Որ դեպքում Հայաստանը կճանաչի Արցախը

- in Պաշտոնական
Eduard Sharmazanov

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ կառավարության կողմից Արցախի ճանաչման վերաբերյալ նախագծին այսօր տրված եզրակացությանը:

Պատասխանելով հարցին՝ դա ի վերջո դրական եզրակացություն է, թե բացասական, նա ասաց. «Ես հասկացա այն, ինչ գրված է, հասկացա շատ պարզ, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել արտգործնախարարության ներկայացրած եզրակացությանը, իսկ այնտեղ գրված է, որ այդ հարցի պատասխանը կախված է Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարությունների քննարկումներից՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ նաև արտաքին գործոնները: Այսինքն՝ ՀՀ նախագահի հստակ արտահայտած կարծիքն առ այն, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, մնում է ուժի մեջ»:

Ըստ Շարմազանովի՝ Հայաստանը բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է, պատերազմ չի ուզում, բայց եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը, եթե այդ երկրի իշխանությունները փորձեն նոր պատերազմ հրահրել ԼՂՀ ազատատենչ ժողովրդի նկատմամբ, բնականաբար ՀՀ-ն կիրականացի քայլեր՝ ընդհուպ մինչև ԼՂՀ ճանաչում:

«Մեր կարծիքը չի փոխվել՝ խաղաղ կարգավորման կողմնակից ենք, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակման կողմնակից ենք, բայց գնդակը Ադրբեջանի դաշտում է: Եթե իրենք կփորձեն խնդրին լուծում տալ ռազմական ճանապարհով, նրանք մերժում են Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Այդ պարագայում Հայաստանը կանի այն, ինչի մասին խոսել է նախագահը»,- ասաց նա: Շարմազանովի խոսքով՝ ՀՀ նպատակն է ԼՂՀ միջազգային ճանաչումը, և դրա համար Հայաստանն անելու է բոլոր քայլերը, որպեսզի ԼՂՀ-ն լինի միջազգային իրավունքի սուբյեկտ: «Դա է մեր նպատակը, և մենք դրան հասնելու ենք, ուզեն Արևելքում, չուզեն Արևմուտքում: Մենք դրան հասնելու ենք, որովհետև ինքնորոշման իրավունքը դա ՄԱԿ-ի նպատակներից է, որովհետև որևէ մեկը չի կարող Եվրոպայում Ղարաբաղի բնակչությանն ապացուցել, որ Կոսովոյի բնակչությունն ունի ավելի շատ ինքնորոշվելու իրավունք, քան ԼՂՀ ժողովուրդը: Դրա համար մենք քայլ առ քայլ գնալու ենք առաջ, և մեր նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է»,- ասաց նա: Շարմազանովը նշեց, որ ԱԺ-ում մայիսի 15-ից հետո հանձնաժողովում քննարկում կլինի Արցախի ճանաչման օրինագծի վերաբերյալ, հանձնաժողովը կտա կամ դրական, կամ բացասական եզրակակացություն՝ մեծ օրակարգ ընդգրկելու համար, դրանից հետո արդեն ԱԺ-ն որոշում կկայացնի:

Ինչ վերաբերում է Արցախին փոխօգնություն տրամադրելու պայմանագրին, նա նշեց, որ այս պահին արտաքին գործերի նախարարություններն աշխատում են այդ ուղղությամբ, երբ գա ժամանակը, կհաստատվի:

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում հիմնականում անդրադարձ է եղել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին, նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե առաջիկայում լարվածություն ակնկալվո՞ւմ է շփման գծում՝ հաշվի առնելով այն, որ շատ են խոսակցությունները մայիսի 9-ին ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ, Շարմազանովը պատասխանեց. «Երեկ մենք ԱԺ-ում հանդիպել ենք պաշտպանության նախարարի հետ, նախարարը շատ ամբողջական ու պարզ ինֆորմացիա է տվել, անկաշկանդ զրույց է եղել պատգամավորների հետ: Մի բան պարզ է, որ քանի դեռ բանակցությունները չեն վերսկսվել, քանի դեռ կան կուտակումներ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է ասեմ՝ ռազմական գործողություններ սպասվում են, թե ոչ: Բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, մեկ անգամ նա տապալվեց, մեկ անգամ ադրբեջանական ծրագիրը ձախողվեց, այս պահին ես չեմ կարող խոսել Ադրբեջանի ծրագրերի մասին: Փաստն այն է, որ թե ՀՀ-ն, թե ԼՂՀ-ն խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են»,- նշեց նա:

Հարցին, թե այս պահին դիվանագիտական հարթակում աշխատանքներ տարվո՞ւմ են բանակցությունների վերսկսման համար, Շարմազանովը պատասխանեց, որ պարբերաբար լինում են հանդիպումներ, հեռախոսազանգեր, և հայկական կողմի կարծիքը չի փոխվել՝ որպեսզի բանակցությունները վերսկսվեն, պետք է իրականացվեն երեք քայլերը: «Դրանք վստահության մեխանիզմների ներդրումն է, հասցեական գնահատականներն են և երաշխիքներն են միջազգային հանրության կողմից, որ Ադրբեջանը չի սկսի նոր ռազմական ագրեսիա»,- հավելեց ՀՀԿ խոսնակը:

Նա նշեց, որ երեկ ՌԴ արտգործնախարար Լավրովն արդեն արձագանքել է Սերժ Սարգսյանի առաջարկին: «Նա նշեց, որ Ռուսաստանը կողմ է հետաքննության և վստահության մեխանզիմների ներդրմանը: Ավելին, նա նշեց, որ խնդիրը չունի ռազմական լուծում: Այսինքն՝ երեք առաջարկներից երկուսին Ռուսաստանի արտգործնախարարն արդեն դրական ազդակ է հղել: Իսկ Ռուսաստանի արտգործնախարարը, երբ խոսում է, ոչ թե ՌԴ արտգործնախարար է, այլ որպես համանախագահ երկրներից մեկի արտաքին գործերի նախարար, և գոնե ղարաբաղյան հիմնահարցում մենք տեսել ենք, որ թե Ռուսաստանի, թե Ֆրասիայի և թե ԱՄՆ հրապարակային գնահատականները հանահունչ են»,- ասաց նա: Ըստ Շարամզանովի՝ հայկական կողմերի առաջարկներն ընդհանուր առմամբ, եթե հիմք ենք ընդունում Լավրովի հայտարարությունը, Մինսկի խմբի համանախագահների մոտ ունեն դրական ընկալում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20