Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. հոգևորականներ՝ խաչի և զենքի միջև

khach xach

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղում զինվորականներն առաջնագծում մատուռներ կառուցում: Ինչո՞ւ են հոգևորականները զենք վերցնում, և արդյոք հոգևորականը պե՞տք է կռվի զինվորի կողքին:

RFI-ի հատուկ թղթակիցը քառօրյա պատերազմից հետո մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ պարզելու համար, թե ինչ տեղ է զբաղեցնում կրոնը հայ-ադրբեջանական երկարամյա հակամարտության մեջ:

Երբ ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում քսան տարի տևած հարաբերական հրադադարից հետո վերսկսվեց զինված բախումը, զինվորականների հետ ճակատ մեկնեցին նաև հոգևորականները: «Հայ հոգևոր դասի հիմնական դերը այստեղ իր զինվորի համար աղոթելն է»,- ասում է 25-ամյա քահանա Սևակ Սարիբեկյանը: Առաջնագծում՝ հենց խրամատներում, կարելի է տեսնել զինվորների ձեռքով կառուցած փոքրիկ ժամատներ՝ ներսում խաչեր և սրբապատկերներ:

Արդեն մեկ տարի է, ինչ Սևակը ծառայում է Ջեբրայիլում. նա պարբերաբար դիրքեր է այցելում, որպեսզի շփվի զինվորների հետ:

«Պատերազմը հետք է թողնում մարդու հոգեբանության վրա: Երբ տղաներն առաջնագծում են, նրանք չեն մտածում սովի, ցավի մասին. բոլոր մտքերը միայն նրա մասին են, թե ինչպես պաշտպանեն սահմանը: Վերադարձից հետո մենք տեսնում ենք, որ այդ ամենը ազդել է նրանց բարոյահոգեբանական վիճակի վրա: Մենք այստեղ նաև հոգեբանի դեր ենք տանում»,- բացատրում է Սևակը:

Զինվորներն ասում են, որ հավատի մասին ամենից շատ մտածում են առաջնագծում, որտեղով կյանքի և մահվան սահմանն է անցնում: Եվ այսպես արդեն ավելի քան 20 տարի, որի ընթացքում պատերազմը չի դադարել, այլ միայն ձևերն է փոխել՝ դիպուկահարային, դիվերսիոն, լայնամասշտաբ… «Ժողովուրդը հոգնել է անընդհատ վտանգի մեջ ապրելուց. ոչ ոք չի ուզում համակերպվել պատերազմի հետ»,- ասում է քահանան:

Ապրիլյան պատերազմի ժամանակ այստեղ կարելի էր հանդիպել զենքը ձեռքին հոգևորականների: Դա հազվագյուտ երևույթ է, հատկապես երբ բոլորը առանց բացառության՝ սկսած զինվորականներից, վերջացրած քաղաքական գործիչներով, ընդգծում են, որ պատերազմը Ղարաբաղում ոչ թե հավատի, այլ տարածքի համար է:

Պատերազմի կրոնական բնույթի բացակայության մասին են վկայում այստեղ պահպանված մզկիթները և մահմեդականների գերեզմանները: «Պատերազմը՝ պատերազմ, բայց ուրիշի սրբավայրերը մենք չենք ավերում և չենք պղծում»,- ասում են զինվորները՝ ցույց տալով Աղդամում 19-րդ դարի կառույց մզկիթը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը բացատրում է, որ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հոգևորականների զինվորական ծառայության մասին որոշումը պետական մակարդակով ընդունվել է 1997թ.: Ծրագիրը չի նախատեսում հոգևոր դասի ներկայացուցիչների անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին, սակայն չի բացառվում, որ նման դեպքեր հաճախ լինեն:

«Երկար ժամանակ իշխում էր այն կարծիքը, որ 1915թ. եղեռնի ժամանակ հայերը կարող էին ավելի լավ պաշտպանվել, եթե հոգևորականները նրանց հնազանդություն և համբերություն չքարոզեին: Ես չեմ բացառում, որ այս երեսուն տարվա ընթացքում հոգևորականները ավելի հաճախ են միանում առաջնագծում կանգնած զինվորներին»,- ասում է ազգագրագետը:

Ի դեպ, Հայաստանի պատմության մեջ կարելի է նմանատիպ օրինակներ գտնել. պարսիկների դեմ մղած Ավարայրի ճակատամարտը 451թ., երբ հոգևորականները առաջին շարքերում կռվում էին հանուն հավատի, հայտնի է նաև, որ 1918թ. Սարդարապատում թուրքերի դեմ մղվող ճակատամարտում հոգևորականները նույնիսկ իրենց գունդն ունեին:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.