Ճերմակ թևերի առկայությունը չէ, որ հրեշտաներին հրեշտակ է դարձնում

Galust Sahakyan

Գրող-գրականագետ, իմ նախկին գործընկեր Hovik Charkhchyanն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ծայրահեղ ծանր վիրավորներ Ռուբեն Առաքելյանի ու Արման Լազգիյանի բուժումն արտերկրում իրականացնելու համար պետությունը միջոցներ չի գտնում: Այնուհտեև հրապարակային ենթադրել է, թե ՀՀ ԱԺ նախագահի համար այդ միջոցները գտնվում են:

Գտնում եմ, որ անհրաժեշտություն կա արձագանքելու պարոն Չարխչյանի այս մտորումներին.

Հարգելի պարոն Չարխչյան, պետք է ամեն ինչ անենք, որ մեր հերոս տղաներն ապաքինվեն, վստահ եմ, որ մենք դրա համար չենք խնայի ջանք ու կգտնենք միջոցներ: Յուրաքանչյուր հայի կյանքն ու առողջությունը թանկ է մեզ համար: Առավել քան վստահ եմ, որ յուրաքանչյուրիս ջանքներն ուղղված են թե հերոսների ապաքինմանը, թե նրանց ընտանիքների անդամների բարեկեցությանը և թե յուրաքանչյուր հայի անվտանգությանն ու խաղաղ ապրելու իրավունքի պաշտպանությանը: Այս առումով խորին շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ, որ, որպես հայ, բարձրացնում եք մեր հերոսների բուժման հարցը: Ի ուրախություն բոլորիս` պետք է հիշեցնեմ ՀՀ կառավարության «ՀՀ-ից դուրս՝ զինծառայողների բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» 2016թ-ի ապրիլի 21-ի թիվ 410-Ն որոշման ընդունման մասին, որով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվեց լուծել Ձեր կողմից բարձրացրած հարցը:

Սակայն, հարգելի պարոն Չարխչյան, այդ կարևոր ճանապարհին ամենևին կարիք չկա միմյանց հետ հակադրել այնպիսի երևույթներ, որոնք իրականության մեջ գոյություն չունեն: Վստահեցնում եմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բուժման համար պետական բյուջեից անգամ 1 լումա չի ծախսվել` ի տարբերություն շատ երկրների, որտեղ այդ խմբի բարձրաստիճան պաշտոնյաների բուժման ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը:

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

Շնորհակալ եմ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին իր արձագանքի համար: Առավելապես շնորհակալ եմ հարգալից և կիրթ ոճի համար:

Վստահ եմ, որ եթե պարոն Բաբայանը կաշկանդված չլիներ իր աշխատանքային պարտականություններով, նրա գրառման բովանդակությունն այլ կլիներ: Հավասարապես վստահ եմ, որ ինչպես ես, այնպես էլ Արսեն Բաբայանը և հազարավոր մեր քաղաքացիներ հրաշալի հասկանում են, թե խոսքն ինչի մասին է և ինչպիսին է իրերի իրական վիճակը: Բայց եթե անհրաժեշտություն կա հստակեցման, ուրեմն ասեմ:

Ճերմակ թևերի առկայությունը չէ, որ հրեշտաներին հրեշտակ է դարձնում: Ճիշտ այդպես էլ պետության միջոցների օգտագործումը կարող է չունենալ փաստաթղթային վավերացում, կնիքների, ստորագրությունների և բանկային տեսանելի գործարքների առկայություն, և դրանով հանդերձ մնալ պետության միջոց: Դժբախտաբար, մենք գրեթե ամեն օր ենք դրա ականատեսը լինում և միշտ էլ կարող ենք այդ մասին «տհաճ» հարցադրումներ հնչեցնել՝ ոչ միայն պատասխանի, այլև հատուցման պահանջով: Եվ հատուցումն էլ այդ դեպքում չի վերաբերելու մեկ լումային, այլ խոսք կլինի աստղաբաշխական թվերի՝ նույն այդ պետության յուրացված միջոցների մասին (անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ փակագծերը շատ ավելի ընդարձակ բացել, թեև չեմ կարծում, թե որևէ մեկը կարիք ունի լսել հազար անգամ լսածն ու իմացածը):

Ու այսքանից հետո եթե որևէ մեկը կասի, թե վարկաբեկել ու զրպարտել եմ ազնիվ մարդու, թող առաջինը քար նետի ինձ վրա:

Հ.Գ. – Գալուստ Սահակյանին մաղթում եմ արագ ապաքինում և բարի վերադարձ: Ամենայն անկեղծությամբ եմ մաղթում:

Հովիկ Չարխչյան

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.