Ռուսական ավիավարժանք Հայաստանում

- in Հրապարակ
Inqnatir

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայում սկսվել են կործանիչ եւ բանակային ավիացիայի համատեղ թռիչքային մարտավարական վարժանքները՝ զորամիավորման հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովի ղեկավարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքներում գործի են դրված 200-ից ավելի զինծառայողներ եւ ռուսական օդուժի շուրջ 20 ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, այդ թվում՝ ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ հարվածային ուղղաթիռներ եւ Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռներ:

Վարժանքների ընթացքում մշակվելու են ուղղաթիռների պաշտպանության եւ լեռնային տեղանքում առաջադրանքների կատարման ընթացքում փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաեւ օրվա ցերեկային ու գիշերային ժամերին տարբեր բարձրությունների վրա ուսումնական մարտերի անցկացման հարցերը:

Զորամիավորման կործանիչ եւ բանակային ավիացիայի անձնակազմերը կփորձարկեն ցամաքային թիրախներին օդուժի պայմանական հարվածներ հասցնելը եւ մոտոհրաձգային այն ստորաբաժանումների պաշտպանությունը, որոնք առաջադրանքներ են կատարում «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում:

Թռիչքների եւ օդային մարտերի անցկացման նկատմամբ հսկողություն կիրականացվի ժամանակակից համակարգչայնացված հսկիչ-դիսպետչերական կետում՝ «Օռլան-10» համալիրների անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20