Ովքե՞ր են 2016թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուները և ինչո՞ւ են ներմուծողները ավելի քիչ հարկ մուծել, քան 2015-ին

- in Տնտեսական
Hashvark

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2016-ի առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցուցակը։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 15 մլրդ 430 մլն դրամով, գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների շարքը։

Երկրորդ տեղում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն է, որն առաջատարին զիջում է 10 մլրդ 614 միլիոն դրամով, վճարել է ընդամենը 4 մլրդ 816 մլն դրամ հարկ։ Խոշոր հարկատուների եռյակն ամփոփում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ 4 մլրդ 97 մլն դրամով։ Ցուցակում առաջատար հարկատուների տեղափոխությունները մեկնաբանում են մասնագետները։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը փաստում է, որ ներմուծման ծավալների կրճատումն ազդեցություն ունի ցուցակում տեղ գտած ընկերությունների դասավորության հաջորդականության վրա։ Իսկ ահա ստվերում մնացած ընկերություններին ստվերից հարկային դաշտ բերելու գործընթացը դրական գործոններից մեկն է պետական բյուջեի վրա։

Պատգամավորը նկատում է՝ տնտեսությունն առողջացնելու համար կառավարության շարքային նիստերն այլևս խնդիր չեն լուծում։ Հարկավոր է խոսքից անցնել գործի, ներդրումային ծրագրեր իրականացնել հատկապես ռազմարդյունաբերության ոլորտում։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը անդրադառնում է խոշոր հարկատուների ընկերությունների ցուցակում արտադրանքի ծավալները նվազեցրած ընկերությունների խնդրին։ Լեռնահարստացման ընկերություններն, օրինակ, զիջել են առաջատարի դիրքերը, որովհետև միջազգային շուկայում նվազել է մետաղի գինը։ Տեղական շուկայում արտադրանքի իրացումը կազմակերպելու խնդիր ունեցող շատ ընկերություններ գործարանը տեղափոխել են արտասահման։ Դա նույնպես ազդեցություն է գործել խոշոր հարկատուների ցանկի վրա։

Մասնագետները թվարկում են քայլերի հաջորդականությունը, որոնք ստեղծված պարագայում գնահատում են որպես օրհասական։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20