Հայկական «էլիտան» թռչում է

- in Մամուլ
Zvartnoc odanavakayan

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լոնդոնում տեղի ունեցած համաշխարհային հակակոռուպցիոն ֆորումի ժամանակ հայտարարել է համաշխարհային կոռուպցիայի համար ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի պատասխանատվության մասին, ասելով, որ հսկայական ֆինանսական միջոցներ համաշխարհային զարգացման գործում ներդրվելու փոխարեն հանգրվանում են տարբեր մարդկանց հաշիվների վրա՝ «այդ թվում եւ մեզ մոտ»,- ասել է Քերին:

Ընդ որում, խոսքն արդեն ոչ միայն երրորդ աշխարհի երկրների տարբեր գործիչների, դիկտատորների հաշիվների մասին է, այլ նաեւ զարգացող պետությունների:

Շատ հատկանշական է, օրինակ, որ Լոնդոնում հակակոռուպցիոն այդ համաշխարհային ֆորումին զուգահեռ, Բրազիլիայի Սենատը որոշում կայացրեց այդ երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին պաշտոնից կես տարի ժամկետով հեռացնելու մասին: Ռուսեֆին մեղադրում են հենց կոռուպցիոն գործողությունների համար:

Կապ ունե՞ն համաշխարհային ֆորումն ու Բրազիլիայի իրադարձությունները, դժվար է իհարկե ասել: Համաշխարհային քաղաքականության առումով կարծիք կա, որ այդ ամենը չափազանց լուրջ իրողությունների են առնչվում, պատահականությունների ենթակա լինելու համար:

Մյուս կողմից, սակայն, խնդիրն իհարկե պետք է դիտարկվի «դավադրության տեսություններից» ավելի վեր: ԱՄՀ գլխավոր տնօրեն Լագարդը օրերս հայտարարել էր, թե համաշխարհային տնտեսությունը կոռուպցիայի հետեւանքով կորցնում է տարեկան մոտ 2 տրիլիոն դոլար:

Միաժամանակ հարց է առաջանում, թե արդյոք համաշխարհային հակակոռուպցիոն մթնոլորտը որեւէ ազդեցություն կթողնի նաեւ առաջատար, զարգացած տերություններում կոռուպցիոն ռիսկերի վրա: Ծիծաղելի կլինի կարծել, թե այդ երկրների իշխող համակարգերում չկա կոռուպցիա: Ի վերջո, ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը նաեւ դրա խոստովանություն է, քանի որ հենց կոռուպցիոն շղթայի շնորհիվ է, որ այլ երկրների միլիարդները հանգրվանում են զարգացած երկրների ֆինանսա-տնտեսական համակարգերում:

Ի՞նչ փոփոխություն կարող է լինել աշխարհում այդ իմաստով: Արդյոք փոփոխության դրսեւորումները կլինեն վերջին տարիներին հաճախակիացած օֆշորային գոտիների օգտատերերի գաղտնազերծման տեսքով միայն, թե կստանան նաեւ այլ դրսեւորումներ:

Հարցերն իհարկե շատ են, որոնց թվում եւ այն, թե ինչ դրսեւորում կունենա համաշխարհային հակակոռուպցիոն օրակարգը Հայաստանի հանդեպ: Դրսեւորումներ արդեն կան իհարկե, օֆշորային պատմությունների տեսքով: Միաժամակ, հաճախակիացել են ԱՄՆ ու Եվրամիության պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ արդյունք տեսնելու անհրաժեշտության մասին:

Այդ մասին, օրինակ, մայիսի 13-ին Երեւանում անցկացված հակակառուպցիոն ֆորումի ժամանակ խոսել է նաեւ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ասելով, որ հայ ժողովուրդը ուզում է տեսնել կոնկրետ արդյունք:

Այդ հայտարարությունը հաջորդել է Հովիկ Աբրահամյանի մայիսի 12-ի ելույթին: Եվրամիության դեսպանի հայտարարությունը վկայում է, որ Սվիտալսկին եւս թերահավատա է այդ ելույթի կապակցությամբ, ինչպես Հայաստանի հանրության ճնշող մեծամասնությունը:

Ասելով, որ հայ ժողովուրդը ուզում է տեսնել կոնկրետ արդյունք, Սվիտալսկին անուղղակիորեն գնահատում է վարչապետի ելույթը եւ արձանագրում, որ խոսքերն այլեւս չունեն նշանակություն, եւ հավաստի կարող է լինել միայն արդյունքը:

Բայց կլինի՞ արդյունք: Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ արդյունքը ենթադրում է կոնկրետ զոհաբերություն: Օրինակ, Բրազիլիայում նախագահ է պաշտոնանկ արվում, Հայաստանում չկա նույնիսկ նախարարի պաշտոնանկություն, իսկ ԴԱՀԿ պետն էլ պաշտոնից հեռացվում է ոչ թե որպես կոռուպցիոներ, այլ որպես մեծ հայրենասեր:

Մյուս կողմից, ու՞մ զոհաբերի Հովիկ Աբրահամյանը: Նրա հոգսն այն է, որ հանկարծ չզոհաբերեն իրեն:

Միեւնույն ժամանակ, համաշխարհային կոռուպցիոն քարտեզում Հայաստանն ընդամենը մի չնչին կետ է, եւ հայկական «էլիտայի» համար նույնիսկ «պատիվ» կլիներ հայտնվել հակակոռուպցիոն համաշխարհային օրակարգի ուշադրության կենտրոնում: Հայկական «էլիտան» այդ առումով ընդամենը հայտնվել է ռուսական հայտնի խոսքի տարամաբանությամբ ռիսկի գոտում՝ «անտառը կտրում են՝ տաշեղները թռչում են»:

Հայկական «էլիտան» հայտնվել է մուրճի եւ սալի արանքում: Չթռչելու համար կամ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ իրապես, կամ թռչել ռուսական կայսրության գնացքից: Ընդ որում, իհարկե մեծ հարց է, թե համաշխարհային օրակարգի տեսանկյունից որն է առավել հրամայականը:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20