Սերժ Սարգսյանի «ոսկեղենիկ» թիմը. Արցախին ուղղված օգնությունն ընտրակաշառքի համար է օգտագործվել. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Serj Sargsyan

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հրազդանի քաղաքապետի` այս տարվա ապրիլի 17-ին, այսինքն՝ քառօրյա պատերազմից հաշված օրեր անց տեղի ունեցած ընտրություններից առաջ հանրությունն ակնկալում էր, որ այս անգամ, երբ սահմանին կանգնած հայ զինվորը Հայրենիքը պաշտպանելու համար իր կյանքն է զոհում, ՀՀ իշխանություններն իրենց ընտրակեղծարարներին կապերից չեն արձակի և ընտրողների վրա բաց չեն թողնի:

Սակայն ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանն ինչպես հենվել է ընտրակեղծարարների վրա, այնպես էլ շարունակում է վարվել: Երիցս ապացուցվեց, որ ընտրակեղծարարը անհայրենիք և պիղծ է, նրա միակ սրբությունը փողն ու իշխանությունն է:

Պարզվում է՝ Կոտայքի՝ դեռևս նախկին մարզպետ Արամ Հարությունյանը, որը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կեղծման «հրամանատարներից» էր, 2014 թվականի դեկտեմբերին ստեղծել է «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ» անունով հասարակական կազմակերպություն: Այս կառույցը «ժառանգականության» սկզբունքով անցել է Կոտայքի գործող մարզպետ Կարապետ Գուլոյանին:

Վերջինս բարեգործության նպատակով գումար հավաքագրելու անվան տակ Հրազդանում գործող ընկերություններին և անհատներին «առաջարկում» է գումարներ փոխանցել այդ հիմնադրամին:

Սակայն ամենազազրելին այն է, որ երբ Հրազդանում դպրոցներին և բժշկական հաստատություններին հրահանգվել է Արցախին օգնություն փոխանցել, մարզպետարանից կրկին մարզպետի հիմնադրամի հաշվեհամարն են տվել: Ի դեպ, այդ գումարները հավաքվել են ընտրությունների ժամանակ, և ըստ որոշ տեղեկությունների՝ դրանց մի մասն օգտագործվել է ընտրակաշառք բաժանելու համար: Իսկ որպեսզի այդպես էլ հնարավոր չլինի պարզել, թե Արցախի անունով հավաքված գումարի որ մասն է Արցախ հասել, մարզպետարանը Արցախին «օգնությունը» ապրանքով է ուղարկել: Մի խոսքով, եթե մարդը հոգով ընտրակեղծարար է, ապա դա ընդմիշտ է, և ոչինչ նրան չի շտկի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20