«Միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը». ԱՄՆ կոնգրեսական

- in Կարծիք
USA

Միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Թեդ Փոն. «Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը՝ բոլորն էլ ավելի վաղ համաձայնել էին կարգավորել այս խնդիրը, և իմ կարծիքով՝ մենք պետք է կատարենք մեր պարտավորությունը»:

Կոնգրեսականի խոսքով՝ Ռուսաստանը, որի պատասխանատվության շրջանակներում էր հիմնականում գտնվում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը, բավարար չափով հետաքրքրված չէ դրա կարգավորմամբ և Միացյալ Նահանգներին ու Եվրոպային անհրաժեշտ է ավելի ակտիվորեն ներգրավվել կարգավորման խնդրում.

«Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պետք է համախմբեն ուժերը և կարգավորեն խնդիրը՝ բոլորի համար արդար ճանապարհով, քանի որ մինչ մենք զրուցում ենք, այնտեղ մարդիկ են զոհվում»:

Այս առումով հատկանշական է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարությունը, նախագահներ Սարգսյանի ու Ալիևի միջև Վիեննայում կայանալիք հանդիպմանը պետքարտուղար Ջոն Քերրիի մասնակցության վերաբերյալ: Հայտարարությունն առավել հատկանշական է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Գերմանական Մարշալի հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերի խոսքով՝ առաջիկա նախագահական ընտրություններից առաջ ԱՄՆ-ի ներկա վարչակազմն այժմ փորձում է չմասնակցել նոր միջազգային նախաձեռնություններին.

«Միևնույն ժամանակ Վաշինգտոնում, մասնավորապես՝ Պետքարտուղարությունում և Սպիտակ տանը, ընդունված է մի մոտեցում, որ եթե իրավիճակը վատթարանա, ապա պետք է գործել առաջխաղացմամբ, այլ ոչ թե արձագանքելով արդեն տեղի ունեցած իրադարձություններին»:

Վերլուծաբանի խոսքով՝Ռուսաստանի գործողությունները ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ, պետք է հավասարակշռվեն Արևմուտքի գործողություններով.

«Անհրաժեշտ է, որ կողմերի վրա Ռուսաստանից գործադրվող բացասական ճնշմանը լինի հակակշիռ»:

Միևնույն ժամանակ, Ուոքերի խոսքով՝ Մոսկվան չի կարող լուրջ ճնշում գործադրել Երևանի վրա.

«Այն գաղափարը, որ Ռուսաստանը ծայրաստիճան ճնշում է գործադրում Հայաստանի վրա, մեղմ ասած, չափազանցված է: Այլ հարց է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտության վերջնական կարգավորմամբ»:

Ի տարբերություն ռուսական ճնշումներին, որոնք հիմնականում կենտրոնացած են զենքի վաճառքի վրա, Միացյալ Նահանգները և Եվրոպան կարող են շահագրգռել Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հակամարտության կարգավորման իրական գործընթաց սկսել՝ փոխարենը ստանալով տարածաշրջանի տնտեսական և քաղաքական բարգավաճում: Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, երբ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու միակ միջոցն է հակամարտության թեժացումը, ապա այն պետք է փոխվի, համոզված է վերլուծաբանը.

«Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ զինյալները չունեն ռազմական միջոցներով հակառակ կողմին վերջնական պարտության բերելու բավարար ներուժ, ուստի միակ տարբերակը քաղաքական ուղին է և միակ հարցն այն է, թե հաջորդ վեց ամիսների ընթացքում ինչ կարող է արվել ներկա փակուղուց դուրս գալու համար»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20