Ծուղակ քրեա-օլիգարխիայի համար

- in Մամուլ
Oligarxner Serj Lfik Samvel

Հայաստանի քրեա-օլիգարխիկ համակարգը հայտնվել է ծուղակում: Պատերազմը մի կողմից, արտաքին քաղաքական ու տնտեսական ճնշումները մյուս կողմից համակարգը հասցրել են փլուզման եզրին:

Պատերազմը վեր հանեց գողության մասշտաբներն ու համատարած անպատասխանատվությունը: Պարզվեց դա ոչ միայն ներքին ինչ որ լոկալ խնդիր է, այլեւ՝ անվտանգության հարց: Ընդ որում՝ նաեւ միջազգային անվտանգության հարց: Արտաքին գործընկերները կոռուպցիան հենց այդպես էլ սահմանել են, եւ քանի որ Հայաստանն առայժմ ջնջված չէ միջազգային քաղաքականության ասպարեզից, պահանջները դարձել են ավելի հստակ ու հասցեական:

Իշխանությունը ստիպված է հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որը գնալով զավեշտալի երանգներ է ստանում: Բանն այն է, որ Հայաստանում ոչ թե պարզապես կա կոռուպցիա, կոռուպցիոն երեւույթներ, այլ կոռուպցիան ինքը դարձել է համակարգ, իշխող համակարգի կառավարման ու գոյության հիմքը: Ըստ այդմ, խնդիրը հանգել է ոչ թե պարզապես ինչ որ ոլորտներում կոռուպցիան հաղթահարելուն, այլ համակարգի ապամոնտաժմանը:
Սա երեւում է արդեն ընկալվել է, եւ պատահական չէ, որ համակարգում իսկական իրարանցում է սկսվել: Այստեղ հասկացել են, որ կոսմետիկ, կամ հռչակագրային քայլերն արդեն չեն անցնելու: Այստեղից էլ՝ մեկը մյուսից անհեթեթ, տեղ-տեղ զավեշտալի հայտարարություններն ու խոստումները:

Խնդիրը բարդացել է նաեւ նրանով, որ հայկական կոռուպցիան ակնհայտորեն դարձել է միջազգային խնդիր: Աշխարհում տեղի է ունենում ապաօֆշորացում, եւ խնդիր է դրվում պարզել սեփականության «վերջնական տիրոջը», հաշվի առնելով, որ այդ հարստությունը ձեւակերպված է այլոց անուններով: Սովորաբար, այս ձեւով բացահայտվում ու «բռնագանձվում» են երրորդ երկրներից գողացված փողերը:

Հետեւելով Հայաստանի իշխանության քայլերին, հասկանալի է դառնում, որ իրավիճակի լրջությունը մինչեւ վերջ չի գիտակցվում: Սովորաբար, քրեա-օլիգարխիկ կամ բռնատիրական ռեժիմներն ինչ որ պահից դադարում են զգալ իրական վտանգը, իսկ երբ զգում են՝ արդեն ուշ է լինում:

Հայաստանի իշխող համակարգը ներկայում հենց այդ վիճակում է: Ոչ կարող են պայքարել կոռուպցիայի դեմ, ոչ էլ չպայքարել:

Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ իրենց հարստության ու սեփականության պահպանման միակ ապահով վայրը սեփական երկիրն է, որի բարօրության համար պետք է ներդրվեր ու աշխատեր նրանց փողը: Նրանք չստեղծեցին մեխանիզմներ, որ գոնե իրենց «երկրորդ միլիոնն» արդեն օրինական լիներ: Այդպես անօրինական դարձան նրանց բոլոր միլիոններն ու սեփականությունը, որը հնարավոր չի լինելու պահպանել:

Մյուս կողմից, տեսնելով, թե ովքեր են ներկայացնում հայկական քաղաքական-բիզնես «էլիտաները», այլ բան դրանցից հնարավոր չէր սպասել: Նրանց սպասվում է խիստ որոշակի ճակատագիր, քանի որ հանրությանը պարզ է դարձել, թե ով է երկրի թիվ մեկ թշնամին:

Հայկազն ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20