Ողբերգական ավտովթարի հետևանքով չորս հոգանոց երիտասարդ ընտանիքից ողջ է մնացել 2-ամյա փոքրիկը

- in Հասարակություն
vtar

Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական տարածքում այս գիշեր տեղի ունեցած աղետալի ավտովթարը վեց մարդու կյանք է խլել:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից, մայիսի 1-ին, ժամը 22.50-ին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրում իրար են բախվել «Մերսեդես» և «Կիա» մակնիշի մարդատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղում մահացել են Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ 25 տարեկան  Ատոմ Նալբանդյանը, 30 տարեկան Հայկ Մարտիրոսյանը, 32 տարեկան Մհեր Խաչատրյանը, Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչներ՝ 32 տարեկան Սուրեն Գրիգորյանը, նրա կինը՝ 29 տարեկան Մարգարիտա Ավետիսյանը և 1 տարեկան դուստրը՝ Նարինե Գրիգորյանը: Սուրեն Գրիգորյանի երկրորդ դուստրը՝ 2 տարեկան Հասմիկ Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով հասցվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է մայրաքաղաք:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի հավաստմամբ՝ բժիշկները Հասմիկ Գրիգորյանի վիճակը գնահատում են կայուն ծանր: «Մերսեդես» մակնիշի մեքենան վարել է Ատոմ Նալբանդյանը, «Կիա» մակնիշի մեքենան՝ Սուրեն Գրիգորյանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20