Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ժամանակի հարց էր

- in Վերլուծական
hretani zenq

Ադրբեջանը երբեւէ չի ծրագրել Հայաստանի դեմ ագրեսիա «մեն մենակ» ռեժիմով, հույսը դնելով ինչ որ դաշինքի հետ համագործակցության վրա, երբ մի շարք պետություններ շահագրգռվածություն հանդես կբերեն Հայաստանին շրջափակելու եւ լուրջ նյութական վնասներ հասցնելու կամ պարտության մատնելու հարցում: Այս գաղափարն առաջացել է անմիջապես այն բանից հետո, երբ սկսվեց ղարաբաղյան հակամարտությունը:

Հատկանշական է, որ առաջին պետությունը, որին Ադրբեջանը դիտարկում էր որպես հնարավոր գործընկեր Հայաստանին պարտության եւ պահանջներից հրաժարվելու հարկադրելու հարցում, Ռուսաստանն էր: Ադրբեջանի համար Ռուսաստանի հետ հակահայկական ուղղությամբ գործընկերությունը կամ համագործակցությունը ճիշտ ճանապարհ էր պատկերանում, եւ դա 1988-1992 թթ. հանգեցրեց նկատելի հաջողության, երբ Ռուսաստանի զինված ուժերը երկու անգամ հանդես եկան Ադրբեջանի օգտին:

Որքան էլ տարօրինակ է, Ադրբեջանում դա չեն մոռացել եւ որոշակի առումով շարունակում են հույս դնել Ռուսաստանի «ողջախոհ ընտրության» վրա, որը կարող է կապված լինել պատմական ու աշխարհքաղաքական հեռանկարի տեսլականի հետ:

Ադրբեջանի քաղաքական շրջանակներում Հարավային Կովկասի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումը դիտարկում են որպես ժամանակավոր եւ գտնում են, որ Ադրբեջանի ռազմական ու տնտեսական ուժեղացումը կհանգեցնի Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությանը, եւ Ռուսաստանը չի պաշտպանի Հայաստանի շահերը, վարելով քաղաքական անիմաստ կուրս:

Ադրբեջանում հասկանում են, որ առանց ինչ որ դաշինքի հետ գործակցության անհնար է ռազմական պարտության մատնել Հայաստանին եւ փորձում են տարածաշրջանում ու Արեւելյան Եվրոպայում գտնել շահագրգիռ պետություններ, ինչը բարդ ու անլուծելի խնդիր է, բայց միայն՝ միջազգային ներկայիս քաղաքական պայմաններում:

Պատմական այս փուլում տարածաշրջանում նկատվում է ակտիվ դինամիկա, սակայն աշխարհքաղաքական արմատական փոփոխությունները դանդաղ են ընթանում: Տարածաշրջանում սպառազինության մրցավազքին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի արմատական մասնակցության բացակայության արդյունքում հաջողվում է պահպանել ռազմական հավասարակշռությունը, ինչը դարձել է քաղաքական մշտական բաղադրիչ, թեեւ դիմակայության մակարդակը ավելի ու ավելի է աճում:

Հարավային Կովկասն ակտիվորեն ներգրավվում է տարածաշրջանային գեոտնտեսական ու ռազմաքաղաքական դաշինքների կազմավորման գործընթացներին, ինչը դառնում է տեսանելի հեռանկարի վճռորոշ բնութագիրը: Հակասություններն ու դիմակայությունն այնքան մեծ են, որ չի հաջողվի կանգնեցնել դաշինքների (ընդ որում՝ բավական անսպասելի) կազմավորման գործընթացները:

Փոքր եւ միջին պետություններն ամենաշատն են շահագրգռված այդ գործընթացում: Եթե նախկինում ԱՄՆ-ն փորձում էր թույլ չտալ դաշինքների ստեղծումը Մեծ Մերձավոր Արեւելքում, զգուշանալով անկառավարելիության ուժեղացումից, ներկայում նա դրական է դիտարկում Իսրայե-Թուրքիա «առանցքի» ստեղծումը տարբեր դեվիացիաներով, ներառյալ Վրաստանը, Ադրբեջանը, Հորդանանը:

Կասկած չկա, որ ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում կպահպանվի: Կենտրոնական Ասիայում ռազմավարական ցատկի Թուրքիայի փորձը կրկին անհաջողության կմատնվի, ինչը կհանգեցնի ԱՄՆ քաղաքականության որոշ ուղղությունների վերանայման:

2016 թ. Ադրբեջանը համոզվել է, որ կորցրել է միջազգային հեղինակությունը եւ աշխարհում ընկալվում է պետություն, որը հավասարեցված է տոտալիտար աֆրիկյան երկրներին, եւ նրա պահանջներն օրինական չեն համարվում: Ադրբեջանի մերձավոր կողմնակիցը՝ Թուրքիան, դադարել է լինել ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր եւ նրա դրությունը չի ենթադրում աջակցություն Ադրբեջանին, արմատական իմաստով:

Ադրբեջանի թիկունքում մնում է Ռուսաստանը, որը Ադրբեջանի հետ իր հարաբերություններով հասկացնել է տվել, որ Հայաստանը գործընկեր չէ եւ առավել եւս՝ դաշնակից: Դա հաստատել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի ձեռքերն ազատված են, եւ պատերազմը ժամանակի հարց էր:

Սակայն կան նաեւ ավելի էական հանգամանքներ: Հասկանալի է դարձել, որ Ռուսաստանը վախենում է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ներկայությունից, հատկապես Ղարաբաղում: Դա պետք էր բացառել ԱՄՆ-ի մտադրություններից: Լավագույն միջոցը Հայաստանի ռազմական արագ պարտությունն էր եւ Ռուսաստանից նրա կախվածության ուժեղացումը:

Պարտված Հայաստանը օգնություն կխնդրեր եւ որպես «այդպիսին» կստանար ռուս խաղաղապահներ Ղարաբաղում: Սակայն Հայաստանը չպարտվեց: Հայաստանը վճռական հաղթանակ չի տարել, սակայն տանուլ չի տվել պատերազմը: Ավելին, ադրբեջանցիների կորուստներն ավելի նշանակալի էին:

Դա հանգեցրել է հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների ուժեղացմանը եւ համապատասխան հարցադրումների, ի հեճուկս այն բանի, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գերադասել է անիմաստ խաղը, Ռուսաստանին դիտարկելով որպես իր «գործընկեր»:

ԱՄՆ-ն դուրս չի եկել խաղից եւ շարունակում է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու ջանքերը:

Վրաստանի հարցում, չնայած Ռուսաստանի ազդեցությանը, շարունակվում է նրա ներգրավումը ՆԱՏՕ-ին, բայց այս խաղում գլխավոր մրցանակը լինելու է Հայաստանը: Նրա համար մշակված է ՆԱՏՕ-ի նոր ծրագիր, եւ այս տարվա հուլիսի 8-9-ին Վարշավայում Դաշինքի վեհաժողովում այդ ծրագիրը թերեւս կընդունվի:

Որոշումը Հայաստանի քաղաքական ղեկավարությանն է, որը լուրջ վիճակում է, եւ այդ ծրագիրը չընդունելը ոչ թե պարզապես կդառնա 2013-ի սեպտեմբերի 3-ի կրկնությունը, այլ Հայաստանը դուրս կմնա ինքնիշխան պետությունների թվից:

Այդպիսին է Ռուսաստանը՝ բոլոր իմաստներով ծախու երկիր, էժանագին քաղաքական ղեկավարությամբ: Ռուսաստանը ներկայում սարսափելի անորոշության մեջ է, նա պարտվել է խաղը Հարավային Կովկասում, եւ նրան չի հաջողվի պահպանել իր դիրքերը տարածաշրջանում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20