաքական համակարգը նեխել է եւ լիովին անհամարժեք է դարձել Հայաստանի ներկայիս խնդիրներին ու մարտահրավերներին:

Հայաստանի համար երկու առանցքային՝ անվտանգության ու սոցիալ-տնտեսական ոլորտներում բացթողումները երկիրը հասցրել են աղետի շեմին: Իշխանությունը խոստանում է բարեփոխումներ, սակայն մի կողմից կառուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի մասին հայտարարությունը, մյուս կողմից շփման գծում ստեղծված իրավիճակի մեկնաբանությունները ցույց են տվել, որ Հայաստանի իշխանությունն ընդունակ չէ գիտակցել հանրային-պետական խնդիրների ու մարտահրավերների ծավալն ու լրջությունը:

Այդ հայտարարություններն ու մեկնաբանությունները զավեշտալի կլինեին, եթե ողբերգական չլինեին հետեւանքների առումով: Կառավարությունը լրագրողներին ու լայն հանրությանն է հորդորում ցույց տալ կոռուպցիայի ու մենաշնորհների տեղը, նամակներ գրել: Կոչ է անում ապրանք ներկրել, խոստանալով չխանգարել, եւ մտադիր է ծախսերի օպտիմալացում կատարել կրկին հանրության հաշվին: Իսկ զինադաքդարի արդյունքում փաստացի հանձնված տարածքները իշխանության ներկայացուցիչները հռչակել են անկարեւոր ու ամայի:

Հայաստանի առջեւ երկու խնդիր է ծառացել՝ երկրի ներկայիս իրավիճակը եւ այդ իրավիճակին անհամարժեք իշխանությունը եւ քաղաքական դասը: Մի կողմում՝ Հայաստանն է իր խնդիրներով, մյուս կողմում իշխող տնտեսա-քաղաքական համակարգը՝ իր շահերով: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ շահերը լիովին հակամետ են:

Օրեցօր այս խզվածքը խորանում ու ահագնանում է իշխանության՝ միասնական լինելու վերաբերյալ զավեշտալի կոչերի ֆոնին: Վերջին շրջանի իրադարձությունները հասկանալի են դարձրել, որ այդ կոչերն ընդամենը սեփական դիրքերը փրկելու համար են: Վերափոխվելու, համարժեք դառնալու ոչ մի կոնկրետ քայլ ու ցանկություն: Միակ նպատակը, երեւում է, «կյանքը բնականոն հուն վերադարձնելն է», այսինքն վերադարձը նախկին իրավիճակին թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ:

Նման համակարգերը սովորաբար ուշ են զգում վտանգը, բայց զգալու դեպքում ընդունակ չեն լինում կանխել այն, իրենց գործողություններով ավելի խորացնելով իրավիճակը: Ներկայում հենց դա էլ տեղի է ունենում:

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20