Հերմինե Նաղդալյանի երկու վախը

- in Պնակալեզներ
Hermine Naghdalyan

Հերմինե Նաղդալյանի բախտը չի բերել։ Ավելի ճիշտ՝ Նաղդալյանի քաղաքական բախտը չի բերել։ Ավելի ճիշտ՝ ապրիլ ամսին Նաղդալյանի քաղաքական բախտը կտրուկ վայրիվերումների է ենթարկվում։

Համենայն դեպս, արդեն երկրորդ տարին է, ինչ ապրիլ ամսին Հերմինե Նաղդալյանի անուն-ազգանունը հայտնվում է հասարակական բողոքի կիզակետում։ Հայաստանյան գործիչները գերադասում են, որ իրենց մասին անվերջ խոսեն, թեկուզ՝ քննադատեն, ընդդիմախոսեն, անգամ՝ անվանարկեն, բայց լռության մութ անձավներում չմոռանան իրենց։ Շատերն են գերադասում, բայց ոչ՝ Հերմինե Նաղդալյանը։ Նա ինքն է անվերջ խոսում՝ Մոսկվայում, Բրյուսելում, Փարիզում, Ստրասբուրգում, Երևանում։ Եվ այն սակավաթիվ պահերին, երբ նա լռում է, նրա մասին սկսում են խոսել ուրիշները։

Արդեն երկու տարի է, ինչ ապրիլ ամսին Հերմինե Նաղդալյանի բախտը կտրուկ երես է թեքում նրանից։ Անցյալ տարի ապրիլին, երբ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը կուսակից կանանց հետ քայլում էր դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, Ցեղասպանության զոհերի հիշատակի անմար կրակին մոտենալուց առաջ որոշեց լուսանկարվել կուսակիցների հետ՝ այդ պահն անմահացնելով հայ ժողովրդի պատմության համար և իր կանացի անափ երջանկությամբ… ծիծաղեց։ Սակայն չարակամ ու ապերջանիկ հոգիները չներեցին Ծիծեռնակաբերդում հորդացող նրա երջանկությունը։ Նաղդալյանը ՀՀԿ-ական կանանց հետ այնտեղ էր բարձացել՝ 100-ամյակի պետականորեն ընդունված թանաքագույն խորհրդանիշերով ու գույներով պարուրված՝ թանաքագույն կոշիկներով, զարդարանքներով և, իհարկե, ծաղիկներով։ Ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիրում Հերմինե Նաղդալյանի անմեղ լիաթոք ծիծաղը չներվեց նրան. հայ ժողովուրդը սկսեց ծանակել Նաղդալյանին։

2015-ի ապրիլից մինչև 2016-ի ապրիլ ամիսը Հայասատանում և նրա շուրջ շատ բան փոխվեց։ Այդ փոփոխությունների ընթացքում ներհասարակական քննարկումներում ժամանակ առ ժամանակ ողջ շառաչյունով լսվում էր Հերմինե Նաղդալյանի անունը։ Հայկական քաղաքական միջավայրն արդեն նեղ էր միջազգային քաղաքական նոր բարձունքների հավակնորդ Նաղդալյանի համար։ ԵԽԽՎ-ում բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը չկարողացավ տապալել։ Պատվիրակության ղեկավարը Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էր։ Երևան վերադառնալուց հետո հայաստանյան հասարակական շրջանակները պահանջեցին նրա հրաժարականը պատվիրակության ղեկավարի պաշտոնից, սակայն Նաղդալյանն իր բոլոր և բազում պաշտոններում անսասան էր, ինչպես հայկական լեռները։ Եվ նրա հրաժարականի պահանջները կորչում էին հայկական իրականության խավարում։

Այնպիսի տպավորություն էր, թե նրա քաղաքական հավակնությունները պաշտպանություն էին գտնում ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև անհայտ և հզոր ուժերի կողմից։ Ընդ որում, ոչ միայն քաղաքական հավակնությունները, այլև քաղաքական հայտարարությունները։ Հայաստանում Սերժ Սարգսյանից հետո (ավելի ճիշտ՝ նրանից առաջ) նման հզոր ազդեցությամբ օժտված էր Ռուսաստանը։ Քաղաքական իրողությունները մեծացնում էին կասկածները, ըստ որոնց Նաղդալյանի քաղաքական վարքագիծը պայմանավորված է Մոսկվայով, և Նաղդալյանի հայտարարությունները նախևառաջ համաձայնեցվում էին ոչ միայն Երևանի, այլև Մոսկվայի հետ։ Հերմինե Նաղդալյանը նման կասկածները ոչ միայն փարատել չէր փորձում, այլև իր վարքագծով ավելի էր խորացնում դրանք։ Հայ-ռուսական անխախտ բարեկամության խորհրդանիշ «Գրիբոյեդով» ակումբի անդամ, ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Ազգային ժողովում տխրահռչակ Դմիտրի Կիսիլյովի կողքին նստած համբերատար ուկնդրում էր վերջինիս հանդիմանությունները Հայաստանում ռուսաց լեզվի նահանջի, ռուսական մշակույթի դուրս մղման, անուսում հայ տաքսիստների և երիտասարդ աղջիկների մասին։ Հայոց խորհրդարանի այդ նիստն ընթանում էր ռուսերեն լեզվով։ Հայ-ռուսական բարեկամությանն ինքնանվիրման համար Նաղդալյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրվեց Բարեկամության շքանշանով։ Սակայն դա երկու տարի առաջ էր՝ 2014-ին, երբ հայ-ռուսական բարեկամությունը ավագ և կրտսեր եղբայրների քաղաքական հովվերգություն էր հիշեցնում։

2016 ապրիլյան պատերազմը մշուշեց հայ-ռուսական բարեկամության հովվերգությունը։ Մոսկվայի՝ Ադրբեջանին վաճառած զենքից քառօրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող օրերին հայկական կողմից զոհվեց 100 մարդ։ Եվ թեպետ Հայաստանում տապալվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ Լավրովի ծրագիրը, սակայն այդ ծրագրի թաքուն ջատագովները ռուսական քաղաքականությունը շարունակեցին նաև նրա մեկնելուց հետո։ Հայ-ռուսական Բարեկամության շքանշանակիր Հերմինե Նաղդալյանը ապրիլի 25-ին հայտարարեց. «Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում և աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում» (http://armtimes.com/hy/read/843070): Մի քանի օր անց Նաղդալյանը հաստատեց, որ իր ասածը «լեզվի սայթաքում» չի եղել:

Եթե այդ հայտարարության տակ դրվեր Ադրբեջանի Միլի մեջլիսի որևէ պատգամավորի ազգանունը, ապա մեծ սխալ չէր լինի: Սակայն անհայտ մնաց, թե ովքե՞ր էին Նաղդալյանի նախանշած «մենքը»՝ «Հանրապետական» կուսակցությու՞նը, Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Սերգեյ Լավրովը: Նաղդալյանի այդ չարագուշակ հայտարարությունից հետո նրա հրաժարականը պահանջեցին Հայաստանի և Ղարաբաղի հասարակությունը, սակայն ոչ ՀՀ Ազգային ժողովն անվստահություն հայտնեց ԱԺ փոխնախագահ Նաղդալյանին, ոչ «Հանրապետական» կուսակցությունը, ոչ էլ Սերժ Սարգսյանը չպահանջեցին նրա հրաժարականը: Դե, իսկ Սերգեյ Լավրովը հավանաբար ակնդետ հետևում էր, թե հակամարտության կարգավորման իր ձախողված ծրագրի` Лавровый лист-ի, հիմնադրույթներն ինչպես էր ինքնամոռաց ներկայացնում հայ-ռուսական Բարեկամության շքանշանակիր Հերմինե Նաղդալյանը:

Նաղդալյանի քաղաքական բախտը, այնուամենայնիվ, երես է թեքել նրանից: Եվ նա հիմա հավանաբար լրջորեն երկյուղում է: Նա նախ վախենում է իր քաղաքական կարիերայի համար, որի զանգերը պիտի հնչեին նրա՝ «Մենք ձեր հողերը չենք ուզում» հայտարարությունից հետո:

Նաղդալյանի վախը, սակայն դրանով չի ավարտում. նա չգիտե, թե ի՞նչ է լինելու «այդ հողերի» ճակատագիրը, թեպետ կարծում է, որ միջազգային կարգավորողները «այդ հողերը» դուրս կբերեն հայկական կողմի «վերահսկողությունից»: Սակայն Նաղդալյանը նաև լուրջ կասկածներ ունի, որ հայկական կողմն այդ հողերը չի հանձնելու, և դա վախեցնում է նրան: Դժվար է ասել, թե Նաղդալյանն այս դեպքում ավելի շատ վախենում է Ռուսաստանի՞ց, Մինսկի խմբի՞ց, թե՞ Ադրբեջանից:

Նաղդալյանը վախենում է իր համար՝ իր բիզնեսի, աղքատ երկրում ունեցած հսկայական կարողությունների և քաղաքական կարիերայի համար: Եվ նրա համար միևնույն է Հայաստանի և Ղարաբաղի ճակատագիրը:

«Երկու ահը մի մահ է»,- ասում է հայ ժողովրդական առածը: Ժողովրդական միջոցների և մոտեցումների համաձայն՝ խիստ վախեցած մարդու վախը պետք է չափել՝ նրան ձերբազատելով վախի հնարավոր վտանգավոր հետևանքներից: ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի քաղաքական երկու վախերը չափել է պետք՝ նախ, նրան ձերբազատելու դրանց հետևանքներից, և հետո՝ մեզ հեռու պահելով նրա չարագուշակ հայտարարություններից:

Կյանքն առջևում է, ղարաբաղյան հակամարտությունը դեռ կարգավորված չէ, ըստ այդմ առջևում են Նաղդալյանի քաղաքական հանձնարարությունները և հայտարարությունները: Եվ այս դեպքում վախենալու հերթը մերն է՝ Հայաստանի և Ղարաբաղի հասարակություններինը:

Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Երևանի Մամուլի ակումբի նախագահ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20