Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Վիեննայում կհանդիպեն մայիսի 16-ին

- in Պաշտոնական
Sergey Lavrov

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ինչպես ակնկալվում է, կմասնակցեն մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը:

Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտարարել է. «Նման հանդիպում պատրաստվում է: Քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը»:

Ավելի վաղ ռուսական RIA Novosti-ի դիվանգիատական աղբյուրը հաստատել էր մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ միասին մասնակցել մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը:

«Հաջորդ շաբաթ Վիեննայում պլանավորված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Պլանավորված է նաև, որ դրան մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, արտգործնախարարները»,- ասել է Զախարովան:

Զախարովան ընդգծել է, որ խոսքը հենց պլանների մասին է. «Մենք կհայտնենք, երբ կլինեն ստույգ պայմանավորվածություններ ու ժամկետներ: Ռուսաստանը հուսով է, որ հանդիպումը նպաստելու է տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը:

Ներկայումս այդ պլաններ ակտիվորեն մշակվում են: Մենք ելնում ենք նրանից, որ նման հանդիպումը կարող է և պետք է նպաստի հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը, և բնականաբար պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի բանակցային գործընթացի վերսկսման համար, որն ուղղված կլինի համապարփակ կարգավորմանը հասնելուն»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20