Մեկ օրից՝ անկեղծության պահն իշխանության համար

- in Մամուլ
LGHH

Հայաստանը նոր փաստարկնե՞ր կորոնի Ղարաբաղը չճանաչելու համար.

Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին օրինագիծը: Մայիսի 5-ին կառավարությունը կամ հավանություն կտա, կամ էլ չի տա, որից հետո այն քննարկման կդրվի Ազգային ժողովում:

«Ժառանգություն» կուսակցությունը եւ անձամբ Զարուհի Փոստանջյանն առաջին անգամ չեն խորհրդարան ներկայացնում այդպիսի օրինագիծ: Ամեն անգամ կառավարությունը, հետեւաբար, հանրապետական մեծամասնությունը «ոչիշխանության» ուղեկցությամբ մերժել է օրինագիծը՝ հայտարարելով, որ այդպիսով Հայաստանն ազդանշան է տալիս, որ հրաժարվում է բանակցություններից, իսկ դա արդեն պատերազմ է:

Հիմա տրամաբանությունը հակառակ ընթացքն է ստացել: Ապրիլի սկզբին՝ պատերազմի ժամանակ Հայաստանը հայտարարել է, որ առանց անվտանգության երաշխիքների չի մասնակցելու բանակցությունների, իսկ Սերժ Սարգսյանը պատերազմից անմիջապես հետո հայտարարել է, որ Հայաստանը կարող է ԼՂՀ ճանաչման գործընթաց սկսել:

Այս անգամ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունն ինչպե՞ս են վերաբերվում օրինագծին: Ի՞նչ փաստարկներ կառաջադրվեն այն նորից մերժելու համար: Թե՞ կառավարությունը կարող է հավանություն տալ օրինագծին եւ ուղարկել խորհրդարան, իսկ այնտեղ ինչ լինի՝ լինի:

Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը հանգում է գլխավոր՝ տարածքների հարցին: Ի՞նչ սահմաններում է անհրաժեշտ ճանաչել Ղարաբաղը, ամեն անգամ հարցնում են «գիտակ» մարդիկ: Եթե ներկայիս փաստացի սահմաններում, ապա դա իրոք հրաժարում է բանակցություններից, ավելի ճիշտ, մադրիդյան սկզբունքներից, որոնք Ղարաբաղի լիովին այլ սահմաններ են նախատեսում:

Կարելի՞ է հիմա՝ ապրիլյան պատերազմից հետո եւ ագրեսիայի նոր ալիքի սպասման ժամանակ խոսել, որ Հայաստանը վերջնականապես հրաժարվել է մադրիդյան սկզբունքներից ու տարածքային զիջումներից: Հայաստանը պատրա՞ստ է ճանաչելու Ղարաբաղը ներկայիս սահմաններում: Հայաստանը պատրա՞ստ է դիմել այլ երկրների նույնն անելու համար:

Վերջիվերջո, ոչ մի լուրջ երկիր չի ճանաչի Ղարաբաղը, եթե Հայաստանը չանի դա: Չէ՞ որ ոչ մի երկիր չի կարող ճանաչել Ղարաբաղը ներկայիս սահմաններում, եթե Հայաստանը վաղը վերսկսի բանակցությունները եւ Ադրբեջանի հետ քննարկի ԼՂՀ տարածքները զիջելու հարցը:

Ղարաբաղցի քաղաքական գործիչները պնդում են, որ բանակցությունները պետք է սկսել զրոյից, եւ վերադարձ անցյալին չի կարող լինել: Դա նշանակում է, որ Ղարաբաղը մերժում է մադրիդյան սկզբունքները: Հայ դիվանագետներն ուրիշ ի՞նչ փաստարկ ունեն Ղարաբաղը չճանաչելու համար: Թե՞ Հայաստանը, ի հեճուկս Ղարաբաղի, կվերածնի մադրիդյան սկզբունքները:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան; lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20