«Որեւէ մեկը գիտի՞, որ Թալիշի հյուսիս-արեւելքում եղած դիրքերից մի երկու հատը տվել ենք, մի ուրիշը վերցրել ենք». Արծրուն Հովհաննիսյան. Aravot.am

- in Մամուլ
Tavush gyux

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդագրությանը՝ «Թալիշում կորցրած տարածքն՝ ըստ քարտեզի» վերտառությամբ, տեղեկացնում է Aravot.am-ը:

«Այդ տեսանյութում կա մի կոպիտ սխալ, որը հատկապես զինվորականները շատ արագ ֆիքսում են: Ընդհանրապես, ընդունված է քարտեզը ներկայացնել ճիշտ հյուսիսի կողմով, եւ դա սկսում է մեծ թյուրիմացություն առաջացնել: Նախ ասեմ, որ այդ տեսանյութը մեծ մասամբ կապ չունի տարածքի հետ, դա չեմ կարող մեկնաբանել: Ինչ վերաբերում է տարածքը ներկայացնելուն, դուք առաջին իսկ րոպեից կտեսնեք սխալ ներկայացում, ինչը հետագայում որոշ սխալների հիմք է տալիս: Հյուսիսն ու հարավը խառնված են ընդհանրապես:

Այդքանից հետո կարող եմ մի բան ասել, իրականում իրենց ներկայացրածը ոչ միայն սխալ էր, այլեւ եթե ռեալ թվերով նայենք՝ առնվազն մոտ երկու անգամ սխալ է ներկայացված հստակ մետրերից: Թալիշի նկատմամբ որեւէ ռազմական վերահսկողություն չի կարող լինել»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը՝ մեկնաբանելով «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման պնդումները, թե հայկական կողմի՝ Թալիշի հատվածում կորցրած 7 միլիոն քառակուսի մետր տարածքը ոչ մի կերպով հնարավոր չէ համեմատել 300 քառակուսի մետր տարածքի հետ, որի մասին հայտնում էին պաշտոնապես:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ «չունենք ավարտված կոնֆլիկտ, չունենք խաղաղության իրավիճակ ու նման պարագայում քննարկել, թե այս հենակետը տվեցինք, թե վերցրինք, լավ, թողեք մարդիկ աշխատեն, որովհետեւ այդ աշխատանքից է կախված նրանց հաջորդ աշխատանքի հաջողությունը: 1994 թվականից երկար ժամանակ է անցել, բայց որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որ մենք հաղթանակ ենք տարել: Իսկ որեւէ մեկը մանրամասն գիտի՞, որ Թալիշի հյուսիս-արեւելքում եղած դիրքերից մի երկու հատը տվել ենք, մի ուրիշը վերցրել ենք: Չեք հիշում ու պետք էլ չէ հիշել, որովհետեւ պատերազմում գլխավոր արդյունքներն են ֆիքսվում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20