Հայաստանը համաձայնվե՞լ է փուլային տարբերակին

- in Մամուլ
Serzh Aliyev

Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ մայիսի 16-ին Վիեննայում նախագահների հանդիպման ժամանակ Ադրբեջանը չի միացել ամփոփիչ հայտարարությանը:

Այլ խոսքով, Ադրբեջանը համաձայն չէ Ղարաբաղում հետաքննության մեխանիզմների, սարքավորումների տեղադրմանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը:

Վիեննայի հանդիպումից 10 օր է անցել, եւ Նալբանդյանը միայն հիմա է հայտարարում այդ մասին: Փորձագետներն ասում են, որ Նալբանդյանի «անկեղծությունը» կարող է կապված լինել այն բանի հետ, որ Ադրբեջանը հրաժարավել է ոչ միայն հայտարարության ստորագրությունից, այլ նաեւ ավելի վաղ ընդունված, չբարձրաձայնված պայմանավորվածություններից:

Մասնավորապես, դա վերաբերում է այսպես կոչված կարգավորման փուլային տարբերակին, որն առաջին փուլում նախատեսում է որոշակի տարածքներից հայկական ուժերի դուրսբերում, իսկ երկրորդ փուլում՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղղությամբ ինչ որ քայլեր:

Հայաստանը երկար տարիներ չէր համաձայնվում այդ ծրագրին, սակայն վերջերս Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը ցանկանում է «փաթեթային ծրագրի փուլային իրականացում»:

Արդյոք Հայաստանն արդեն սկսել է առաջին փուլի կատարումը՝ հայկական զորքերը «դուրս են բերվել» 800 հեկտար տարածքից, որը, Սերժ Սարգսյանի խոսքով, հայկական կողմն անհրաժեշտ չի համարում վերադարձնել ապրիլյան պատերազմում կորցնելուց հետո:

Հայաստանն արել է առաջին քայլը, եւ Սերժ Սարգսյանը, չնայած այդ քայլի բարդությանը, գնացել է Վիեննա, որ պայմանավորվի «երկրորդ» քայլի շուրջ: Հնարավոր է, Հայաստանի ղեկավարությանը հավաստիացրել են, որ եթե Հայաստանը համաձայնվի առաջին փուլին, ապա Ադրբեջանը որոշակի հայտարարություններ կանի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչելու համար:

Սակայն Ադրբեջանը կարծես թե չի պատրաստվում երկրորդ քայլն անել, եւ հիմա Էդվարդ Նալբանդյանը ստիպված է խոստովանել, որ Բաքուն ստացել է 800 հեկտար՝ դրա դիմաց ոչինչ չտալով:

Նախնական պայմանավորվածությունը սահմանափակվե՞լ է 800 հեկտարով, թե՞ հայկական կողմը «փչացրել է» լավ մտածված ծրագիրը եւ թույլ չի տվել «կլորացնել» թիվն Աղդամի ուղղությամբ: Ադրբեջանը պահանջում է բոլոր տարածքնե՞րը, որ միայն դրանից հետո անցնի «երկրորդ փուլին»:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ստորագրել Վիեննայի հայտարարությունը, որովհետեւ դժգոհ է ապրիլին ձեւավորված ստատուս-քվոյից եւ «առաջին փուլից»: Ադրբեջանն ավելի շատ է պահանջում, սակայն Հայաստանն ինչու՞ չի ստորագրել հայտարարությունը: Արդյոք դա կապված է դիվանագիտական ձեւաչափի հետ, թե՞ Հայաստանին նույնպես ձեռնտու չէ ստեղծված ստատուս-քվոն:

Հայաստանում է գտնվում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նա արդեն քննարկումներ է անցկացրել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ: Ընդ որում, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, Սեյրան Օհանյանն աջակցել է ԵԱՀԿ դիտարկման մեխանիզմների ներդրմանը, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ Կասպշիկի գրասենյակի ընդլայնմանը:

Հայաստանի ԱԳՆ-ն ցանկանու՞մ է կարգավորման մեխանիզմներ ներդնել Ղարաբաղում: Եթե այո, ապա ԱԳՆ-ն մտադի՞ր է միակողմանիորեն կոչ անել ԵԱՀԿ-ին հայկական կողմից մեխանիզմներ տեղակայել: Թե՞ Ռուսաստանի ԱԳՆ հետ խորհրդակցություններում Էդվարդ Նալբանդյանը մեխանիզմների ներդրումը տորպեդահարելու առաջադրանք է ստացել:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20