Ուշագրավ միտումներ անշարժ գույքի շուկայում

- in Սոցիալական
Tun

Հայաստանում իրենց բնակարանները վաճառող անձանց թիվն օրեցօր ավելանում է, սակայն զուգահեռ նաև գնորդների թիվն է ավելացել, քանի որ գները կտրուկ անկում են ապրել: Ճիշտ է, նախորդ տարվա համեմատ պաշտոնական թվերով բնակարանների գների մի փոքր ավելացում է նկատվել, սակայն անշարժ գույքի շուկայի մասնագետները փաստում են, որ գներն էապես ցածր են:

«Անշարժ գույքի շուկայում կայունացում է նկատվում, այս պահին և վաճառքներն են ավելացել, և պահանջարկը»,- Lragir.am-ի հետ զրույցում ասել է «Թիվ 1» անշարժ գույքի գործակալության մենեջեր Սառա Հակոբյանը:

Անփոփոխ են մնում Երևանի կենտրոնի բնակարանների գները, որոնք չեն նվազում, իսկ մյուս թաղամասերում գները կտրուկ նվազել են: Իսկ գների նվազումը կապված է սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետ:

«Քանի որ հիմնականում շտապ վաճառքներ են, բնակարանների գինը շուկայականից ցածր է լինում, դրան գումարած նաև ընդհանուր շուկայում գինը ցածր է, դրա համար մյուս կողմից պահաջարկն աճել է»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ բնակարանների գնորդներն այսօր հիմնականում սիրիահայերն են, ովքեր նորակառույցներում են գերադասում տներ ունենալ: Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր բնակարան չունեն, որպես կանոն հնարավորություն էլ չունեն գնելու: Իսկ գնորդների մյուս խումբը նրանք են, ովքեր վաճառում են իրենց բնակարանը՝ նորը գնելու նպատակով:

«Տեղացիներից այսօր բնակարաններ գնում են այն մարդիկ, ովքեր փոքր բնակարանը վաճառում են մեծ գնելու նպատակով, կամ հակառակը՝ մեծը վաճառում են, որպեսզի փոքր բնակարան գնեն, ինչ-որ գումար մնա իրենց: Սոցիալ-տնտեսական վատ վիճակից դրդված են վաճառում: Կան մարդիկ, ովքեր բնակարանը վաճառում են, նախընտրում են փոքրի մեջ մի կերպ տեղավորվել, բայց մի քիչ գումար ունենալ: Նախընտրում են այդպես անել, քան բանկերից վարկ վերցնել»,- ասաց ոլորտի մասնագետը:

Նաև վիճակագրությունը ցույց է տալիս, որ վաճառքի հանված բնակարանների մոտ 30 տոկոսն այսօր գրավադրված է բանկերում:

«Բնակարանների 20-30 տոկոսը բանկի տակ են, գնորդներին դա արդեն չի զարմացնում, նրանք պատրաստ են, որ եթե բնակարան են գնելու, բանկի հետ գործ չեն ունենում, միանգամից վճարումը կատարում են: Դրա համար էլ դիմում են միջնորդ կազմակերպություններին, որպեսզի թղթաբանության հարցում ավելի հանգիստ լինեն»,- ասաց Սառա Հակոբյանը:

Իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ բնակարանները վաճառող անձանց մի մասը մեկնում են Հայաստանից: Այսօր բնկարանների վաճառքի հայտարարություններում կարելի է նկատել «Մեկնելու նպատակով վաճառում ենք», «Քոչում ենք» կամ նմանօրինակ մեկնաբանություններ:

«Դրանով հասկացնում են, որ ավելի էժան կվաճառեն բնակարանը, բայց գնացողները մեծ մաս չեն կազմում: Հիմնականում կամ վաճառում են ավելի լավը գնելու նպատակով, կամ որպեսզի մի քիչ գումար մնա իրենց»,- ասաց մասնագետը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20