Շրջանը փակվեց, սկսել է նոր խաղ

- in Մամուլ
HHK

Հայաստանի ամենաաղաղակող մենաշնորհը.

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ուսումնասիրություն են կատարել հանրությանը հետաքրքրող մի շարք ապրանքատեսակների ներկրման ուղղությամբ, հասկանալու համար մենաշնորհի առկայությունը: Մինասյանը հայտարարել է, որ ուսումնասիրությունները լինելու են շարունակվող, կներառեն սպառողական զամբյուղի այլ ապրանքներ:

Աներկբա է, որ Հայաստանի կառավարությունը խաղում է ժամանակի վրա, հաշիվը պահելու վրա: Ապրանքների ցանկը տալիս է դրա լիակատար հնարավորությունը: Հայաստան ներկրվում է մի քանի հարյուր կամ հազար անուն ապրանք: Հետեւաբար կարելի է պատկերացնել, թե կառավարությունը ժամանակի վրա խաղալու, հաշիվը պահելու ինչ հսկա տարածություն ունի: Պատահական չէ, որ աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարում է, որ կառավարման արդյունավետության վերանայմանն ուղղված հաջորդ քայլին շուտ սպասել պետք չէ:

Հայաստանի կառավարության համար հաշիվ պահելու ժամանակը կարող է կրճատել միայն պատերազմը: Քանի դեռ չկա պատերազմ, Հայաստանի իշխանությունը, կառավարությունը խաղալու են ժամանակի վրա:

Այլ բան անել նրանք ի զորու չեն: Հայաստանը Չինաստան չէ, չունի ահռելի ռեսուրսներ, Հայաստանի թե աշխարհագրական, թե ռեսուրսային փոքր ծավալները բացառում են հակասահմանադրական իշխանական մենաշնորհի առկայության պարագայում ազատ տնտեսության առկայությունը: Իսկ իշխանության մենաշնորհը Հայաստանում կասկածի տակ չէ: Դրա վկայությունն էր նախօրեին ընդունված Ընտրական օրենսգիրքը, որը փաստացի վերարտադրության հերթական կնիքն է: Այդ օրենսգրքով արձանագրվեց, կամ ամբողջացավ սահմանադրական փոփոխությունը, որով երկարաձգվում է, գուցե նույնիսկ գործնականում անժամկետ, իշխող համակարգի վերարտադրության «արտոնագիրը»:

Բանն այստեղ միայն ՀՀԿ-ն չէ: Հինգ տարի անց կարող է իշխող կուսակցության անունը լինել ԱԳԼՃԿ, դա կապ չունի խնդրի էության հետ: Խնդիրն այն է, որ իշխող կուսակցությունը, իշխող ուժը կարող է լինել միայն համակարգից ու երաշխավորել համակարգային խաղի տրամաբանության ապահովությունը:

Ըստ այդմ, այսօր շաքարավազ բերում է Սամվել Ալեքսանյանը, վաղը կարող է դա անել Ալեքս Սամվելյանը, մյուս օրը դա կարող են անել երկուսը միասին, հաջորդ օրը դրան կարող են միանալ եւս մի քանի մարդ, խնդրի էությունը դրանից չի փոխվի, քանի դեռ չի փոխվել իշխանության ձեւավորման մեխանիզմի էությունը եւ չի խախտվել իշխանության ձեւավորման համակարգային մենաշնորհը: Ընդ որում, այդ մենաշնորհը չի արտացոլվում լոկ մեկ կուսակցության իշխանությամբ:

Օրինակ, եթե 2012 թվականին ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն էր, իսկ 2003 թվականին մեծամասնություն կազմել էր միանգամաից երեք ուժից բաղկացած կոալիցիան, դրանից իշխանության համակարգային մենաշնորհի տրամաբանությունը չի փոխվում: Իշխանությունը Հայաստանում փակ բաժնետիրական ընկերություն է եղել ու շարունակում է լինել: Ամբողջ կռիվը ընդամենը այդ փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի շրջանակի հարցն է, որ թյուրիմացաբար կոչվում է ներքաղաքական կյանք:

Իսկ քանի որ իշխանությունը փակ բաժնետիրական ընկերություն է, այդպիսին չի կարող չլինել տնտեսությունը: Բանն այն է, որ իշխանության մենաշնորհը պահելու առանցքային միջոցը փողն է: Ընդ որում՝ առավելապես ստվերային փողը: Փողը ձեւավորում է իշխանությունը, իշխանությունը ձեւավորում է փող:

Հայաստանում իրավիճակը կարող է փոխվել, երբ այդ համակարգից դուրս կսկզբնավորվի, կձեւավորվի եւ կընդլայնվի իշխանության եւ փողի ձեւավորման այլընտրանքային համակարգ: Այլընտրանքային ոչ թե զուտ ֆիզիկական, այլ արժեհամակարգային եւ մեթոդաբանական իմաստով: Իշխանությունը տվյալ այլընտրանքային համակարգի դեպքում արտահայտված է ավելի շուտ հենց արժեքի եւ մտքի՝ գաղափարի տեսքով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20