Հրահանգվել էր՝ ո՛չ. ԼՂՀ անկախության ճանաչման հարցն անգամ մեծ օրակարգ չընդգրկվեց

- in Վերլուծական
AJ

Բանն այսօր վաղ առավոտյան սկսվեց: ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացրած ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին հարցը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացության չտվեց պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հանտ Բագրատյանի՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ նախագծին: Դրան միայն կողմ քվեարկեց ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը, իսկ դեմ՝ ՀՀԿ-ական, ղարաբաղցի Համլետ Հարությունյանը: Հանձնաժողովի մյուս անդամներն ընդհանրապես չմասնակցեցին քվեարկությանը:

ԱԺ քառօրյա նիստում արդեն ներկայացված նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցը նախագահողի կողմից դրվեց քվեարկության, քանի որ հեղինակներն այն անհետաձգելի էին ճանաչել:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զարքարյանը նախքան քվեարկությունը կարծիք հայտնեց, որ ԼՂՀ-ն կայացած պետություն է, իսկ խնդիրը դեռևս գտնվում է իր հասունացման փուլում, և Հայաստանտը չպետք է անի միակողմանի քայլեր, որոնք անհարմար դրության մեջ կդնեն մեզ:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք չեն մասնակցում քվեարկությանը: Այդ ո՞ր խմբակցության ու քանի հոգու անունից պարզ չէր, որովհետև խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն, օրինակ, կողմ էր ու այդպես էլ քվեարկեց:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբոլյանը հայտարարեց, որ սա շատ զգայուն թեմա է. «Ես բնական է, կողմ եմ քվերակելու, եթե հարցը հասնի քվեարկությանը: Բայց կոչ եմ անում մեր գործընկերներին՝ այս հարցը այս դահլիճում չքննարկվի: Խնդրում եմ՝ եթե հնարավորություն կա, սա այսօր չքվեարկվի»:

ՕԵԿ խմբակցության անունից Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ եթե քվեարկվի, չեն մասնակցի քվեարկությանը:

ՀԱԿ խմբակցության անունից Լևոն Զուրաբյանն ասաց, որ  իրենք կողմ կքվեարկեն այս նախագծին միայն այն ժամանակ, երբ համոզվեն, որ դա ոչ թե խանգարում, այլ օգնում է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, իրենք ևս չեն մասնակցի քվեարկությանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնպես կողմ չեղավ հարցն այսօր քվեարկելուն, սակայն բոլորը կողմ քվեարկեցին:

Նախագծի հեղինակներից Հրանտ Բագրատյանն ասաց, որ այսօր ընդամենը քվեարկելու են այն բանի համար, որ հարցն ԱԺ օրակարգ մտնի, թե՝ ոչ. «Ես առաջարկում եմ կողմ քվեարկել, որ մտնի օրակարգ: Ընդամենը դա: Ոչ մի կատաստրոֆիկ բան չկա, թող մտնի օրակարգ, կորոշենք, երբ քննարկենք»:

Նախագծի հեղինակներից Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այսօր էլ սահմանին պատերազմ է ընթանում. «Պատերազմը մեր դուռը թակել է, և մենք պատերազմում ենք: Իրավիճակ է փոխվել, մենք ճանաչենք, թե՝ ոչ, դրանով պատերազմ չի կանխվելու: Պատերազմը կկանխվեր, եթե չլիներ ԵՏՄ-ն: Այսօր Ռուսաստանը խնդիր է դրել ԵՏՄ քաշել Ադրբեջանին, իսկ դրա գինը Արցախի հողերը Ադրբեջանին տալն է»:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց կողմ քվեարկել և հարցն ընդգրկել մեծ օրակարգ, դա պահել, երբ նպատակահարմար կլինի, դնել քննարկման: Ինքը՝ կողմ քվեարկեց:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն էլ չի մասնակցի այս քվեարկությանը, պետք է սպասել պատեհ պահի: Եթե պատեհ պահը գա, ընդամենը կես ժամվա հարց է հավաքվել ու խնդրին լուծում տալը:

Արդյունքում՝ Արցախը ճանաչելու նախագիծն ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց ընդամենը 12 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ չեղավ:

Ոչ վաղ անցյալում ՀՀ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ եթե Արցախի անկախության ճանաչման հարցն օրակարգային լինի, ապա դա կներկայացնի անձամբ Սերժ Սարգսյանը: Այս ամենից տպավորություն է, որ ոչ միայն ժամանակավրեպ էր Արցախի անկախության հարցը խորհրդարան ներկայացնելը, ինչը նախ հրահրվեց Սերժ Սարգսյանի կողմից, ապա օգտագործվեց միջազգային հանրության հետ երկխոսություններում, ապա էլ՝ միաժամանակ հայտարարելով, թե քանի դեռ սահմանին զինվոր է զոհվում՝ ոչ մի բանակցություններ, սակայն այսօր մեկնեց Ավստրիա Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար, իսկ խորհրդարանում Արցախի ճանաչման հարցը պահեց իր մենաշնորհի դաշտում:

Ի՞նչ էին առաջարկում օրենքի նախագծի համահեղինակ ընդդիամադիր կուսակցությունների ներկայացուցիչ – պատգամավորները: Ընդհամենը՝ մտնի օրակարգ, իսկ քննարկումը կարելի է ծավալել ցանկացած անհրաժեշտ պահին: Փաստորեն՝ ԼՂՀ ճանաչման հարցն անգամ ՀՀԿ-ն դիտարկեց դիվիդենտներ շահելու տեսանկյունից ու Սարգսյան – Ալիև հանդիպումից առաջ անգամ ՀՀԿ-ական պատգամավորները ցուցամատները մյուս ձեռքով բռնեցին, որպեսզի չսեղմի կողմի կոճակը: Իսկ Հրանտ Բագրատյանը ՄԻՏՔ.am-ի հետ զրույցում չհամաձայնեց խնդիրը Սերժ Սարգսյանի մենաշնորհը պահելու հարցում:

Սերժ Սարգսյանն ասել էր՝ չէ, ու բոլոր պատգամավորները, բացի այն 12-ից, ովքեր այնուամենայնիվ կողմ քվեարկեցին, բերանները ջուր առած կատարեցին հրահանգը: Ժամանակին նույն կերպ Սերժ Սարգսյանը ԱԺ մեծ օրակարգ էր մտցնել տվել հայ – թուրքական պայմանագիրն ու նույն ընդդիմադիր պատգամավորները որքան էլ յուրաքանչյուր քառօրյայից առաջ հարցադրում էին անում, թե այն հեռացրեք, այնուամենայնիվ, մնաց այնքան ժամանակ, մինչև որ Սերժ Սարգսյանն այս անգամ էլ հրամայեց՝ հանե՛լ:

Այսօրվա քննարկումը որքանո՞վ կնպաստի Սարգսյան – Ալիև բանակցություններում հօգուտ առաջինի, դժվար է կանխագուշակել, ինչպես որ խորհրդարանում ոչ ոք այդպես էլ չգիտե, թե ինչի՞ մասին են բանակցելու երկու նախագահները: Ինչպես քանիցս՝ հնարավո՞ր է, որ մեկ գիշերում նոր իրավիճակ փոխվի Արցախի համար, ամեն բան հնարավոր է, քանի դեռ որևէ բան բացառված չէ:

Միջազգային համարվող հանրությունից Լավրովը կամ Քերին հրահանգել են երկու երկրների նախագահներին հանդիպում ունենալ Վիեննայում ու երկուստեք պատրաստ են: Էլ ոչ մի սկզբունք, էլ ոչ մի նախապայման: Սահմանին զինվորները կզոհվեն դեռ այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը ձեռքը սեղանին չի խբել ու ասել՝ բավակա՛ն է:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Spread the love