Հայաստանը մտադիր է մտնել ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածք

- in Տնտեսական
Zvartnoc odanavakayan

Հայաստանի կառավարությունը քննարկում է Եվրամիության ընդհանուր ավիացիոն գոտի մտնելու հարցը, երկուշաբթի օրը հայտարարել է երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանը` Qatar Airways ընկերության կոմերցիոն տնօրեն Հյու Դանլիվիի հետ հանդիպման ընթացքում: 

Qatar Airways-ը երկուշաբթի իրականացրել է Երևան-Դոհա առաջին չվերթը: Ինչպես նշել է Դանլիվին Աբրահամյանի հետ զրույցի ընթացքում, Դոհա-Երևան-Դոհա չվերթերը կկատարվեն շաբաթը չորս անգամ: Նրա խոսքով` Qatar Airways-ի շնորհիվ Հայաստանը կապ կհաստատի աշխարհի ավելի քան 150 քաղաքների հետ:

Ինչպես նշում է կառավարության մամլո ծառայությունը, Աբրահամյանը ընդգծել է Հայաստանում քաթարյան ավիաընկերության ներկայության կարևորությունը: «Դա կարող է նպաստել Հայաստանի և Քաթարի միջև տնտեսական համագործակցությանը, այդ թվում զբոսաշրջության ոլորտում ակտիվացմանը և զարգացմանը»,- ասել է վարչապետը:

Նա հայտնել է, որ երկրի կառավարությունը վերանայել է առկա օրենսդրական բազան` կապված ավիածառայությունների ոլորտի, ավելի քան 20 պետությունների հետ: Չինաստանի հետ համաձայնության վերանայումը կավարտվի մոտակա ժամանակներում:

Դանլիվին նշել է, որ ապագայում պլանավորվում է ընդլայնել Հայաստանում ավիաընկերության գործունեությունը, որը կնպաստի հայ-քաթարական երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության խորացմանը և ընդլայնմանը:

Spread the love