Հայաստանում Մոսկվայի ամենամեծ խնդիրը

- in Մամուլ
Arm Rus

Հայաստանում դեռեւս կան մարդիկ, ում բարոյականությունն ու նկարագիրը թույլ է տալիս ասել, թե ճիշտ է՝ Ռուսաստանն Ադրբեջանին սպառազինություն է տրամադրել, բայց չէ՞ որ Հայաստանն էլ դրանով զինված ադրբեջանական գրոհը դիմագրավել է ռուսական սպառազինությամբ:

Դա իհարկե «տեսության» ամբողջական տարբերակը չէ: Շարունակությունն այն է, թե Ադրբեջանն այլ երկրից կգներ այդ միլիարդների սպառազինությունը, իսկ ահա Հայաստանը՝ ոչ, որովհետեւ նավթի ու գազի շնորհիվ Բաքուն այդ միլիարդներն ունի, իսկ Հայաստանը՝ ոչ:

Այդպիսով, տեղի է ունենում ռուսական քաղաքականության արդարացման ստոր փորձի հետեւողական շարունակություն:

Բայց այստեղ երեւի թե առկա է բավական հետաքրքիր մի նրբերանգ: Առաջին հայացքից թվում է, թե այդ արդարացման փորձերը հրահանգավորվում են ռուսական իշխանությունից, որը փորձում է Հայաստանում փրկել իր խորտակված «միֆերը», որոնք քանդվեցին հենց ռուսական սպառազինությամբ՝ քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ:

Սակայն, հազիվ թե դա լինի միարժեք: Խոսքը միֆերին հասցված հարվածի մասին չէ, այլ հրահանգավորման: Համենայն դեպս, եթե ռուսական իշխանությանը բանականությունը չի լքել վերջնականապես, ապա Հայաստանում այդպիսի հրահանգավորում լինել չի կարող, քանի որ դրանից ավելի մեծ է հակադարձ էֆեկտը:

Բանն այն է, որ ռուսական իշխանության քայլերի արդարացման այդ փորձերն էլ ավելի են վատթարացնում Ռուսաստանի վիճակը Հայաստանում, քանի որ ռազմա-քաղաքական դիմակազերծումից բացի, այդպիսով Ռուսաստանը դիմակազերծվում է նաեւ բարոյապես՝ բավական չէ շարունակում են զինել Ադրբեջանին եւ նպաստել լարվածության աճին ու նոր թեժացմանը, դրան զուգահեռ էլ փորձում են հիմարի տեղ դնել հայերին եւ շարունակել ավանդական քարոզչական կորեկի մատուցումը:

Շատ հավանական է, որ գործ ունենք «պահեստում» հնից մնացած «կորեկի» հետ, որը հանել եւ օգտագործում են առանց հրահանգավորման: Պարզապես «կորեկը» այսպես ասած դուրս գրված է, նորն էլ թերեւս չի լինելու դեռ երկար ժամանակ, քանի որ քառօրյա պատերազմից հետո հայկական զինվորի եւ սպայի դիմադրության պատճառով ակնհայտորեն առաջացել է շփոթ նաեւ ռուսական քաղաքականության մեջ:

Բանն այն է, որ ռազմա-քաղաքական զարգացումների ճակատային իրողություններից բացի, տեղի է ունեցել նաեւ մեկ այլ, թիկունքային կարեւոր մի բացահայտում: Ընդ որում, բացահայտում արդեն Ռուսաստանի համար: Մոսկվան բացահայտել է Հայաստանում իր լիակատար ոչ լեգիտիմությունը: Մի բան, որի հակառակն են տարիներ շարունակ համոզել մարդիկ, ովքեր Հայաստանում ստանում ու բաժանում էին «ռուսական կորեկը»:

Այդ մարդիկ շարունակաբար զեկուցել են, որ ամեն ինչ շատ լավ է, առաջ է գնում, որ չի կարող լինել Ռուսաստանի որեւէ մի քայլ, որն առաջացնի հայերի դժգոհությունը, զայրույթը, որից հայերը կվիրավորվեն, եւ նույնիսկ Գյումրիի սարսափելի ողբերգությունից հետո առաջացած զայրույթը հնարավոր եղավ մարել շատ արագ: Բնականաբար դա ներկայացվել է որպես սեփական աշխատանքի արգասիք, որին բնականաբար հաջորդել է այն, ինչ Ծապլվարից Փանջունու նամակներում՝ «փող ղրկեք, փող»:

Բայց ահա, պարզվում է, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ, եւ ռուսական գերիշխանությունը մեծ է, բայց հիմքերը շատ են խարխուլ:

Առաջանում է պատասխանատվության հարցը: Քառօրյա պատերազմից հետո ոչ միայն Հայաստանի իշխանությունում է տեղի ունենում վերանայումների գործընթաց, հանրային ճնշման ներքո, այլ նաեւ Հայաստանում ռուսական ազդեցության գծում: Բնականաբար պետք է լինեն հարցադրումներ եւ պատասխանատուներ՝ ո՞վ էր ասում, որ հայերը լիովին գրպանում են:

Եվ այժմ «ռուսական կորեկի» հայաստանյան «դիլերները» անմնացորդ ջանքով ոչ թե Հայաստանում Ռուսաստանին, այլ հենց իրենց են փորձում փրկել՝ Ռուսաստանից, բայց ադեն ոչ թե Հայաստանի, այլ հենց Ռուսաստանի հաշվին: Ստեղծվել է իսկապես հետաքրքիր իրավիճակ, որն իհարկե անխուսափելի էր, եւ ժամանակին եղել են նախազգուշացումներ այդ կապակցությամբ, որ պաշտոնական Մոսկվայի ամենամեծ խնդիրը Հայաստանում դառնալու են հենց նրանք, ովքեր փորձում էին Հայաստանը վերածել լիակատար գրպանային միավորի: Դա արդեն տեղի է ունեցել:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20