Մարմնավաճառությամբ զբաղվելու համար կանանց բերման ենթարկելիս «իրավաչափ հարկադրանք» են կիրառել

- in Իրավունք
axjik paxcnel

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Լուսիկ Կ.-ն ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:

ՀՔԾ-ից հայտնում են, որ քաղաքացի Լուսիկ Կ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց 10 շենքի մոտից ոստիկանության ծառայողներն իրեն և ընկերուհուն՝ Սուսաննա Ս.-ին, մարմնավաճառությամբ զբաղվելու համար հարկադրաբար նստեցրել են պարեկային ավտոմեքենան, բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ոստիկան Գագիկ Ա.-ն հայհոյել և բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Լուսիկ Կ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Քրեական գործով ձեռք բերված տվյալներով հերքվել են Լուսիկ Կ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները: Մասնավորապես՝ Լուսիկ Կ.-ն, որպես տուժող լրացուցիչ ցուցմունքով հայտնել է, որ ոստիկանության աշխատակից Գագիկ Ա.-ն իրականում իրեն չի հարվածել և մարմնական վնասվածքներ չի պատճառել: Ավելին՝ դեպքի օրը, մինչև ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերվելը, ինքը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ոստիկանության հիշյալ բաժնում գտնվելու ժամանակ շարունակել է հայհոյանքներ հնչեցնել, իսկ ձեռքի շրջանում մարմնական վնասվածքները ստացել է բերման ենթարկվելիս` ոստիկանին չենթարկվելու պատճառով վերջինիս կողմից իրավաչափ հարկադրանք կիրառելու արդյունքում:

Սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Լուսիկ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Spread the love