Ռուսաստանի հոգեվարքն Արցախում. Հայաստանը պետք է պատրաստվի

- in Մամուլ
Paytyun

Հայաստանի ռազմավարական դաշնակցին տեղեկացնում են, որ Արցախը ենթարկվել է ադրբեջանական գրոհին, իսկ դաշնակիցը հայտարարում է, թե հետեւում է իրադարձությունների զարգացմանը: Երբ Հայաստանը հանդես է գալիս Արցախի ճանաչման մասին նախաձեռնությամբ, Ռուսաստանն անմիջապես հայտարարում է, թե Երեւանը հավաստիացրել է, որ չի ճանաչի Արցախը միակողմանի, եւ խուճապի կարիք չկա:

Այդպիսով, Արցախի վրա հարձակվում են, Մոսկվան չի հայտարարում, թե իրենից միլիարդավոր դոլարների հարձակողական սպառազինություն ձեռք բերած Ադրբեջանը հավաստիացրել է, որ չի հարձակվի, չի գրոհի եւ չկա խուճապի կարիք, իսկ ահա Հայաստանը հանդես է գալիս Արցախի ճանաչման կես քայլով, ու Մոսկվան անմիջապես հիշատակում է ինչ որ հավաստիացումների մասին:

Այսինքն, ռեալ, իրական պատերազմի բռնկման պարագայում, որ կատարեց Ադրբեջանը, Մոսկվան ընդամենը հետեւում է իրադարձություններին, իսկ ահա պատերազմ կանխարգելող հայկական քայլի պարագայում հանկարծ անում ինչ որ ակնարկներ ինչ որ խոստումների եւ խուճապների մասին:

Սա հերթական խոսուն դրվագը չէ այն իրականության, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակից եւ անվտանգության գործընկեր չէ: Այդ հանգամանքը այլեւս չունի հավելյալ ապացույցների, վկայությունների եւ օրինակների կարիք: Սա վկայություն է այլ բանի՝ Կովկասում անվտանգության ռուսական հովանոցի քրքրման:

Ապրիլին ստեղծված վիճակը Կովկասի ռուսական հովանոցի ավարտն է, ցցուն վկայությունն այն բանի, որ տարածաշրջանային անվտանգության երաշխավորի դերով հանդես եկող Ռուսաստանն իրականում բացարձակապես անկարող է ապահովել այդ անվտանգությունը, երաշխավորել կայունությունը: Ներկայիս իրավիճակը, ընթացիկ ապրիլը, որ սկսվեց քառօրյա պատերազմով, Կովկասում Ռուսաստանի տապալման վկայությունն է:

Ռուսաստանը ներկայում չի կարողանում երաշխավորել, որ չի լինի պատերազմ: Ոչ թե չի ուզում, այլ չի կարողանում երաշխավորել: Երկու աթոռի վրա նստելու Մոսկվայի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ այժմ նրա տակից փախչում են երկուսն էլ՝ թե Հայաստանը, թե Ադրբեջանը: Ռուսաստանը նրանց երկուսին էլ զսպում էր պատերազմի սպառնալիքով ու շանտաժով: Այն տեղի ունեցավ, ու թե Ադրբեջանը, թե Հայաստանը բացահայտորեն տեսան Ռուսաստանի անկենսունակությունը, ընդ որում թե կրակի դադարեցման, թե շարունակության հարցում:

Ռուսաստանի պատասխանատվության գոտի հանդիսացող Կովկասը ներկայում վերածվել է անպատասխանատվության գոտու, եւ այդ է պատճառը, որ քառօրյա պատերազմից հետո իրավիճակը հայտնվել է խիստ անորոշության եւ անկանխատեսելիության փուլում: Ակնհայտ է դարձել, որ Մոսկվան ի զորու չէ իրականացնել Կովկասի համար պատասխանատվություն, սա արդեն չափազանց մեծ գոտի է Ռուսաստանի ունեցած ռեսուրսների եւ հնարավորությունների համեմատ:

Այժմ տեղի է ունենում այդ գոտում Մոսկվայի դանդաղ տապալում: Դա չափազանց վտանգավոր իրավիճակ է, բայց այն հետ շրջելու հնարավորություն այլեւս չկա: Այն կարող է միայն առաջ գնալ եւ փոխվել: Ադրբեջանը չունի փոխելու շահագրգռություն, քանի որ ներկայիս իրավիճակում Բաքվի համար պահպանվում է իր միակ ռեսուրսի կենսունակությունը կամ գոնե դրա իմիտացիայի հնարավորությունը: Խոսքը ռազմական ռեսուրսի, ռազմատենչության մասին է:

Վերջին հաշվով, տապալվել է ոչ միայն Ռուսաստանը, ոչ միայն Ռուսաստանի վրա անվտանգության հույս դրած Հայաստանի իշխանությունը, տապալվել է նաեւ Ռուսաստանի հույսով ռազմական արկածախնդրության գնացած Բաքուն: Այժմ, անորոշ վիճակը Բաքվի համար այդ տապալման ծանր ազդեցությունը հետաձգելու միջոց է, նաեւ հույս կամ ակնկալիք, որ գուցե կարող է առաջանալ երկրորդ մասշտաբային փորձի պատեհություն:

Իրավիճակը փոխելու շահագրգռություն Հայաստանն ունի՞, թե ոչ: Իրավիճակն ինքն իրեն փոխվելու է, անկախ նույնիսկ որեւէ կողմի կամքից: Բայց ինքն իրեն կփոխվի շատ դանդաղ: Այդ ընթացքում կպահպանվեն ապակայունացման մեծ ռիսկեր: Եթե Ռուսաստանը որոշի գնալ եւ օգնության համար դիմել Արեւմուտքին, ապա այդ ռիսկերը կնվազեցվեն: Եթե ոչ, ապա Արեւմուտքը անկասկած հետեւելու է տարածաշրջանում Ռուսաստանի դանդաղ հոգեվարքին, դրան զուգահեռ փորձելով քայլ առ քայլ հավաքել անվտանգության նոր համակարգը կամ Կովկասը պարզապես լիովին վերցնել միջազգային անվտանգության հովանոցի ներքո: Դա կլինի ժամանակատար գործընթաց:

Եթե Հայաստանը չի կատարում իրավիճակի փոփոխությունը, դինամիկան արագացնող քաղաքական եւ դիվանագիտական քայլեր արտաքին ոլորտում, ապա պետք է կատարվեն ներքին փոփոխության շեշտակի գործողություններ, ավելի մեծ պատերազմի պատրաստ լինելու համար: Այն կարող է լինել, կարող է չլինել ընդհանրապես, դա ոչ միայն Հայաստանում է դժվար կանխատեսել, այլ կդժվարանա ասել նույնիսկ Ալիեւը, որ հանդիսանում է պատերազմի ֆիզիկական աղբյուրը:

Հայաստանը պետք է պատրաստվի ռուսական անվտանգության համակարգի հոգեվարքին, եւ որքան այդ պատրաստությունը լինի ընդգրկուն, բազմակողմանի, լիարժեք, այնքան Հայաստանի համար այդ հոգեվարքը կլինի նվազ ռիսկային եւ կորստաբեր:

Դա եւս տարբերակ է: Ներկայում ակնհայտ է, որ Երեւանը արտաքին քայլերի պարտադրված չէ՝ նվազագույնն արված է, դրված են բանակցության վերադարձի հստակ պայմաններ եւ առաջ է քաշված Արցախի ճանաչման «ձին»: Բայց, ներքին քայլերը Հայաստանի համար պարտադիր են: Այստեղ իրավիճակը երկակի է: Արտաքին իրավիճակը կարող է ծառայել թե ներքին քայլերից խուսափելու միջոց, թե կարող է դառնալ այդ բարդ եւ ծանր քայլերը կատարելու հանրայնորեն լեգիտիմ նախադրյալ: Առայժմ անորոշ է, թե ինչ է պատրաստվում անել եւ ի վերջո որ ճանապարհով է պատրաստվում գնալ Սերժ Սարգսյանը:

Ընդ որում, ներքին այդ անորոշությունը Հայաստանի համար բազմապատիկ ավելի է վտանգավոր, քան անորոշությունն արտաքին ռազմա-քաղաքական իրավիճակում:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20