Մեծ Յոթնյակն ընդգծել է Հայաստանի մեծ խնդիրը

- in Մամուլ
mak

Մեծ Յոթնյակի երկրները Վեհաժողովի ընթացքում որոշել են երկարաձգել ՌԴ դեմ պատժամիջոցները, քանի դեռ ամբողջությամբ չեն կատարվել Մինսկի համաձայնությունները:

Դրանք իհարկե չեն էլ կատարվելու, կամ ավելի ճիշտ՝ դրանք չկատարվելու համար են: Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքի վերաբերմունքն ունի շատ ավելի խորքային պատճառ, քան զուտ Ուկրաինայի, կամ ընդհանրապես Արեւելյան Եվրոպայի նկատմամբ ՌԴ ագրեսիվ նկրտումները կամ դրանց ռիսկը:

Ռուսաստանի դեմ պայքարն ունի համակարգային արմատ, քանի որ Ռուսաստանը Պուտինի իշխանության գալուց ի վեր որդեգրել էր մի քաղաքականություն, որի նպատակը արեւմտյան համակարգի արմատներ ներթափանցելն էր: Այդ ներթափանցումը տեղի էր ունենում տնտեսական լծակներով, բայց առավելապես ստվերային: Ընդ որում, դա բավական արդյունավետ մեխանիզմ էր, որը կանգնեցնել հնարավոր էր միայն կտրուկ, արմատական գործողություններով:

Ռուսաստանն իր այդ նպատակին ծառայեցնում էր իր «համակարգային համեմատական մրցակցային առավելությունը»: Դա ստվերն է ու կոռուպցիան: Բանն այն չէ, որ Արեւմուտքում չկա կոռուպցիա: Պարզապես արեւմտյան կենսոգործունեության համակարգի հիմքը կոռուպցիան չէ, ի տարբերություն Ռուսաստանի: Այդ պատճառով, Ռուսաստանի համակարգը տալիս է ստվերային փողի առավել ազատ, ճկուն, անկաշկանդ շրջանառության հնարավորություն: Այլ կերպ ասած, ռուսական ստվերային փողի թե ծավալը, թե ՕԳԳ-ն շատ ավելի բարձր է, քան Արեւմուտքինը:

Միաժամանակ, քանի որ Արեւմտյան համակարգը զգալիորեն բաց է, ի տարբերություն ռուսական փակ համակարգի, Մոսկվան ստանում էր ներթափանցելու շոշափելի առավելություն: Ու դա տեղի էր ունենում լայն քայլերով: Ռուսական ստվերային փողը վերածվում էր Արեւմուտքում տնտեսա-քաղաքական ազդեցության:

Այլ տարբերակ, քան կոռուպցիայի դեմ կոշտ պայքար, միաժամանակ ՌԴ դեմ տնտեսական հստակ արգելքներ, Արեւմուտքը չուներ: Հակառակ դեպքում, եւս մի քանի տարի, եւ Ռուսաստանն արդեն կտնօրիներ արեւմտյան երկրներում ոչ միայն որոշումների կայացման մեխանիզմի, այլ ուղղակի իշխանության ձեւավորման մեխանիզմի ծանրակշիռ մասը:

Ներկայում Արեւմուտքը ՌԴ հանդեպ լուծում է հենց այդ խնդիրը, կամ այլ կերպ ասած մաքրում է իր արմատները Ռուսաստանից:

Այդպիսով, ոչ թե ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումից է կախված ՌԴ հանդեպ արեւմտյան պատժամիջոցների չեզոքացումը, այլ արեւմտյան քաղաքակրթական համակարգի արմատներից ՌԴ ստվերային համակարգի հեռացման խնդրի լուծումն է պայմանավորելու ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը:

Եվ թերեւս ոչ միայն ուկրաինական, այլ մի շարք այլ ճգնաժամային գործընթացների, որ կան տարբեր, այդ թվում կովկասյան տարածաշրջանում:

Իսկ քանի դեռ չի լուծվել այդ խնդիրը, ռուսական լոկոմոտիվությամբ ձեւավորված եվրասիական տնտեսական տարածությունում անխուսափելիորեն շարունակվելու է տենդը: Այսինքն, Մեծ Յոթնյակը մեծ հաշվով կայացրել է Տիգրան Սարգսյանի գործը բարդացնող որոշում: Բանն այն է, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Սարգսյանը փետրվարի պաշտոնամուտից ի վեր աշխուժորեն փորձում է շփում հաստատել ԵՏՄ եւ մնացյալ աշխարհի միջեւ:

Մեծ Յոթյնակի որոշումը հուշում է, որ այդ շփումը չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ չի լինի խաղի իրենց կանոններով: Փաստացի, ԵՏՄ-ն ներկայում քաղաքակրթական կամ միջազգային օրենքից դուրս կառույց է, եւ այն «օրինական» դաշտ բերելու Տիգրան Սարգսյանի բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության:

Չի բացառվում, որ Սարգսյանը այդ փորձը գործադրում է ԵՏՄ-ում պատանդառված Հայաստանի համար գոնե քիչ թե շատ նպաստավոր տնտեսական պայման ձեւավորելու, տնտեսական հեռանկար ձեւավորելու անկեղծ մղումով: Ի վերջո, նա փաստացի միակ հայաստանյան գործիչն է եղել իշխանության եւ ոչիշխանության շրջանում, որը համարձակվել է՝ այն էլ ռուսական մամուլում, հրապարակավ դեմ արտահայտվել ԵՏՄ-ին եւ Հայաստանի ապագան տեսնել Եվրոպայի հետ տնտեսական հարաբերությունը խորացնելու ուղղությամբ:

Իհարկե, հետո Տիգրան Սարգսյանը սկսեց տեսնել լիովին հակառակ բաներ, բայց փաստն այն է, որ նա եղել է դրանից առաջ գոնե հակառակը տեսած եւ այդ մասին բարձրաձայնած միակ գործիչը: Եվ այժմ էլ չի բացառվում, որ եթե հնարավոր չէ Հայաստանը դուրս բերել ԵՏՄ-ից եւ «վերադարձնել» աշխարհ, ապա դա անել գոնե ԵՏՄ-ն ամբողջությամբ բերելով «միջազգային օրենքի» դաշտ: Բայց, քանի որ սեղանին դրված է ավելի մեծ եւ խորքային խաղադրույք, այդ ջանքը դատապարտված է անհաջողության:

Դժբախտաբար, անհաջողության է դատապարտված նաեւ Հայաստանը, եթե ջանք չգործադրի ինքը դուրս գալ ԵՏՄ-ից եւ գործնական մտադրություններով ու առաջարկներով, նաեւ ներքին կյանքի գործնական վերափոխումներով ներկայանա համաշխարհային տնտեսությանը:

Դա արդեն իհարկե Տիգրան Սարգսյանի խնդիրը չէ, այլ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀԿ-ի: Թեեւ, դա էլ անշուշտ վիճելի է, հետեւելով այդ մարդկանց վարքին: Որովհետեւ անգամ պատերազմը նրանց փաստորեն չստիպեց փոխել վերաբերմունքը կառավարման խնդիրներին եւ փոխել սեփական վարքը, գնալ իշխանության վարքի փոփոխության, այդպիսի փոփոխություն ենթադրող առանցքային լուծումների:

Այդ մարդիկ որեւէ ընդհանուր բան չունեն Հայաստանի խնդիրների հետ, կամ ունեն այնքանով, որ հենց իրենք հանդիսանում են այդ խնդիրը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20