Կրկնօրինակում – «գողություններն» այնքան բնական երևույթ են դարձել

Երևանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանի հետ զրուցում ենք ներքին շուկայում ոսկերիչների արտադրանքի, նոր մոդելների շուրջ մրցակցության և գնային քաղաքականության մասին:

— Պարոն Գրիգորյան, Հայաստանյան ներքին շուկայում տպավորություն է, որ մրցակցությունը հիմնականում նոր մոդելների ստեղծման և յուրացման մեջ է: Միևնույն ժամանակ նկատելի է, որ Երևանի ոսկերչական գործարանի արտադրանքը փոքր-ինչ ավելի թանկ է, սակայն` հեղինակավոր: Մրցակցությունը նոր մոդելների հարցում որքանո՞վ է քաղաքակիրթ, և ինչո՞վ է պայմանավորված ԵՈԳ-ի արտադրանքի գնային տարբերությունը:

— Ընդհակառակը` մեր գործարանի արտադրանքի գները անհամեմատ ցածր են: Աննշան բարձրությունն առանձին զարդերի հարցում պայմանավորված է այն հանգամանքով, որ գնորդը գիտի, թե ումից է գնում և Երևանի ոսկերչական գործարանի արտադրանքը գնում է նա, ով որակն է գնահատում:

Ամենակարևորը` Երևանի ոսկերչական գործարանն աշխատում է ինովացիոն դաշտում: Մեր ամեն մի նոր ստեղծված իրը, ամեն մի հարգը, ամեն մի նոր լեգերացումը կապված են խորը, գիտական ուսումնասիրությունների հետ: Մեզ մոտ և´ մետալուրգիայի, և´ ինժեներ մեխանիկների գծով աշխատում են երկու գիտությունների թեկնածուներ, լուծումները տալիս ենք ինժեներական բարձր մակարդակով և դրա համար պատասխանատվություն կրում: Մենք արտադրում ենք ժամացույցների համար իրեր, որոնք տեխնիկապես բարդ մեխանիզմներ են:

Երևանի ոսկերչական գործարանում փակ ցիկլով աշխատանքային, արտադրական պրոցես է` սկսած ոսկու մաքրումից, ավարտած` ոսկյա զարդով: Մեր ոսկերիչները, տեխնիկական կադրերը լուրջ կադրեր և անհատականություններ են` յուրաքանչյուրն իր ոլորտում, ուստի` համապատասխանաբար բարձր վարձատրվում են: Ճիշտ է, ոսկերչությունը փոքր և միջին ձեռնարկատիրության արտադություն է համարվում, սակայն մեզ մոտ մեծ ձեռնարկության կանոնակարգով են ընթանում աշխատանքները: Մեզանից բացի` ոչ մի այլ ձեռնարկություն չունի տեխնիկական, արտադրական, լաբորատոր բաժիններ, համապատասխան պայմաններ` օգտագործաված գործիքը սրելու, նորոգելու, ինչպես նաև` նոր տեխնոլոգիական պրոցեսներ ներգրավելու համար: Մենք ստանդարտ միևնույնի արտադրություն չենք իրականացնում, այլ անընդհատ նոր տեսականի, նոր ուսումնասիրություններ ենք կատարում, ունենք մարքետինգի լուրջ բաժին, որտեղ ուսումնասիրում են շուկաներն ու ներքին շուկայում տիրող իրադրությունը: Սրանք բոլորն ինքնարժեքի բարձրացման աղբյուրներ են: Ընդհուպ` վերջին 2 — 3 տարիների ընթացքում Երևանի ոսկերչական գործարանն առանց շահույթի է աշխատում` պահպանելով կադրային բազան, որոնց կորցնել չի կարելի: Բացի այդ, մենք սերընդափոխությունն ենք ապահովում, ինժեներների վերցնում մագիստրատուրայից և սովորեցնում մինչև որ կդառնա լիարժեք մասնագետ, որի համար 2 — 3 տարի ժամանակ է անհրաժեշտ, այդքան ներդրում ենք կատարում կադրային բազայի վրա:

Ինչ վերաբերում է նոր մոդելների շուրջ մրցակցությանն ու դրա քաղաքակրթությանը. նոր մոդելների կրկնօրինակում — «գողություններն» այնքան բնական երևույթ են դարձել, որ արդեն շատ քիչ ենք անհանգստանում: Եթե ստեղծում ենք շատ լուրջ նորեր, ապա պատենտավորում ենք և պաշտպանում բոլոր իրավունքները, իսկ ընդհանուր առմամբ` այդ խնդիրը կարգավորում ենք նոր զարդերի շատ ստեղծումով, որպեսզի չհասցնեն կրկնել ու կրկնօրինակել այն ժամանակահատվածում, երբ կկազմակերպենք նորի ակտիվ առևտուրը:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ.

Էմիլ Գրիգորյան. «ԵԱՏՄ մտնելու արդյունքում ռուսական շուկան կտրուկ նվազել է»

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.