Հրանտ Բագրատյանի ու Սերգո Կարապետյանի բանավեճը

- in Սոցիալական
Hrant Bagratyan

Գյուղտնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բանավեճի բռնվեցին:

Բագրատյանը քննադատեց գյուղատնտեսության ոլորտում վարվող քաղաքականությունը: Նա ներկայացրեց ոլորտի թվերը՝ արձանագրելով, որ ըստ պաշտոնական թվերի՝ ոլորտում գերարտադրություն կա, այնինչ հասարակությունը արտագաղթում է:

«Ինչի՞ եք խրախուսում գյուղատնտեսությունը, այդտեղ գերարտադրություն է: Մի հատ մտածեք, ի՞նչ է եղել խաղողի բերքի հետ: Նայեք հլա կոնյակի սպիրտի արտադրության ծավալները: Ձեզ քանի անգամ ասել ենք, որ բացի Երևանի կոնյակի գործարանից, որը մթերում է 30-35 հազար տոննա խաղող, մնացածն ընդունում են 2 տոննա, գրում են 10: Սա կոռուպցիա է, ուռճացնում են, որպեսզի հարկ չտան: Ոլորտը կարգի բերեք»,- ասաց Բագրատյանը՝ կոչ անելով, որ կառավարությունն իրոք պայքարի կոռուպցիայի դեմ:

Ի պատասխան Սերգո Կարպետյանը Հրանտ Բագրատյանին մեղադրեց հավելագրումների հարցում: «Դուք ճիշտ չեք: Ձեր ժամանակ, այո, երբ որ աշխատում էինք կոնյակի գործարանում, էդ ժամանակ հավելագրումներ կային: Բայց ամեն տարի դրանք նվազել են: Ես այսօր չեմ կարող ասել, որ իսպառ վերացել են, սակայն հասել են նվազագույնի: Ես չեմ կարող բոլոր մթերող կազմակերպությունների փոխարեն այստեղ պատասխան տամ»,- ասաց Սերգո Կարապետյանը:

Այնուհետև գյուղատնտեսության նախարարն սկսեց գոռգոռալ՝ հակադարձելով Հրանտ Բագրատյանին:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ վերջին երկու ամիսներին թուրքական լոլիկ չի ներկրվել Հայաստան, իսկ շուկայում վերջին 10 օրերին իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թուրքական լոլիկ չի վաճառվում: Հիշեցնենք, որ այս հարցը և ընդհանրապես թուրքական ապրանքների ներկրումը վերջին շրջանում բուռն քննարկման թեմա է:

«Հինգ ամիսների ընթացքում Հայաստան ներկրվել է 192 տոննա լոլիկ, որի մի մասը` Թուրքիայից Վրաստանի միջոցով: Այդ լոլիկի վերջին պարտիան Հայաստան է ներկրվել մարտի կեսերին: Վերջին երկու ամիսներին ընդհանրապես Հայաստան լոլիկ չի ներկրվել»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ թույլատրվում է, որպեսզի յուրաքանչյուր անձ մաքսակետով մինչև 50 կգ լոլիկ բերի՝ առանց մաքսատուրք վճարելու:

«Մարդիկ իրենց հետ որոշակի քանակով կարողանում են բերել, և եթե շուկաներում կա, դա է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի ջերմոցային տնտեսություններն անհրաժեշտ ծավալի լոլիկ աճեցնում են, պահանջարկը բավարարվում է: Հայաստանի ջերմոցային տնտեսությունների արտադրած լոլիկը, նրա խոսքով, նաև մեծ ծավալով արտահանվում է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20