Ղարաբաղում ռազմական գործողություններն ամենայն հավանականությամբ կսկվեն Բաքվում Ֆորմուլա-1 մրցաշարի ավարտից հետո

- in Կարծիք
Tomas de Vaal

Ապրիլյան քառօրյա պատերազմը սառեցրել է ղարաբաղյան մի քանի սերունդ տևող հակամարտությունը: Այդ մասին Politico Europe թերթում հրապարակված իր հոդվածում գրում է բրիտանացի լրագրող և վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

«Զինադադադարը ապրիլի 2-ին ճաք է տվել, և ամենահավանական պատճառը Ադրբեջանի փորձն էր՝ հայերի պաշտպանությունը ստուգելու և նրանց ստիպելու ավելի թույլ դիրքերից բանակցությունները վարելու: Ադրբեջանցի զինվորականները վերադարձրել են կորցրած տարածքների չնչին պատառիկներ, ինչպես նաև կորցրած հպարտության մեծ մասը»,- կարծում է վերլուծաբանը:

Սակայն մարդկային գինը բարձր էր: Պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է 200-ի, զոհվել են նաև քաղաքացիական անձինք:

Քառօրյա պատերազմը զայրույթի պոռթկում է առաջացրել. ադրբեջանցիները մինչև հիմա նվաստացած են զգում իրենց պարտության պատճառով: Երկիրը հայրենասիրական էյֆորիա է ապրել, որն օգտակար է սոցիալ-տնտեսական ճգնաժամից մարդկանց ուշադրությունը շեղելու համար, ինչի արդյունքում մանաթն անցյալ տարվա համեմատությամբ արժեզրկվել է երկու անգամ: «Հսկայական գայթակղություն կա և, ինչը հատկապես անհանգստացնում է, հասարակական ճնշում՝ հարձակումը ևս մեկ անգամ կրկնելու»,- գրում է վերլուծաբանը:

Նրա խոսքերով՝ ազգային զգացմունքների ալիք է բարձրացել նաև Հայաստանում, որտեղ երիտասարդ հայերը կամավոր միացել են զինված ուժերին:

Դե Վաալը նշում է, որ երկու կողմերի մասսայական զինվածության պարագայում նոր բախումը հեշտությամբ կարող է վերաճել ավելի կործանարար պատերազմի, քան 1991-94 թվականներինն էր: Բաքուն և Երևանը կարող են հենվել Թուրքիայի և Ռուսաստանի հետ կնքած իրենց ռազմական օգնության պայմանագրերի վրա, սակայն այդ երկրները, հոդվածագրի կարծիքով, չեն ուզում մասնակցել և գտնվում են մեծ ճնշման տակ, որպեսզի կատարեն իրենց պարտավորություններն այդ տարածաշրջանում:

Բացի դրանից՝ անհանգստության աճ կա նաև հարևան երկրներում: Օրինակ՝ Վրաստանում, որտեղ ապրում են թե հայեր, թե ադրբեջանցիներ: Այդ երկրի տարածքով անցնող Բաքու-Ջեյհան-Թբիլիսի նավթամուղը նույնպես կարող է թիրախ դառնալ:

Այսպիսով, ինչպես կարծում է Դե Վաալը, անվտանգության վակուումը կարող է լցվել կամ լուրջ խաղաղ բանակցություններով, կամ խոշոր ընդհարումներով:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններին, ո՛չ նախագահ Ալիևը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը ոչ մի կառուցողական, կամ հաշտեցնող բան չեն առաջարկել: Իսկ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համեստ առաջարկները սովորաբար մերժվել են հակամարտող կողմերի կողմից:

Վերլուծաբանը կարծում է, որ Ադրբեջանը նոր խաղաղ բանակցություններ է ուզում և օգտագործում է իր զինված ուժերը որպես լծակ, միևնույն ժամանակ Հայաստանը չի ուզում համաձայնել ռազմական ճնշմամբ պարտադրված որևէ բանի և պահանջում է «անվտանգության երաշխիք»:

«Հնարավո՞ր է արդյոք զսպել ճգնաժամը, նախքան այն կլարվի: Մենք առաջին հերթին պետք է մարտահրավեր նետենք այն նախապաշարմունքին, որ Ռուսաստանը կարող է լցնել անվտանգության վակուումը և կառավարել հակամարտությունը»,- գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը միաժամանակ և՛ միջնորդ է, և՛ հակամարտության ապակայունացնողը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռությունը նշանակում է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ օրակարգ սահմանել Ղարաբաղում: Ինչպես Երևանը, այնպես էլ Բաքուն կասկածով են վերաբերվում Ռուսաստանի մտադրություններին, և երկու կողմերն էլ կարող են խափանել Ռուսաստանի՝ տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ ծրագրերը:

«Այդպիսով՝ ընդհանուր վստահությունը, որ եթե իրավիճակը վատանա, Ռուսաստանը կարող է գլուխ հանել դրանից, տեղին չէ: Դա խնդիր է նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար: Երկրներից ոչ մեկն անհրաժեշտ քայլեր չի արել, որպեսզի միջազգային հավասարակշռող ծրագիր առաջարկի»,- գրում է Դե Վաալը:

Հոդվածագրի կարծիքով՝ եթե առաջընթաց չգրանցվի, ռազմական գործողություններն ամենայն հավանականությամբ կսկսվեն Ադրբեջանի համար այնքան ցանկալի Ֆորմուլա-1-ի ավարտից հետո՝ հունիսի վերջին: «Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ տարածաշրջանում ակտիվացող պատերազմական գործողությունների հեռանկարը և նրա հետևանքները կսրեն հակամարտության լուծմանն ուղղված ուշադրութունը, որն անտեսվել է բավականին տևական ժամանակ»,- գրում է հեղինակը:

Spread the love