Խայտառակությունը շարունակվում է. ուր է պաշտպանության նախարարը

- in Մամուլ
Seyran Ohanyan

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երգիչ Արմենչիկը, որին մի քանի ամիս առաջ Գերագույն գլխավոր հրամանատարը Վաստակավոր արտիստի կոչում է շնորհել, նվերներ է բաժանում շարքով իրեն մոտեցող հայ զինծառայողներին: Արմենչիկը հայկական եռագույնը վզին գցած, Ձմեռ պապու կարգավիճակով նվերներ է հանձնում հայ զինվորներին, ինչ որ տոպրակներով:

Զինվորները, որոնց դողալով եւ վախով է մոտենում հակառակորդը, որոնց դեմ հակառակորդը համարձակվում է դուրս գալ միայն այն դեպքում, երբ ունի մեկին տասը քանակական առավելություն, որը նույնիսկ չի օգնում պարտության մատնել հայաստանցի զինվորին, շարքով մոտենում են ինչ որ վաստակավորի եւ նրա ձեռքից ինչ որ նվեր կամ օգնություն վերցնում:

Հայաստանցի օլիգարխներն ու առաջին պատերազմի վկայականով ֆեոդալները քիչ էին, մնացել էր, որ վաստակավոր արտիստները միավորներ հավաքեին հայ զինվորի հաշվին, նրա սխրանքի, հերոսության, արժանապատվության հաշվին:

Ո՞վ է Արմենչիկը, որ պետք է հայ զինվորը շարքով մոտենա նրան ու ինչ որ նվեր կամ օգնություն վերցնի նրա ձեռքից: Ու՞ր է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, որքա՞ն է շարունակվելու հայ զինվորի արժանապատվության հաշվին ինչ որ մարդկանց քարոզչությունը:

Թե՞ ոմանց հանգիստ չի տալիս այն, որ հայ զինվորն ու հրամանատարը դարձել են իրադրության տերը, նրանք են սահմանին իրենց գործողություններով թելադրում թիկունքի նիստուկացը, ու քանի որ նրանց գործողությունները որեւէ կապ չունեն թիկունքի այդ նիստուկացի հետ, որով ապրում է իշխող համակարգը, մնում է միայն այդօրինակ «բարեգործների» միջոցով զինվորին ու սպային ցույց տալ իրենց «իրական» տեղը:

Ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի հակագրոհը կասեցնելն ու հետ մղելը այն նվազագույնն է, որ արել են զինվորն ու սպան առաջնագծում: Նրանք կամա թե ակամա արել են շատ ավելի կարեւոր, համակարգային նշանակության քայլեր:

Նրանք գործնականում վերահիմնադրել են Հայաստանի Հանրապետությունը, փոխել են այդ հանրապետության կեղծ հիմքը, որ դրել են մի խումբ մարդիկ՝ շահարկելով Արցախի առաջին պատերազմի գործոնը, այդ պատերազմին իրենց մասնակցությունը կամ ներգրավվածությունը դարձնելով ամենազոր «անցաթուղթ» դեպի իշխանություն, այդ «անցաթղթով» յուրացնելով թե իշխանությունը, թե նյութական ռեսուրսները: Այդ համակարգը հուսով էր, որ երկրորդ պատերազմի վտանգը կլինի, իսկ պատերազմ՝ ոչ: Վտանգը նպաստավոր էր ներսում դրա շահարկման եւ «անցաթղթի» ժամկետի շարունակվող երկարաձգման համար:

Բայց, հույսը, ակնկալիքը չարդարացավ, պատերազմը եղավ եւ մի կողմից կասեցնելով հակառակորդին ու նրան պարտադրելով կանգնել, զինվորն ու սպան մյուս կողմից ակամա պատռեցին համակարգի դիմակը, «անցաթուղթը» հայտարարեցին ժամկետանց: Պարզ դարձավ, որ դրության եւ պետության տերը 18-20 տարեկան զինվորներն են ու նրանցից քիչ ավագ հրամանատարները, որոնք իրենց հերոսությամբ պահել են պետությունը, պետական արժանապատվությունը, ինքնիշխանության վերջին եւ բարակած թելը:

Այժմ իրավիճակը լուռ թելադրում են նրանք, եւ համակարգը անշուշտ հասկանում է այդ ամենը: Հասկանում է, ու դրա համար է ինտենսիվորեն լծվել տարատեսակ ֆեոդալ պաշտոնաթող գեներալների գովազդային արշավի, տարատեսակ օլիգարխների քարոզչության, իսկ այժմ նաեւ գործի է դրվել «վաստակավոր հրետանին», ամեն ինչ իր տեղը դնելու, իրերի դրությունը «ելման դիրք» վերադարձնելու համար, որպեսզի թելադրողը վերստին դառնա համակարգը, ոչ թե առաջնագծի զինվորն ու սպան:
Համակարգն ապրիլին կախվել է՝ համակարգչի նման: Այժմ կատարվում են «վերբեռնման» ինտենսիվ փորձեր, եւ ներգրավվել են իշխող համակարգի «բոլոր զորատեսակները»:

Դա չափազանց վտանգավոր խաղ է կրակի հետ, որը կարող է ավարտվել պետության համար անկանխատեսելի հետեւանքներով: Պետք է դադարեցնել այդ խաղը հայ զինվորի ու սպայի դեմ, եւ պետք է սկսել գործը այդ զինվորի ու սպայի համար: Որովհետեւ դա փաստացի գործ է նաեւ պետության համար, քանի որ այն, ինչ պետք է ներկայում առաջնագծում կանգնած զինվորին ու սպային, դա կարող է տալ միայն պետությունը՝ արդիական, մրցունակ, բոլոր ոլորտներում կենսունակ պետությունը:

Այն, ինչ պետք է զինվորին ու սպային, դա «տոպրակով օգնությունը» չէ, դա արժանապատիվ պետության առկայությունն է, որն ունենում է տարբեր դրսեւորումներ, բայց որոնց թվում որեւէ կերպ չի կարող լինել օգնության ոչ մի «տոպրակ» կամ ոչ մի «տոպրակի» օգնություն:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20