Հայաստանի պատասխանը Ռուսաստանին

- in Մամուլ
Arm Rus

«Վրաստանն ինքնիշխան պետություն է եւ ինքն է ընտրում իր ռազմական գործընկերներին», հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն:

Մայիսի 6-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, թե Վրաստանում Noble Partner 2016 (Բարձր մակարդակի համագործակցություն) զորավարժությունը սադրանք է եւ միտված է ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում:

Զորավարժությունները տեղի են ունենալու մայիսի 11-26-ը Վրաստանի Վազիանի ռազմական բազայում, որին մասնակցելու են 1300 զինվորներ Վրաստանից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից, կիրառվելու են ամերիկյան Abrams տանկեր եւ Bradley հետեւակային մարտական մեքենաներ:

Վրաստանի պատասխանն արժանապատիվ, ինքնավստահ պետության պատասխան է: Վրաստանն ինքնիշխան պետություն է եւ ինքն է ընտրել իր ռազմական գործընկերներին: Վրաստանում չեն մոռացել եւ երբեք չեն ների ռուսական ներխուժումը 2008-ին: Բացի այդ, Վրաստանն ընտրել է իր բնական քաղաքակրթական միջավայրը, պոկվելով մի միջավայրից, որն ինքը չէր ընտրել, այլ բռնակցվել էր իր կամքին հակառակ:

Վրաստանի որոշումը սադրանք որակելու փոխարեն Ռուսաստանը գուցե մտածեր՝ ինչու են իրենից փախչում իր նախկին արբանյակները, ինչու են ընտրում ոչ թե իրեն, այլ ուրիշներին: Ինչու են ուրիշներին ընտրում, իսկ ինքը ստիպված է իր ազդեցությունը պահել կացնային մեթոդներով:

Հայաստանն առայժմ նման պատասխան չի տալիս: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի ներկայիս ԱԳՆ-ն ներկայիս ղեկավարով երբեւէ այդպիսի հայտարարություն անի, այն դեպքում, երբ Ռուսաստանի քաղաքականությունն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի, քան Վրաստանի հանդեպ:

Ավելին, «ինքնիշխանություն» բառի վրա կարծես թե տաբու է դրված, եւ պետական կառույցները, իշխանական-քաղաքական դասն այդ բառը չի օգտագործում, վախենալով Մոսկվային բարկացնելուց: Սերժ Սարգսյանն է իր ճառերից մեկում օգտագործել այդ բառը, երբ քաղաքական ուժերին բացատրում էր այն պայմանները, թե որ դեպքում կարող են հավակնել պետական իշխանության մաս կազմելուն:

Ավելին, հայկական քաղաքական դասի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինքնիշխանության դիրքերից հանդես եկողներին անվանեց մարգինալներ: Զավեշտալի է, չէ՞, իրեն անկախ պետության հիմնադիր նախագահ անվանողն ինքնիշխանության դիրքերից հանդես եկողներին անվանում է մարգինալներ:

Սակայն ժամանակները փոխվել են, իրողություններն այնպիսին են, որ նույնիսկ ռուսական ագենտուրան Հայաստանում դժվարանում է այլեւս արդարացնել Ռուսաստանի քաղաքականությունը: Ամեն ինչ պարզվել է, պատռվել են դիմակները, այլեւս ոչ ոք ոչինչ չի թաքցնում:

Հայաստանը մինչ օրս պարտաճանաչ կատարում է թե իր դաշնակցային պարտավորությունները, թե Ռուսաստանի մյուս բոլոր պահանջները, որոնք հակասում են Հայաստանի շահերին: Հայաստանն, ի տարբերություն Վրաստանի, «ընտրել» է մի միջավայր, որը թշնամական է հայկական շահերին: Հիմա արդեն իշխանության ներկայացուցիչներն են խոստովանում, որ դա փաստացի եղել է հարկադրված քայլ, այն է՝ շանտաժի արդյունքում:
Այս առումով, իշխանությունը ներկայում հայտնվել է փակուղում եւ կարծես թե քայլեր է անում դրանից դուրս գալու համար, հայտարարություններ անելով Հայաստանի ինքնիշխանության դիրքերից, ավելի ճիշտ՝ առայժմ ակնարկներ, օրինակ՝ ԼՂՀ-ն ճանաչելու մասին: Վերջին տարիներին նկատելի է, որ ինքնիշխանության, սեփական շահերից բխող թեկուզ կիսատ հայտարարություններն իսկական փոթորիկ են առաջացնում Մոսկվայում, նույնիսկ խուճապ, ինչպես ասել էր Լավրովը:

Ի տարբերություն քաղաքական դասի, Հայաստանի ժողովուրդն իր բանակով վերջնականապես ինքնորոշվեց ապրիլյան ռազմական գործողություններից հետո: Հայ զինվորն ու սպան մարտի դաշտում տապալեցին ռուս-ադրբեջանական ծրագիրը: Դա Հայաստանի ինքնիշխան, արժանապատիվ պատասխանն էր Ռուսաստանին ու նրա վարած քաղաքականությանը: Հայաստանը ճիշտ է չհաղթեց, քանի որ մի ոտքով դեռ ռուսական ծիրում էր, բայց Ռուսաստանի հովանավորած Ադրբեջանը պարտվեց:

Երբ Հայաստանն արդեն երկու ոտքով դուրս գա ռուսական ծիրից, հաղթելու է եւ վերջ է դնելու մեզ պարտադրված պատերազմին: Այդ պահն արդեն մոտեցել է, եւ դա անխուսափելի է: Դա պետք է հասկանա քաղաքական դասը, քանի որ ինքն է վաղուց հայտնվել մարգինալ՝ հայկական շահերին անհամարժեք վիճակում:

Հայկազն ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20