Պենտագոնը Ռուսաստանին մեղադրել է «միջուկային զենքի շաչյունի» համար

- in Միջազգային
Pentagon

ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Բոբ Ուորքը Ռուսաստանին մեղադրել է «միջուկային զենքի շաչյունի» և ռևանշիզմի համար: Այս մասին հայտնում է Rambler News Service-ը՝ հղում անելով Պենտագոնի մամլո ծառայությանը:

Ուորքը հայտարարել է, որ Մոսկվան իրեն անխոհեմաբար է պահում՝ «ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ մանևրեր» թույլ տալով իր օդուժի կողմից: «Նույնիսկ երբ մենք պայքարում ենք ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ, պետք է նաև ակտիվորեն արձագանքենք մարտահրավերներին արևելքում՝ Ռուսաստանին»,- ասել է նա Վաշինգտոնում ամերիկա-նորվեգական պաշտպանական կոնֆերանսում:

Ապրիլի 29-ին ռուսական Սու-27 ինքնաթիռը վտանգավոր հեռավորության վրա մոտեցել է ամերիկյան RC-135 ռազմական ինքնաթիռին, որը հետախուզական թռիչք է իրականացրել Բալթիկ ծովի վրա միջազգային օդային տարածքում: Սու-27 ինքնաթիռը ամերիկյան ռազմական RC-135 ինքնաթիռի շուրջը կատարել է բարձրագույն օդաչուական վարպետության «տակառ» մանևր:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, ի պատասխան այդ դեպքի հետ կապված ԱՄՆ վրդովմունքի, նշել են, որ ամերիկյան հետախույզ-ինքնաթիռը մոտեցել է անջատված տրանսպոնդերով սահմանին, և այն անհրաժեշտ է եղել վիզուալ նույնականացնել: Մոսկվայում նշել են, որ ռուսական օդուժի բոլոր թռիչքները համապատասխանում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20