Պատերազմից հետո սկսվում է ամենասարսափելին

- in Մամուլ
Zinvor

Պատերազմից հետո, որպես կանոն, սկսվում է անխուսափելին՝ հերոսների կերտումը: Պատմությունը մինչեւ ավարտվելն արդեն սկսում է խեղաթյուրվել, առաջնագծից վերադարձած զինվորները հայտնաբերում են, որ պարտքի պատճառով իրենց տները հոսանքազրկել են:

Հերոսների եւ փրկիչների կերտումը բնորոշո է բոլոր ժողովուրդներին, սակայն հայ ժողովրդին՝ հատկապես: Հավանաբար, պատճառն այն է, որ երկար դարեր հայ ժողովուրդը պետականություն չի ունեցել, սովորել է աշխատել օտար կայսրությունների համար, պատերազմել ուրիշների համար, լինել օտարների հատուկ ծառայությունների գործակալը: Նրանց, ովքեր ինչ-որ բան են արել հայ ազգի համար, ազգային հերոս են հռչակել: Պետությունը չի եղել ազգի պաշտպանը, եւ նրանց, ովքեր արել են դա հայ ազգի համար, ազգային հերոս են հռչակել:

25 տարի առաջ, ինչպես նշում է Զարուհի Հովհաննիսյանը, հայ ժողովուրդը համարձակություն ունեցավ միանգամից երկու պետություն հռչակել: Սակայն այդ պետություններն այդպես էլ սեփական չդարձան: Ամեն պատերազմից հետո նորից սկսվում է հերոսների կերտման գործընթացը, որովհետեւ հերոսը պետությունը չի դառնում:

Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո հերոս հռչակվեցին ֆիդայիները, որոնք շատ շուտով դարձան իշխող համակարգի մասը, որն աշխատում է ոչ թե հայկական պետությունների, այլ Կայսրության շահերի համար:

Երկրորդ պատերազմից հետո արդեն հասցրել են նոր հերոսներ հայտնվել. պատերազմի դաշտում ամուր կանգնած եզդի տղայի, իրեն թշնամիների հետ պայթեցրած կապուտաչյա տղայի կողքին հերոս են հռչակել մարդկանց, որոնք ոչ միայն չեն փորձել ազատագրել կորսված հողը, այլ նաեւ սկսել են արդարացնել կորուստը Կայսրության շահերով:

Այժմ նոր հերոսներ են հայտնվում՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը «հաղթական» վերադարձել է Հայաստան: Նա պատմել է, որ անձնական գործերով արտասահմանում էր եւ այնտեղ հանդիպել է տարբեր ռուսական շրջանակների ներկայացուցիչների հետ: Նա պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ է ցանկանում Հայաստանի հետ, եւ կարեւոր չէ, որ զենք է վաճառում Ադրբեջանին:

Ըստ երեւույթին, Սամվել Բաբայանի «առաքելությունը» հայ-ռուսական փչացած հարաբերությունները «բարելավելու» եւ Կայսրության՝ փրկչի կերպարը վերականգնելն է, որը Հայաստանը գրեթե մոռացել էր՝ հույս դնելով միայն սեփական ուժերի վրա:

Մինչեւ պատերազմը Հայաստանում նման առաքելությամբ էր եկել Արա Աբրահամյանը, սակայն նրա առաջին իսկ մամուլի ասուլիսը ձախողեց «առաքելությունը», եւ նա բարեհաջող վերադարձավ իր հայրենի վայրեր:

Ապրիլի 23-ի իր ելույթում Էրդողանը 5 անգամ օգտագործել է «օսմանյան հայեր» արտահայտությունը, եւ դա նրա ելույթի առանցքն էր: Էրդողանը փորձել է ընդգծել, որ կան օսմանյան հայեր, ռուսական հայեր, սակայն չկա Հայաստան: Իսկ հայկական սահմանների ու հայերի գոյության հարցն էլ լուծվելու է Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից:

Այդպես է լինելու, քանի դեռ հայ «հերոսները» ծառայելու են օսմաններին, ռուսներին եւ ուրիշներին:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20