Կհրապարակվի Հայաստանի կոռուպցիոներների աղմկոտ ցուցակը

- in Իրավունք
Mard

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իշխանության պատասխանատվության շեշտադրումներում հակակոռուպցիոն պայքարի միջազգային գործընկեր հանդիսացող սուբյեկտները, օրինակ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, անում են ավելի ու ավելի հստակ եւ հասցեական հայտարարություններ:

Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, օրինակ, Գեղարքունիքի մարզում հանրության հետ հակակառուպցիոն քննարկումներում արել է ուշագրավ հայտարարություն, ասելով, որ Հայաստանում պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքար վերեւից ներքեւ: Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք արդյունավետ չի լինի ներքեւից վերեւ պայքարը՝ ուժեղացնելով քաղաքացիական հասարակության ինստիտուտները, Սվիտալսկին հայտարարել է. «Հայաստանի Հանրապետությունն ունի քաղացիական ուժեղ հասարակություն, նա կարողանում է բացահայտել բազմաթիվ չարաշահումներ, կոռուպցիոն տարրեր, հաջողությամբ պայքարել դրանց դեմ, սակայն շատ ավելի հաջողված կլինի վերեւից ներքեւ պայքարը, որն ավելի արդյունավետ ճանապարհ ենք համարում»:

Եվրամիության դեսպանը փաստացի պատասխանել է Հայաստանի իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե հասարակությունը խոսելով մենաշնորհների, կոռուպցիայի մասին, չի ներկայացնում բավարար փաստեր: Դա Հայաստանի իշխանության ավանդական հնարքն է: Երբ հանրությունը խոսում է մենաշնորհների, օլիգոպոլիաների, կոռուպցիայի դեմ անբավարար պայքարից, կոնկրետ քայլերի բացակայությունից, վարչապետը եւ նախարարները հայտարարում են, թե խոսեք փաստերով, ներկայացրեք փաստեր: Օրինակ, մայիսի 12-ին հրապարակված հակամենաշնորհային եւ հակակոռուպցիոն հայտնի հրովարտակում Հովիկ Աբրահամյանն առաջարկում էր փաստերն ուղարկել Դավիթ Հարությունյանի էլփոստին: Հետո էլ էկոնոմիկայի նախարարությունը քաղաքացիներին դիմեց էլփոստին փաստեր ներկայացնելու կոչով:

Եվ ահա Պյոտր Սվիտալսկին, որն այդ օրերին կառավարությանը զգուշացրեց կոնկրետ արդյունքի բացակայության դեպքում Եվրամիության հակակառուպցիոն 15 միլիոն եվրո դրամաշնորհից զրկվելու վտանգի մասին, մայիսի 19-ին հայտարարում է, որ քաղաքացիական հանրության ինստիտուտները ներկայացնում են բավարար փաստեր, օրինակներ, ահազանգեր, արդյունավետ կատարում են իրենց առաքելությունը, իսկ ահա վերեւները բավարար չափով չեն արձագանքում դրանց: Այսինքն, ներքեւում պայքարը կա, այն բացակայում է վերեւում:

Այլ կերպ ասած, Եվրամիության դեսպանը առավել պարզ ու հստակ նշում է, որ կառավարական հրովարտակը կապ չունի կոռուպցիայի դեմ իրական պայքարի հետ: Դա նաեւ նշանակում է, որ մի քանի օր առաջ արած հայտարարությամբ՝ կոնկրետ արդյունքի մասին, Սվիտալսկին կառավարությունից ակնկալել է առարկայական արձագանք: Թերեւս դրա բացակայությունն է, որ Եվրամիության դեսպանին ստիպել է մի քանի օր անց Գեղարքունիքի մարզում արտահայտվել առավել հասցեական եւ մատնանշել առկա բավարար փաստերի պարագայում վերեւների անբավարար աշխատանքը:

Հնարավոր է, որ հաջորդ քայլն արդեն կլինեն անուններն, ու Եվրամիությունն ըստ երեւույթին Հայաստանի կառավարությանը կոնկրետ հակակոռուպցիոն աշխատանքի բերելու համար ստիպված կլինի խոսել կոնկրետ անուններով, կամ անձանց ցուցակով, ու դրանք ուղարկելով ոչ թե որեւէ էլփոստի, այլ դնելով հրապարակում:

Բացառված չէ նաեւ, որ Պյոտսր Սվիտալսկու նոր եւ առավել կոնկրետ հայտարարության խթան եղել է նախօրեին ԱԺ կառավարություն հարցուպատասխանը, մասնավորապես Արամ Մանուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի շփման դրվագով: ՀԱԿ խմբակցության քարտուղարը հայտարարել էր, թե Հայաստանի կոռուպցիոներների առնվազն կեսը կառավարությունում ու Ազգային ժողովում են, Հովիկ Աբրահամյանը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում հանրությունից էլ ի՞նչ է ուզում:

Դրան ի պատասխան, Աբրահամյանը հայտարարել էր, թե այդպես խոսում են միայն տեսախցիկների առաջ ինքնացուցադրվելով, իսկ ինքն առաջարկում է առանց տեսախցիկների նստել եւ կոնկրետ գործից խոսել: Հայաստանի իշխանությունը պաթոլոգիկ վախ ունի տեսախցիկներից, դա նույնիսկ ենթակա չէ ավելորդ մեկնաբանության: Որովհետեւ իշխանության աշխատանքի մեթոդները որեւէ կերպ համահունչ չեն այն հակակառուպցիոն հայտարարությունների տրամաբանությանը, որ հենց իշխանությունն է հնչեցնում տեսախցիկների առաջ:

Դրա համար էլ Հովիկ Աբրահամյանն առաջարկում է խոսել առանց տեսախցիկների: Ինչ է դա, եթե ոչ կոռուպցիայի առաջնային նախադրյալ: Կգնա դրան որեւէ քաղաքական ուժ, գործիչ, թե չի գնա, այլ հարց է:

Բայց Եվրամիության դեսպանը փոխանցում է կարծես թե հստակ ազդակ, որ Եվրամիությունը մտադիր չէ գնալ կուլիսային մեթոդաբանությանն ընդառաջ, եւ եթե անգամ իշխանությանը հաջողվի քաղաքական ուժերի ստվերային աջակցության հասնել ու դրանով հերթական անգամ քողարկել ու լղոզել պատասխանատվությունը, ապա այդ իրողությունների ծավալմանը զուգահեռ, Եվրամիությունը կարող է ծավալել հակառակ գործունեություն, իրականացնելով տնտեսա-քաղաքական կոռուպցիայի արդեն հստակ անվանականչ:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; lragir.am

Spread the love