Նոր օրենսդրական փաթեթով կարգավորվում է էլեկտրոնային առևտրի դաշտն ու ապրանքների հետ վերադարձի հարցը

Mterqner

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությամբ ոչ միայն էլեկտրոնային առևտրին առնչվող իրավակարգավորումներ են առաջարկվում, այլև սպառողների իրավունքների պաշտպանության առումով առաջանցիկ քայլ է կատարվում:

Ինչպես «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, օրենսդրական փաթեթը ապրանքների հետ վերադարձի հարցը կարգավորում է և էլեկտրոնային, և ոչ էլեկտրոնային առևտրի դեպքում: «Գործող օրենսդրությամբ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը կարող է հետ վերադարձվել միայն, եթե փոխարինումը անհնար է: Բայց այս փոփոխություններով 14 օրյա ժամակետում, եթե վաճառողի ու գնորդի միջև այլ ժամկետ սահմանված չէ, ոչ միայն փոխարինման անհնարինության դեպքում, այլև գնորդի ցանկությամբ պատճաշ որակի ոչ պարենային ապրանքը կարող է հետ վերադարձվել»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ վերջինը լուրջ քայլ է սպառողների իրավունքների պաշտպանության առումով:

Էմիլ Տարասյանի խոսքով՝ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փաթեթով սահմանվում ենէլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի միջոցով (հեռուստատեսություն, համացանց) պայմանագրերի կնքման առանձնահատկությունները: Վկայակոչելով մեր կենցաղ մտած այնպիսի հարթակներ, ինչպիսիք են menu.am-ը, list.am-ը, ggtaxi-ն՝ փոխնախարարը նկատեց, որ  թե տնտեսավարող սուբյեկտի ու թե գնորդի պաշտպանվածության տեսանկյունից անհրաժեշտ են հստակեցումներ: «Էլեկտրոնային հարթակի նկատմամբ ներկայացվում են մի շարք պահանջներ՝ սկսած վաճառվող ապրանքը նկարագրող նվազագույն հատկանիշներից՝ ապրանքի արտաքին տեսք, հատկանիշներ, գնային առաջարկ՝ վերջացրած ամենակարևոր հարցով, որ էլեկտրոնային հարթակը պետք է իդենտիֆիկացնի վաճառողին, որպեսզի գնման գործարքի դեպքում, եթե ոչ բարեխիղճ վաճառող է եղել, հնարավոր լինի նրան պատասխանատվության ենթարկել»,-բացատրեց Էկոնոմիկայի փոխնախարարը՝ հավելելով, որ հեռուստատեսությամբ վաճառքի իրականացման համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ:

Էմիլ Տարասյանի հավաստմամբ՝ գնորդի տեսանկյունից մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ էլեկտրոնային անդորրագիրը, որի վրա չկա ստորագրություն, հարկային մարմինների կողմից կդիտարկվի որպես հիմնավոր փաստաթուղթ:

Էլեկտրոնային առևտրին առնչվող խնդիրներից է վճարային համակարգերի գործարկման հարցը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է աշխարհում լայն տարածում ունեցող Paypal վճարային համակարգի լիակատար գործարկմանը Հայաստանում:Հնարավորություն կա Visa, Master Card, Amex քարտերի միջոցով գնել PayPal, սակայն ստանալ PayPal հնարավոր չէ: Կարելի է eBay-ից ինչ-որ իր գնել, սակայն գրանցվել eBay-ում ու առևտուր իրականացնել PayPal-ով, անհնար է, որովհետև Հայաստանը չի սպասարկվում:

Էմիլ Տարասյանը նշեց, որ իրենց նախարարությունը կարող է որպես միջնորդ հանդես գալ հարցի կարգավորման առնչությամբ, բայց չի կարող դիմել մասնավոր ընկերությանը ու ճշտել, թե ինչու Հայաստանում լիակատար գործունեություն չի ծավալում: «Ժամանակին Էկոնոմիկայի նախարարությունը դիմել էր Կենտրոնական բանկին, որը Հայաստանում վճարային համակարգերի ներդրման, գործարման պատասխանատուն է՝ հասկանալու, թե Paypal վճարային համակարգն ինչու հասնելի չէ Հայաստանից վաճառողների համար: Մեզ ներկայացվեց պատասխան, ըստ որի, այդ վճարային համակարգն ունի երկրների վարկանիշային աղյուսակ, որտեղից Հայաստանը դուրս է մնացել: Դա բիզնեսին առնչվող ներքին հարց է, կա Paypal-ին դիմելու հասարակական նախաձեռնություն, ստորագրահավաք, և մենք տեղեկություններ ունենք, որ մասնավոր կազմակերպություններ դիմել են վճարային համակարգին: Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է միջնորդի դերում հանդես գալ, բայց չենք կարող ինքներս կապ հաստատել ու ճշտել, թե ինչու չեն գալիս Հայաստան»,- հավելեց փոխնախարարը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.