Նորակառույց ամբուլատորիա` Ուռուտում

- in Առողջություն
Armen Muradyan

Տնտեսված միջոցների հաշվին առողջության առաջնային պահպանման նոր կենտրոն է բացվել Լոռու մարզի Ուռուտ համայնքում:

Առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենքը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներվ և կահույքով։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր ներկա են գտվել բժշկական հաստատության բացմանը, շրջել նորաբաց կենտրոնի սենյակներով, ծանոթացել կադրային և նյութատեխնիկական հագեցվածությանը:

Առաջնային պահպանման այս կենտրոնը սպասարկում է Ուռուտ, Սվերդլով համայնքների շուրջ 2000 բնակչություն: Ուռուտ համայնքն ընդգրկվել է «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրում:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ առողջապահությունը բնակչության առողջության պահպանման ամենօրյա աշխատանքի, շարունակական գործողությունների արդյունք է, որի իրականացումը հիմնվում է առաջին հերթին առաջնային բուժօղակի` այդ թվում գյուղական ամբուլատորիաների վրա:

«Առողջության պահպանման առաջնային կենտրոնի բացումը տնտեսված միջոցների հաշվին մարզերի համաչափ զարգացման ծրագրի մի մասն է: Կարծում եմ, որ նման ենթակառուցվածնքների առկայությամբ կավելանա բնակչության վստահությունը»,- ասել է Արմեն Մուրադյանը:

Նախարարը ուրախությամբ փաստել է, որ վերջին երկուսուկես տարում սա Լոռու մարզում բացված չորրորդ բժշկական հաստատությունն է:

Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Սիլվա Մարգարյանը համայնքի բնակչության անունից շնորհակալություն է հայտնել և հավաստիացրել, որ նոր կենտրոնը կնպաստի առաջնային օղակում առավել որակյալ բուժօգնության կազմակերպմանը, կանխարգելիչ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը:

Բուժանձնակամի հետ զրույցում Արմեն Մուրադյանը հետաքրքրվել է նաև Իմունականխարգելման ազգային, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015թ. հունվարից մեկնարկած սկրինինգային ծրագրերի ընթացքով։

Նշենք, որ 2008թ. ԱԱՊԿ-ն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով և համակարգչային սարքավորումներով: 2015թ. ընթացքում Ուռուտի ԱԱՊԿ-ին տրամադրվել է լրացուցիչ բժշկական կահույք և համակարգչային սարքավորում: Ինչպես նաև ծրագրի շրջանակում ԱԱՊԿ-ի մեկ բժիշկ և մեկ բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:

Նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2015թ. հուլիսին և ավարտվել են 2016թ. հունվարին: Ընդհանուր առմամբ Ուռուտ համայնքում ներդրվել է շուրջ 62.5մլն ՀՀ դրամ, որից շուրջ 59 մլն ՀՀ դրամ` շինարարություն, և շուրջ 3.2 մլն` բժշկական սարքավորումներ, բժշկական կահույք, բժշկական պարագաներ: Նշենք,որ ԱԱՊԿ-ի կառուցումը իրականացվել է «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման ընթացքում անցկացված շինարարական մրցույթների արդյունքում առաջացած տնտեսված միջոցներով:

Այնուհետև Արմեն Մուրադյանն ու Արթուր Նալբանդյանը Վանաձորում այցելել են Արցախում ապրիլին ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողներ` Հայկ Մինասյանի և Սպարտակ Քաշալյանի ընտանիքներին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20