Հրայր Թովմասյանին դատի են տվել. «Հրապարակ»

- in Մամուլ
Hrayr Tovmasyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունները հայց են ներկայացրել ընդդեմ Ընտրական օրենսգրքի հեղինակ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի։

ՀԿ-ների ներկայացուցիչները կարծում են, որ Հրայր Թովմասյանն արատավորել է իրենց գործարար համբավը, քանի որ Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ֆորմատով քննարկումների ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հասցեին արել է հետևյալ արտահայտությունը․ «Ես կարծում եմ, որ դիտորդական կազմակերպություններում դեմագոգ, կիսագրագետ, անգրագետ են, դրսից սնվող»:

«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը հայտնեց մեզ, որ Հրայր Թովմասյանից պահանջվում է, նախ՝ հրապարակային ներողություն, երկրորդը՝ մեկ միլիոն դրամ փոխհատուցում։ «Նա ասել է, որ մենք դրսից սնվող ենք, մենք էլ փորձում ենք ֆինանսավորման այլ աղբյուրներ գտնել՝ ներսից սնվելու համար»,- կատակում է փաստաբանը։ Հայցն ուղարկվել է Արարատ և Վայոց Ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարան, քանի որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հաշվառված է Արարատի մարզի Դարակերտ գյուղում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20