Ռուսաստանը փորձում է հետ բերել կորցրած դիրքերը

- in Մամուլ
Rus zinvor

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները դաշնակցային են, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները դաշնակիցների հարաբերություններ չեն, մենք դրանք բնութագրում ենք որպես ռազմավարական գործընկերություն։ Այս մասին Մոսկվայում հայ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին։

Պավլովսկու հայտարարությունը Հայաստանի հանրային եւ քաղաքական մի շարք շրջանակներ, այդ թվում առաջին հերթին իշխանական ու իշխանամերձ, Ռուսաստանի քարոզչությունը Հայաստանում սպասարկող արբանյակներ առաջիկայում հավանաբար կդարձնեն դրոշակ, որը սովորաբար տեղադրվում է ազատագրված դիրքում:

Իսկ Ռուսաստանի համար Հայաստանում ներկայում իրապես առաջացել է կորցրած դիրքերը հետ բերելու խնդիր, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, որն ամբողջությամբ մերկացրեց Հայաստանի դեմ Ռուսաստանի վերջին տարիների քաղաքականությունը, ռուս-ադրբեջանական գործարքի էությունը, այն իրողությունը, որ ինչպես 100 տարի առաջ, այժմ էլ Հայաստանի անվտանգությունն ու հայերի կյանքը Ռուսաստանի համար ընդամենը տարածաշրջանային մանրադրամ է՝ ենթակա զոհաբերման ցանկացած պահի, առանց աչք թարթելու:

Ընդ որում, ինչպես 100 տարի առաջ, այժմ էլ Հայաստանն ունի այդ երեւույթի դեմ կանգնելու ունակ քաղաքական դասի բացակայություն, որի համար սեփական կուսակցական շահը ավելի բարձր է, քան պետության անվտանգությունն ու ապագան:

Այժմ, 100 արի անց, ապրիլի 5-ին կասեցնելով հայկական զինուժի հակագրոհը եւ Ադրբեջանի ձեռք բերած դիրքերի ազատագրումը, Ռուսաստանն այժմ ինքն է անցել Հայաստանում հակագրոհի եւ կորցրած դիրքերն «ազատագրելու»:

Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունը դաշնակցային է այնքանով, որքանով Հայաստանում չկա մենաշնորհ՝ թղթի վրա: Գործնականում, դաշնակցային է Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունը, որովհետեւ համաշխարհային պատմության մեջ դժվար է արձանագրել մի դեպք, երբ դաշնակից պետությունը ոչ միայն հարձակողական սպառազինություն է մատակարարում իր դաշնակցին պատերազմով սպառնացող պետությանը, այլ մատակարարում է բազմապատիկ ավելի մեծ ծավալի սպառազինություն, քան դաշնակցին: Ավելին, ինչպես պարզվում է, դաշնակցին նույնիսկ քիչը չի մատակարարում:

Դրա փոխարեն «դաշնակցին» կերակրում են էժան կամ անվճար սպառազինության մասին միֆերով: Իհարկե, հին սպառազինությունը վաճառվում է համեմատաբար ավելի էժան: Դաշնակցությունն այստեղ չունի որեւէ կապ, որովհետեւ չի կարող 90-ականների արդիական սպառազինությունն ունենալ 80-ականների սպառազինության գին: Արդիական սպառազինությունը Ռուսաստանում նույն գինն ունի թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար, մնացյալը՝ ինչ որ արտոնյալ գների, ԵՏՄ կանոնների եւ այլնի մասին, հեքիաթներ են:

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունը դաշնակցային չէ ոչ միայն ռազմական, այլ նաեւ տնտեսական ու քաղաքական ոլորտում: Դրա վկայությունները բազմաթիվ են, սկսած պարտքի հանդեպ վերաբերմունից՝ երբ այլ պետությունների ներվում են միլիարդավոր դոլարներ, իսկ Հայաստանից գույքի տեսքով գանձվում է 100 միլիոնը, կամ 200-300 միլիոնը, մինչեւ քաղաքական հայտարարությունները, որ առնչվում են Հայաստանի անվտանգությանը, Արցախի խնդրին:

Ներկայում՝ նավթի գնանկման հետեւանքով, Գերմանիայի սահմանին ռուսական գազի գինը ավելի ցածր է, քան Հայաստանի սահմանին: Ավելին, Հայաստանի քաղաքացու բնակարանում գազի գինն ավելի բարձր է, քան եվրոպացու բնակարանում:

Այդ ամենն իհարկե հետեւանք է՝ հետեւանք է Հայաստանում անկախության առաջին տարիներից ի վեր կեղծված ընտրության եւ իշխանագողության: Երբ իշխանությունը չի պատկանում քաղաքացուն, ապա այն գողացողը պետք է փնտրի ազդեցիկ հովանավոր: Իսկ գողությունը հովանավորում են նրանք, ովքեր իրենք են զբաղված գողությամբ, ովքեր իրենք են իրենց կյանքը կազմակերպում գողության սկզբունքով:

Բնական է, որ իշխանագողության հովանավոր պետք է դառնար Ռուսաստանը, քանի որ այդ պետությունն ինքը կազմակերպված է նույն սկզբունքով՝ գողություն, կոռուպցիա, անիրավություն: Դրանք են ռուսական ազդեցության գործիքակազմում «արժեքային» բաղադրիչները: Պատահական չէ, որ այդ ազդեցության գոտում են բացառապես պետություններ, որտեղ իշխող համակարգերում մակաբուծում են հանրային ու պետական ռեսուրսների հաշվին, իսկ արտաքին հարցերում էլ փորձում են մակաբուծել Ռուսաստանի հովանավորության հաշվին:

Այդպիսի պետությունը չի կարող լինել դաշնակից, ընդունակ չէ ունենալ դաշնակից: Այդպիսի պետությունն ունենում է կամ վասալ, կամ հանցակից, կամ թշնամի: Պատահական չէ, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական պատմությունը՝ թե հին, թե նոր, այսպես կոչված դաշնակիցներին հանձնելու պատմությունն է: «Դաշնակիցներից» Ռուսաստանին անհրաժեշտ է եղել միայն տարածքը:

Ընդ որում, դատելով հայ-ռուսական հարաբերությունների բնույթից, Հայաստանը Ռուսաստանի համար հանդիսանում է «երեքը մեկում»՝ նայած իրավիճակի:

Այդ իրականության դեմ հրապարակ են նետվում հայտնի «թեզեր» Հայաստանում ռուսոֆոբիայի, հակառուսականության եւ այդօրինակ իրողությունների մասին: Փաստացի, Հայաստանի շահի, անվտանգության վերաբերյալ հանրային հարցադրումները ռուսոֆոբիա եւ հակառուսականություն են: Մյուս կողմից, հասկանալի է, որ այդ հարցադրումներին այլ հակադարձում լինել չի կարող: Որովհետեւ այլ հակադարձման դեպքում պետք են կոնկրետ օրինակներ իրական դաշնակցության վերաբերյալ: Դրանք չկան: Մնում է Հայաստանի շահը, ինքնիշխանության հրամայականը հռչակել հակառուսականություն:

Դատարկ է անգամ քարոզչական զինանոցը:

Ռուսաստանը կանգնած է բնույթով պարզ, իրականացման տեսանկյունից բավական բարդ դիլեմայի առաջ: Ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան կամ կպահի Հայաստանում իր դիրքերը, դրանք ենթարկելով որակական փոփոխության՝ եթե իհարկե ներկայիս ռուսական «իսթեբլիշմենտը» ունակ է դրան, անգամ պատկերացնելու մակարդակով, ու եթե ընդհանրապես մտածում է դրա մասին: Կամ Մոսկվան կփորձի պահել դիրքերը քարոզչական դատարկությամբ: Թեեւ, այս դեպքում իհարկե խոսքը գուցե ավելի շատ ոչ թե ռուսական «իսթեբլիշմենտի» փորձի մասին է, որքան այդ «իսթեբլիշմենտի» մոտ ծառայություն իրականացնող քարոզչական բրիգադների, որոնք այժմ ունեն սեփական՝ անձնական կամ խմբային դիրքերի խնդիր:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; ww.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20