Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը չդարձավ բեկումնային կամ ձախողում

Adrbejan

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը չդարձավ բեկումնային կամ ձախողում, քանի որ կողմերը հավատարիմ մնացին իրենց դիրքորոշումներին:

«Նախօրեին Հայաստանը պահանջում էր ամրապնդել հրադադարի ռեժիմը, ներդնել միջադեպերի հետաքննման մեխանիզմ, ինչն էլ իր արտացոլումը գտավ հանդիպման արդյունքներով միջնորդների համատեղ հայտարարությունում:

Միևնույն ժամանակ, Երևանին չհաջողվեց երաշխիքներ ստանալ Ադրբեջանի կողմից ուժ չկիրառելու մասին: Դատելով փոխզիջումներին կողմերի պատրաստակամության և փուլային կարգավորմանը անցում կատարելու անհրաժեշտության մասին Սերգեյ Լավրովի հայտարարություններից՝ միջնորդներն ընդունել են առարկայական բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին Ադրբեջանի դիրքորոշումը:

Հետագայում Ադրբեջանը պետք է հասնի այդ փուլայնության ժամանակավոր շրջանակների սահմանմանը: Այսինքն՝ բանակցությունները չեն կարող անվերջ տևել և շարունակվել ևս 22 տարի:

Անցած երկու տասնամյակում դիտարկվել է մի քանի տարբերակ՝ փուլային, փաթեթային կարգավորում, «ընդհանուր պետության» տարբերակ, «Մադրիդյան սկզբունքներ» և դրանց ենթատեսակը՝ «Կազանյան բանաձևի» տեսքով:

Հազիվ թե միջնորդները կարողանան հնարել ինչ-որ նոր բան: Դրա համար էլ պետք է կենտրոնանալ առկա մշակումների վրա, որոնցից առավել հարմարը «Մադրիդյան սկզբունքներն» են, որոնք հաշվի են առնում Մինսկի խմբի նախորդ բոլոր առաջարկների տարրերը»:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.