Հայաստանի սենսացիոն քայլը

- in Մամուլ
Nato

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում, դրա համար ենք մտել ՀԱՊԿ: «25 տարվա ընթացքում Արևմուտքը Հայաստանի համար այլընտրանքային անվտանգային առաջարկություն չի արել»,- ասել է նա:

Աշոտյանի այս հայտարարությունը տարբեր շրջանակներում մեկնաբանվեց որպես սենսացիոն եւ «սխալի խոստովանություն», քանի որ տարիներ շարունակ ներկայացվում էր, թե ՀԱՊԿ-ը մեր անվտանգության երաշխիքն է, այդ պատճառով ենք մտել: Սակայն, քաղաքականությունից քիչ թե շատ մոտ որեւէ մեկը երբեք չէր պնդի, որ ՀԱՊԿ-ը անվտանգության համակարգ է եւ ընդունակ է կատարել այդ գործառույթը: Այս հանգամանքը հատկապես վառ է դրսեւորվել Հայաստանի պարագայում, եւ հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո այլեւս որեւէ փաստարկ չի մնացել՝ հիմնավորելու ընդհանրապես պրո-ռուսական բլոկներին Հայաստանի մասնակցության նպատակահարմարությունը:

Հիմա երեւում է իշխանությունը փորձում է այլ «փաստարկ» գեներացնել՝ ՆԱՏՕ-ն ու Արեւմուտքը մեզ ոչինչ չեն առաջարկել անվտանգության առումով: Առաջին հայացքից թվում է թե այդպես է, սակայն նման բան հայտարարել կարող է կամ քաղաքականությունից լիովին հեռու մեկը, կամ էլ զուտ քարոզչական խնդիր լուծողը:

Իրականում, Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն Հայաստանի անկախությունից ի վեր, այդ թվում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ լուծել են կարեւոր մի խնդիր՝ Թուրքիայի ռազմական եւ այլ բնույթի միջամտության բացառումը: Հայերին միշտ փորձել են ներշնչել, թե այդ խնդիրը լուծում է Ռուսաստանը, սակայն քաղաքականությունից քիչ թե շատ մոտիկ մարդիկ գիտեն, որ դա անհնար կլիներ առանց Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի: Ռուս-թուրքական հարաբերությունների վերջին շրջանի զարգացումները դրա լավագույն դրսեւորումն են:

Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ գլոբալ անվտանգությունը ներկայում հիմնված է հենց Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի սահմանած չափանիշների ու սկզբունքների համակարգի վրա, եւ թե Ռուսաստանը, թե Հայաստանը, ուզեն թե չուզեն, գտնվում են այդ համակարգում: Այդ համակարգն է հնարավոր դարձրել հայկական զինուժի հաղթանակը Ղարաբաղի առաջին պատերազմում, այն դեպքում, երբ նույն Ռուսաստանը Ադրբեջանի կողմից երկու պատժիչ արշավ է ձեռնարկել հայերի դեմ:

Կան բազմաթիվ այլ հանգամանքներ, որոնց մասին չի խոսվում տարբեր պատճառներով: Գուցե իսկապես չարժե խոսել, մյուս կողմից, սակայն, չի կարելի նաեւ խեղաթյուրել քաղաքական իրողությունները: Հատկապես ներկայում, երբ հայ հանրության համար բացահայտվել են բազմաթիվ քաղաքական իրողություններ:

Այս ֆոնին, Արմեն Աշոտյանի հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ բացահայտում է Հայաստանի տարբեր ժամանակների իշխանությունների բնույթը: Բանն այն է, որ իշխանությունը, ընտրելով պրո-ռուսական բլոկները, լուծել է ոչ թե Հայաստանի, այլ սեփական անվտանգության խնդիրները: Այդ ընտրությունը լիովին համահունչ է եղել նրա բնույթին ու մոտիվացիային նաեւ այլ տեսանկյունից:

Բանն այն է, որ պրո-ռուսական ու արեւմտյան բլոկների մեջ կա էական տարբերություն: Եթե առաջինը տարբեր ռեժիմների մակաբուծելու եւ պատասխանատվությունը ներքին ու արտաքին խնդիրների համար այլոց վրա գցելու հնարավորություն է, որից էլ օգտվում է Մոսկվան իր ծրագրերն իրականացնելու համար, ապա արեւմտյան բլոկները ենթադրում են լիովին այլ, հակառակ իրավիճակ: Այստեղ ոչ ոք չի կարող մակաբուծել եւ դառնալ անվտանգության սպառող, այստեղ պահանջվում է մասնակցայնություն, ներքին տնտեսա-քաղաքական համակարգի ռեֆորմացիա, միջազգային որոշակի դերի ու պատասխանատվության ստանձնում:

Կարծում ենք, այսքանից հետո հասկանալի է, թե ինչու են Հայաստանի տարբեր տարիների ռեժիմներն ընտրել պրո-ռուսական բլոկները, ինչը Հայաստանը խոցելի է դարձրել անվտանգության, սոցիալ-տնտեսական զարգացման եւ մյուս ոլորտներում:

Իրականում, Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն բազմաթիվ առաջարկներ են արել Հայաստանին, օրինակ Եվրամիության հետ ասոցիացիան, որոնք Ռուսաստանի պահանջով մերժվել են: Չթվարկենք այդ առաջարկները, այդ մասին շատ է գրվել: Այստեղ արժե նշել, որ չնայած Հայաստանի այս պահվածքին, Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն շարունակում են առաջարկներ անել Հայաստանին, հասկանալով նրա դրությունը:

Հայաստանին ներկայում առաջարկվել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր ծրագիր: Այն քննարկվելու է առաջիկայում Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի վեհաժողովին: Եթե Հայաստանն ընդունի այդ առաջարկը՝ դա կլինի իսկապես սենսացիոն քայլ՝ ուղղված Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացմանն ու միջազգային հեղինակության բարձրացմանը: Խնդիրն անդամակցությունը չէ, ներկայում եւ տեսանելի ապագայում այդպիսի հեռանկար չկա, այլ համագործակցության նոր մակարդակը: Կկատարի՞ այդ քայլը Հայաստանը:

Հայկազն ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20