Սերժ Սարգսյանի չափազանց դժվար գործը

- in Մամուլ
Serj Sargsyan

Սերժ Սարգսյանը, որ ԵԺԿ Վեհաժողովից հետո անմիջապես մեկնելու է Աստանա ԵՏՄ Վեհաժողովի, ունի բավական ծանր առաքելություն՝ նա պետք է խոսի Պուտինի հետ: Իսկ ինչպես ինքն է տարիներ առաջ խոստովանել, Պուտինի հետ խոսելը հեշտ չէ:

Բայց, ապրիլից փոխվել է իրավիճակ: Ապրիլի 2-ին հետ մղելով ադրբեջանական ագրեսիան, որը հետեւողականորեն պլանավորվել եւ սնուցվել էր ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական եւ քաղաքական ռազմավարական գործընկերության միջոցով, հայկական զինուժը պետության ղեկավարին տվել է «հեշտ խոսելու» հնարավորություն:

Պարզապես խնդիրն այն է, որ ապրիլից հետո ներքին կյանքում տեղի ունեցող գործընթացների ընթացքում Սերժ Սարգսյանը կարծես թե հասցրեց մսխել այդ հնարավորությունը: Բանն այն է, որ նա այդպես էլ չհամարձակվեց, կամ չցանկացավ գնալ ներքին կյանքում էական վերափոխումների, ինչի հնարավորությունը ստեղծվել էր ապրիլյան պատերազմից հետո:

Սարգսյանը բավարարվեց մի քանի կոսմետիկ քայլով, համենայն դեպս հանրային աչքի համար կոսմետիկ, միաժամանակ արեց մի քանի տարօրինակ հայտարարություններ կորսված դիրքերի մասին, դրանով իսկ վերջնականապես կորցնելով Պուտինի հետ «հեշտ խոսելու» պատեհությունը:

Համենայն դեպս, ներքին կյանքում իշխանության քայլերը կամ դրանց բացակայությունը զգալիորեն մսխել է այն ռեսուրսը, որ քառօրյա պատերազմի իրենց սխրանքով կուտակեցին հայկական զինուժի զինվորներն ու սպաները, նրանցից հարյուրից ավելին՝ դժբախտաբար կյանքի գնով: Բայց նրանք կուտակեցին ահռելի մի ռեսուրս, որից նույնիսկ Պուտինն էր տագնապել, ու գործադրելով իր ազդեցությունը Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության վրա, արել հնարավորը դրա ընթացքը կանգնեցնելու եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունը փրկելու համար:

Դրանից հետո Ռուսաստանը փորձեց Հայաստանի հանդեպ կատարել դաշնակցային քայլերի որոշակի իմիտացիա, ինչը պարտադրված էր անել քառօրյա պատերազմի ընթացքում պատռված դաշնակցային դիմակը կարկատելու համար: Բայց, մեկ այլ աղաղակող հանգամանք ցույց տվեց, որ դա ընդամենը իմիտացիա էր եւ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ չունի անգամ անկեղծ կարկատանի շահագրգռություն:

Այդ հանգամանքը սպառազինության խնդիրն է: Ադրբեջանին ժամացույցի ճշգրտությամբ միլիարդավոր դոլարների սպառազինությունը մատակարարող Ռուսաստանը Հայաստանին չի մատակարարում անգամ 200 միլիոն դոլարի վարկով տրվելիք սպառազինությունը: Այդ մասին հարցերից Հայաստանի պաշտոնյաները այնպես են խուսափում, կարծես նրանցից պահանջվում է հանցանքի խոստովանություն: Հնչում են լոկ հայտարարություններ, թե ամեն ինչ ըստ ժամանակացույցի է եւ արվում է հնարավորը, այդ սպառազինությունը որքան կարելի է արագ Հայաստան բերելու համար:

Իսկ այդ ընթացքում, Ռուսաստանը շարունակում է ինտենսիվ հարաբերությունը Ադրբեջանի հետ, այնտեղ է մեկնում ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը, Ալիեւի հետ քննարկվում են մեքենաշինության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարներ: Իսկ հաշվի առնելով այն, որ Ռոգոզինը ՌԴ ռազմարդյունաբերական սեկտորի հարցերով զբաղվող փոխվարչապետ է, պետք է ենթադրել, որ մեքենաշինությունը ինչ որ առումով այդ ոլորտին առնչվող խնդիր է:

Մոսկվան քառօրյա պատերազմից անմիջապես հետո է հայտարարել, որ շարունակելու է Բաքվի հետ անել այն, ինչ արել է մինչեւ պատերազմը: Իսկ ի՞նչ է արել Մոսկվան մինչեւ պատերազմը: Տարիներ շարունակ ռազմա-տեխնիկական եւ քաղաքական աջակցություն է ցուցաբերել Բաքվին, ընդ որում սկսած 2005-06 թվականներից եւ աստիճանաբար ավելացնելով ծավալները, իսկ Հայաստանին էլ պատերազմի շեմին, Բաքվի հարձակման շեմին թողել առանց արդիական սպառազինության, այդպիսով բավարարելով Բաքվի հրապարակային նոտան՝ որ զենքը չգործադրվի Ադրբեջանի դեմ: Ինչ ավելի լավ երաշխիք կարող էր լինել, քան զենքը պարզապես չմատակարարելը: Եվ վերջապես, Մոսկվան Հայաստանին «մատակարարել» է երաշխիքներ, որ Բաքուն չի հարձակվի, որ թույլ չեն տա հարձակվել, կամ այդօրինակ մի բան, ինչի մասին վկայում էր Երեւանում Սերգեյ Լավրովին ուղղված Սերժ Սարգսյանի հարցը՝ բացատրեք, թե ինչու՞ եղավ այդ ամենը:

Բացատրություն կպահանջի՞ Սերժ Սարգսյանը Պուտինից, թե ինչու չի գալիս ռուսական սպառազինությունը: Թե՞ Պուտինն է բացատրություն պահանջելու Լավրովի հետ զրույցի տոնայնության ու շեշտադրումների համար:

Դատելով այն հայտարարությունից, որ այսօր Երեւանում արել է էկոնոմիկայի նախարարը, բացատրություն պահանջելու է Պուտինը: Այլ կերպ չի կարող լինել, երբ երկրի ներսում մենաշնորհների վերաբերյալ հանրային հարցադրումներին ի պատասխան հնչում է կառավարական բացատրություն, թե գուցե արժե օրինականացնել մենաշնորհը:

Դրանով օրինականացվում է նաեւ Հայաստանի իշխանությունից բացատրություն պահանջելու Պուտինի մենաշնորհը: Այդպես է, երբ որեւէ իշխանություն հրաժարվում է իր քաղաքացիների առաջ բացատրություն տալու մշակույթից: Այդ դեպքում հարկ է լինում բացատրություն տալ Պուտինի առաջ:

Կլինի՞ այլ կերպ: Չի բացառվում իհարկե: Բայց ավելի շուտ ոչ թե այն պատճառով, որ Հայաստանն այլեւս այն չէ, հատկապես պատերազմի աղաղակող բացահայտումներից հետո, այլ այն պատճառով, որ այն չէ Ռուսաստանը՝ միջազգային մեկուսացման քաղաքականությունից հետո:

Սերժ Սարգսյանի հույսն ըստ երեւույթին դա է՝ որ Հայաստանը կուժեղանա ոչ թե ռուսական զենքի, այլ Արեւմուտքի տնտեսական զենքի կիրառման հետեւանքով Ռուսաստանի թուլացման շնորհիվ:

Ռուսաստանի թուլացումն իսկապես Հայաստանի շանսն է: Բայց այն դեռ պետք է օգտագործել, այն էլ լիարժեք: Իսկ դրա համար Հայաստանն ինքը պետք է ուժեղանա՝ նախ մտածողությամբ, արժեքներով, ինքնիշխանության գաղափարի գերարժեվորմամբ, ամրագրելով միայն իշխանություն ձեւավորելու Հայաստանի քաղաքացու մենաշնորհը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20