ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը դարձյալ կայցելի Ադրբեջան

- in Միջազգային
Adrbejan

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մայիսի 17-ին կայցելի Ադրբեջան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությունը` հղում կատարելով «տեղեկացված աղբյուրին»:

«Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվում բանակցություններ կանցկացնի ադրբեջանական ղեկավարության հետ: Այցի շրջանակում, մասնավորապես, կքննարկվի մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցն Ադրբեջան», -ասել է գործակալության աղբյուրը:

Կողմերը կքննարկեն նաեւ ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

Վերջին անգամ Դմիտրի Ռոգոզինը այցով Բաքվում եղել էր ապրիլի 8-ին: Այցի ընթացքում կարգավորվել էին Ադրբեջան ռուսաստանյան սպառազինության մատակարարումների հետ կապված որոշ խնդիրներ:

Ադրբեջանին զենք վաճառելու դեմ հայկական կողմի բողոքին Ռոգոզինը պատասխանել էր, որ «ՌԴ-ն շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին»:

Ռոգոզինը Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է: Նա ՌԴ կառավարությունում միաժամանակ վերահսկում է ռազմական արդյունաբերության համալիրը: Ռոգոզինը մարտին գաղտնի այց էր կատարել Բաքու եւ բանակցություններ անցկացրել Ադրբեջանին վաճառվող ռուսաստանյան սպառազինության պայմանագրերում ծագած խնդիրների շուրջ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է Ռուսաստանից հերթական խոշոր զենքի խմբաքանակ եւ ռազմական տեխնիկա գնելու պատվեր տալ: Ենթադրվում է, որ Ռոգոզինի Բաքու կատարելիք այցի ժամանակ քննարկվելու է նաեւ այդ հարցը:

Ռուսաստանյան ԶԼՄ-ները ոչ Ռոգոզինի, ոչ էլ Պուտինի Ադրբեջան կատարելիք այցերի մասին չեն հայտնում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20