Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել՝ աշխարհում 4-րդ դեպքը

- in Առողջություն
Bzhishk

«Շիրակի մարզի Մարալիկ համայնքից 5-ամյա Հակոբ Ավդալյանին երբ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն բերեցին, հանրապետությունում ադենովիրուսային կոնյուկտիվիտի դեպքերի աշխուժացում էր, և ամեն օր 10-20 հիվանդ էր մեզ դիմում։ Երեխայի մոտ առկա էր լորձաթաղանթի խիստ բորբոքում՝ կոնյուկտիվիտ»,­պատմում է կենտրոնի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Աննա Հովակիմյանը։

Բժշկուհին մանրամասնում է, որ փոքրիկի կոպերն այտուցված էին, ակնաճեղքից լորձաթարախային արտադրություն կար: Մասնագետի առաջին կասկածն ադենովիրուսային կոնյուկտիվիտն էր:

Կոնյուկտիվիտի այդ տեսակի դեպքում մեմբրաններ՝ թիթեղիկներ, են առաջանում: «Սովորաբար, առավել արագ ապաքինման համար հեռացնում ենք թիթեղիկները: Սակայն Հակոբիկի մոտ մի քանի շաբաթ անց այդ մեմբրանները կրկին հայտնվեցին: Մասնագետներիս տեսականորեն հայտնի է, որ քրոնիկական մեմբրանով գոյություն ունի նաև փայտանման կոնյուկտիվիտ»,- ներկայացնում է ակնաբույժը։

5-ամյա տղայի ախտորոշումը ճշտելու նպատակով բժշկուհու ուղեգրով նրա արյունը հետազոտվում է նախ ՀՀ ԱՆ  «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում», այնուհետև՝ Մոսկվայում:

Արյան մեջ պլազմինոգենի խիստ պակասը հաստատել է կասկածվող ախտորոշումը՝ աչքի փայտանման կոնյուկտիվիտ:

Հակոբիկի պապը՝ Հակոբ Ավդալյանը պատմում է, որ թոռնիկի աչքերի մեջ մեծ ու կոշտ գոյացություններ էին հայտնվում: «Մի անգամ այնքան մեծ էր, որ Հակոբիկը խաղալով պոկել էր՝ ասես փայտի կտոր էր հանել աչքից: Նա առաջին անգամ նկատել է, որ երեխայի աչքերն անառողջ տեսք ունեն, երբ դեռ 6 ամսականում փոքրիկը հարբուխ է տարել: Տեղի բժշկուհին անհանգստանալու առիթ չի տեսել։

Որոշ ժամանակ անց, երբ տղայի աչքերի բորբոքվածությունն ավելի ակնառու է եղել, ընտանիքը դիմել է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն:

Հակոբ Ավդալյանին երեք անգամ վիրահատել են Մոսկվայի «Մորոզով» բժշկական կենտրոնում, սակայն վերջնական արդյունքի չեն հասել: Երեխայի աչքերում շարունակել են փայտանման կոշտուկներ հայտնվել:

«Երբեք գործնականում չէի առնչվել նման հիվանդության հետ: Պարզվեց, Հակոբիկն աշխարհում չորրորդ մարդն է փայտանման կոնյուկտիվիտով։ Այս հիվանդությունը գենետիկական խնդրի՝ արյան մեջ պլազմինոգենի սակավության հետևանք է: Փայտանման կոնյուկտիվիտի միակ բուժումը պարբերաբար պլազմինոգենի ստացումն է»,-ասում է Աննա Հովակիմյանն, ում շնորհիվ երեխայի հիվանդությունն ախտորոշվեց:

Մոսկվայում խորհուրդ են տալիս երեխային բուժման տանել Իտալիա։ Որոշ ժամանակ անց Հակոբին տեղափոխում են Իտալիա՝ «Մայեր» բժշկական կենտրոն:

«Ե՛վ Մոսկվայում, և՛ Իտալիայում, բոլորը զարմանքով հարցնում էին, թե ո՞վ է այն մասնագետը, որ կարողացել է երեխայի մոտ ճշգրիտ ախտորոշել այդքան հազվադեպ հանդիպող հիվանդությունը: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Ռոբերտո Կապուտոն ծանոթ է մեր ակնաբանական կենտրոնին և ճանաչում է բժիշկ Ալեքսանդր Մալայանին»,- պատմում է պապիկը՝ Հակոբ Ավդալյանը:

Նրա խոսքով՝ երեխան 7 ամիս շարունակ ստացիոնար բուժում է ստացել Ֆլորենցիայի «Մայեր» հոսպիտալում՝ հատուկ դեղամիջոցներով, որոնք դեռևս կլինիկական հետազոտման փուլում են: «Վերջին տասնօրյակում վիրահատեցին Հակոբիկին: Կոշտուկներն արդեն այնքան էին փոքրացել, որ լանցետով պարզապես հեռացրեցին: Օրական 8 անգամ դեղ էին կաթեցնում նրա աչքերի մեջ»,- պատմում է փոքրիկի պապիկը:

Բուժումը շարունակվում է մինչ օրս։ Փոքրիկ տղայի դեղն Իտալիայից 2 ամիսը մեկ անգամ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի միջոցով փոխանցվում է հիվանդի հարազատներին:

Spread the love