Նոր սահմանագիծը Արցախի ու Ադրբեջանի միջև

- in Մամուլ
Tank

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ռոբերտ Գրայմսը (David Robert Grimes) վերջերս մաթեմատիկական եղանակով հաշվարկեց, որ դավադրության տեսությունները մեր օրերում կենսունակ չեն. դրանք ինֆորմացիայի աղբյուրների բազմազանության շնորհիվ շատ արագ կբացահայտվեն։

Խոսքը վերաբերում է այն վարկածներին, թե աշխարհը կառավարում են մի խումբ մասոններ… սեպտեմբերի 11-ին ամերիկացիներն իրենք են պայթեցրել «երկվորյակ աշտարակները»… Հայաստանի 3 նախագահներն ի սկզբանե ամեն ինչ պայմանավորվել են իրար հետ և այլն։

Սա զուտ գիտական նշանակության խնդիր չէ, որ Դեյվիդ Գրայմսը ապացուցել է մաթեմատիկորեն. դավադրությունների տեսությունները կամազրկում են մարդուն, վերածում խաղալիքի անհայտ ու հայտնի հզորների ձեռքին։ Նաև՝ ծնում սին հույսեր, թե երբեմն էլ այդ հզորներն իր օգտին (իրականում՝ իր փոխարեն) կգործեն։

Մի երկու ամիս առաջ էր ընդամենը, ռուս-թուրքական լեզվակռվի թեժ փուլում, որ հայկական սոցցանցերը, նույնիսկ մեդիան հեղեղվել էին նյութերով, թե Պուտինը Արարատը Թուրքիայից խլելու ու մեզ է տալու։

Բայց մեր սահմաններին ուրիշ իրադարձություն տեղի ունեցավ ապրիլին։ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, բազմաթիվ զոհեր ունեցանք՝ Պուտինի միջամտությամբ պատերազմը դադարեց։

Դավադրության տեսությունները շարունակվում են հնչել՝ ո՞վ, ինչպե՞ս, ինչո՞ւ այս պահին, բայց պետական մի քանի գործչի հայտարարություն ու այցելություն մեր տարածաշրջան ամեն ինչ տեղը դրեցին։ Քառօրյա պատերազմում Հայաստանի դեմ կիրառվել էր «քուչի կռիվներից» հայտնի հնարք՝ Ադրբեջանը հարձակվում է, Ռուսաստանը բաժանում։ Բայց՝ բաժանում Ադրբեջանի օգտին։ Երկու քայլանոց կոմբինացիա։ Որը շախմատում կոչում են «մանկական մատ»… Լիակատար արհամարհանք հակառակորդի, տվյալ դեպքում «ռազմավարական դաշնակից» Հայաստանի նկատմամբ։ Նույն արհամարհանք էին արտահայտում ռուս պաշտոնյաների հայտարարությունները, թե շարունակելու են հայ զինվորի, հայ խաղաղ մարդկանց կյանքի դեմ ուղղված զենքի վաճառքը Բաքվին, Լավրովի ակնկալիքը, թե՝ հիմա ինչքա՞ն հող եք տալիս, որ… Ադրբեջանը մեզնով անենք։

Միայն կայսրությունները… կամ նախկին կայսրություններն են ընդունակ պատկերացնելու այդպիսի ցինիկ առևտուր. մի կողմը՝ ռուսականը, շահում է, ինչ ուզում է, մյուսը՝ հայկականը, միայն կորցնում է։

Բայց «ինչո՞ւ այս պահին» հարցը կարծես մնաց անպատասխան, ինչքան էլ որ Ադրբեջանը գերհագեցած էր զենքով, պահեստներն արդեն պայթում էին, իսկ Ալիևն էլ սպառնում էր օրնիբուն։

Հիմնական պատճառը Ռուսաստանի սիրիական «հյուրախաղերի» ավարտն էր։ (Իրականությանը մոտ ենթադրություններ արվել են դեռ հունվարի սկզբին, տե´ս՝ «Ինչո՞ւ է Ռուսաստանը դադարեցրել ռմբակոծությունները» նոթը)։ «Հիբրիդային պատերազմի» հավանական օջախները մերձբալթյան երկրներն էին, բայց Արևմուտքի պատժամիջոցները ծանր հետևանքներ են թողնում, տնտեսությունը հետ է ընկնում անընդհատ, ՆԱՏՕ-ն հզոր ուժ է… Մյուս կողմից, կա Կրեմլում մեկը, որը չի կարող հանգիստ նստել, երբ ամեն անգամ քարտեզին աչքն ընկնելիս տեսնում է, որ Ռուսաստանը դեռ աշխարհի մեկ վեցերորդ մասն է զբաղեցնում՝ Երմակը գրավել ու գրավել է հողերը իր երկրի համար… Նոր պատերազմի օջախ «նշանակվեց» ՆԱՏՕ-ից համեմատաբար հեռու տարածք՝ Լեռնային Ղարաբաղը. ինչո՞ւ Սոչիի օլիմպիադայի օրերի նման նորից չբզբզել՝ ինչ-որ բան պոկելու ու սեփական ժողովրդին զբաղեցնելու համար։

Բայց երկու քայլանոց կոմբինացիան ձախողվեց, ու Մոսկվան… սպասում է։ Հիմա բոլորն են սպասում ուժային կենտրոններում։ Թե երբ ու մինչև ուր կտեղափոխվի նոր սահմանագիծը Արցախի ու Ադրբեջանի միջև՝ այն դեռ կետագծերով է նշված, ոչ՝ հոծ գծով։ Խոսքը դիրքերի ու բարձունքների մասին չէ, աշխարհագրական անունների մասին է։ Ադրբեջանի հարձակումը ոչ մի ցնցում չի առաջացրել աշխարհում, ինչքան էլ հայկական ու ադրբեջանական մեդիան ճգնեն հակառակն ապացուցել, և հայկականն էլ չի առաջացնի։ Վերջում ուժային կենտրոնները հաշվի կնստեն արդյունքների հետ, ոչ թե թղթերի։

Ամենահարմար պահն է, որ Հայաստանն էլ ոտքը մեկնի իր «Երմակի» չափով։

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գրող, հրապարակախոս; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20