Հայաստանում բացվել է Եվրոպական ակումբը

- in Հրապարակ
Hayastan EM

Մայիսի 3-ին Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել Եվրոպական ակումբի բացումն ու առաջին քննարկումը:

Եվրոպական ակումբը ստեղծվել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ: Եվրոպական ակումբի նպատակն է համախմբել հայկական և եվրոպական համալսարանների և հետազոտական կենտրոնների գիտնականներին և փորձագետներին՝ մասնավորապես Հայաստանում միջազգային և տարածաշրջանային քաղաքականությունների, ինչպես նաև ԵՄ քաղաքականության վերաբերյալ առողջ քննարկումներն և բանավեճերը խթանելու և անցկացնելու նպատակով: Որպես բանախոսներ՝ քննարկումներին հրավիրվելու են հայտնի փորձագետներ: Քննարկումները տեղի են ունենալու «Չատամ Հաուսի» կանոններով՝ փակ քննարկման ձևաչափով:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունել է Եվրոպական ակումբի ստեղծումը: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ու շնորհավորել Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնին այս գաղափարն առաջ տանելու ու ակումբը հիմնելու համար: ԵՄ-ն կաջակցի ձեզ, և մենք լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը կտա իր իրական արդյունքները: Դա վերաբերում է ոչ միայն մասնակիցներին, մասնավորապես երիտասարդներին, այլև հայ փորձագետներին ու հասարակությանը: Մենք հույս ունենք, որ սա կդառնա ազատ քննարկումների լավ հարթակ: Այստեղ մենք կխուսափենք էմոցիաներից, պրոպագանդայից և կխոսենք ռեալ և ռացիոնալ փաստարկներով: Ակումբն իր մեկնարկը տվեց ոչ հեշտ թեմայի քննարկմամբ, որը նվիրված է Ռուսաստանին և ԵՄ-ին: Այս հարցը հավելյալ նշանակություն ունի Հայաստանի համար, սակայն, կարծում եմ, որ նման մեկնարկը շատ լավ է»:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանն իր ելույթում արձագանքեց դեսպանի խոսքին: «Ես նախ ցականում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանում Եվրոպական ակումբի ստեղծման առիթով, որի նպատակն է մեկ տեղում հավաքել Հայաստանի պայծառ մտքերը՝ ներառելով կառավարության անդամներին, դիվանագետներին, փորձագետներին, լրագրողներին, ուսանողներին` քննարկելու, բանավիճելու և գտնելու կենսական հարցերի պատասխանները: Ակումբը հիմնադրվել է ԵՄ-ի տեխնիկական և գաղափարական աջակցությամբ, և ես ուզում եմ հատուկ շնորհակալություն ասել դեսպան Սվիտալսկիին՝ իր անձնական և արժեքավոր ներդրումն այս հարթակի ստեղծման հարցում ունենալու համար: Մենք պլանավորում ենք այս տարի ունենալ 7 նիստ, որոնք նվիրված կլինեն շատ տարբեր թեմաների` միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում, ԵՄ-Իրան հարաբերություններ և այլն»:

Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի համակարգող Վլադիմիր Մորոզովը և Լեհ-ուկրաինական համագործակցության հիմնադրամի տնօրեն Յան Պեկլոն ներկաների հետ փոխանակել են կարծիքներ, պատասխանել նրանց հարցերին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հետազոտողներ, փորձագետներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20