Սերժ Սարգսյանի պատասխանը Պուտինին

- in Մամուլ
Serj Putin

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Սերժ Սարգսյանը մասնակցել է Հաղթանակի զբոսայգում տեղի ունեցած միջոցառմանը, ծաղկեպսակ դրել անմար կրակի առաջ, մասնակցել կազմակերպված դաշտային խոհանոցին:

Պետք է նկատել, որ սովորաբար Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին չի մասնակցել Հաղթանակի զբոսայգում տեղի ունեցող միջոցառումներին: Նա մայիսի 9-ին եթե չի եղել արտերկրում, ապա եղել է Արցախում: Բայց, ընթացիկ տարում նա որոշել է ներկա գտնվել Հաղթանակի զբոսայգում անցկացվող միջոցառմանը, իսկ Արցախ մեկնել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Սարգսյանի ընտրությունը հետաքրքիր է, հաշվի առնելով այն, որ Հաղթանակի զբոսայգում տեղի ունեցող միջոցառումների առանցքում այսպես կոչված «հայրենական պատերազմի» հաղթանակն է: Եվ այդ առումով հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը 2016 թվականին մասնակցության համար ընտրել է հենց այդ հաղթանակի առանցքով միջոցառումը: Թեեւ թվում էր, որ հատկապես 2016 թվականի ընտրությունը պետք է լիներ Արցախը, նկատի ունենալով ապրիլյան իրադարձությունները:

Բայց, ըստ երեւույթին հենց դրանք էլ ունեցել են իրենց նշանակությունը Սերժ Սարգսյանի ընտրության հարցում: Ապրիլյան իրադարձությունները, Արցախի դեմ Ադրբեջանի պատերազմական գործողությունը ծակեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերության փուչիկը, ցույց տալով, որ Ռուսաստանն ավելի շատ Ադրբեջանի, քան Հայաստանի անվտանգության դաշնակից է կամ այսպես կոչված երաշխավոր: Համենայն դեպս, Մոսկվան կանգնեցրեց ոչ թե Արցախի դեմ գրոհած Ադրբեջանին, այլ հակագրոհի անցած հայկական ուժերին:

Այդ իրադարձություններին զուգահեռ, Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հասցեին թույլ տվեց մի քանի քայլեր ու հայտարարություններ, որոնք այսպես ասած հնարավորի սահմանում բավական կոշտ էին եւ աննախադեպ: Դրան զուգահեռ, նկատելի էր նաեւ, որ Սարգսյանը փորձում էր խփել թե «նալին», թե «մեխին», Ռուսաստանին հավաստիացնելով, թե Հայաստանը չի գնա հակառուսական քայլերի: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը չունի ՌԴ հետ այլ որակի հարաբերության ռեսուրս: Հայաստանն ընդհանրապես չունի այդ ռեսուրսին տիրապետող քաղաքական դաս, եւ դա ազգային անվտանգության առանցքային սպառնալիք է:

Հաղթանակի զբոսայգում անցկացվող միջոցառումներին մասնակցությունը Սարգսյանի «մեխի եւ նալի» մարտավարության կիրառություն էր, ընդ որում այս դեպքում կարծես թե համաժամանակյա, որովհետեւ այդ միջոցառմանը մասնակցության ընթացքում Սարգսյանն արել է բավական ուշագրավ արտահայտություն, որը կարող է դիտվել որպես պատասխան ՌԴ նախագահ Պուտինի երկամյա վաղեմության մի հայտարարության:

2014 թվականի ապրիլին Պուտինը, խոսելով Ուկրաինայի մասին եւ պատասխանելով «հայրենական պատերազմի» հաղթանակում դրա դերի, առանց դրա հաղթանակի անհնարինության մասին հարցին, փաստացի արեց արտահայտություն, որով մեծ հաշվով ջնջեց այդ հաղթանակի գործում ԽՍՀՄ կազմում այլ ժողովուրդների մասնակցությունը: Նա հայտարարեց, թե հաղթանակի համար զոհաբերված ռեսուրսների 70 տոկոսը եղել է Խորհրդային Ռուսաստանի ռեսուրսը, հետեւաբար հաղթանակը մեծապես Ռուսաստանի վաստակն է, եւ իրենք կհաղթեն անգամ առանց այլ ժողովուրդների օգնության:

Եվ ահա, երկու տարի անց Սերժ Սարգսյանը որոշում է պատասխանել.«Ուզում եմ վստահ լինեք, որ մենք երբեք որևէ մեկին թույլ չենք տա վերաշարադրելու պատմությունը, վերադասավորելու իրադարձությունները: Այս հաղթանակը բոլորիս հաղթանակն է: Եվ ուզում եմ մի բանում էլ վստահ լինեք, որ ինչպես դուք եք պաշտպանել մեր Մեծ հայրենիքը, ձեզնից հետո եկող սերունդները նույնպես պաշտպանելու են մեր փոքրիկ, բայց շատ թանկագին հայրենիքը», վետերաններին ուղղված խոսքում ասել է Սերժ Սարգսյանը:

Բանն այն է, որ եթե համադրենք «հայրենական» պատերազմում ԽՍՀՄ ժողովուրդների քանակն ու մասնակցության, զոհերի հարաբերակցությունը, ապա այստեղ առաջատարը ոչ թե Ռուսաստանն է, այլ Հայաստանը, որն այդ պատերազմին տվել է 700 հազար մասնակից, ավելի քան 300 հազար զոհ, բազմաթիվ հերոսներ, գեներալներ, մարշալներ: Այսինքն, եթե բանը վիճակագրությունն է, ապա այդ վիճակագրությամբ պատերազմի բեռն ամենաշատը եղել է Հայաստանի, քան Ռուսաստանի վրա:

Թե ինչու՞ է Սերժ Սարգսյանը պատասխանում երկու տարի անց, դժվար է ասել: Բայց հետաքրքիր է, որ 2016 թվականի մայիսի 9-ին Հաղթանակ զբոսայգում փաստորեն տեղի է ունեցել հայ-ռուսական դիվանագիտական ուշագրավ փոխհրաձգություն: Բանն այն է, որ Ռուսաստանի դեսպանն ու դեսպանության երկրորդ քարտուղարն էլ Հաղթանակ զբոսայգում արել են ուշագրավ հայտարարություններ, կապված Հայաստանին ռուսական զենքի մատակարարման, Ադրբեջանին զենքի մատակարարման եւ Արցախի ճանաչման հետ: Մասնավորապես, երկրորդ քարտուղարը, որը դեսպանատներում սովորաբար հանդիսանում է գործնական քաղաքականության առանցքային պաշտոններից մեկը, առանց տեսախցիկների լրագրողների զրույցում հայտարարել էր, որ քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ռուսական զենքը չի կարող հայտնվել այնտեղ:
Երաշխիք էր դա Ադրբեջանին, թե՞ Ադրբեջանի գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձ, կամ գուցե երկխոսություն Սերժ Սարգսյանի հետ, բավական բարդ է ասել: Ճգնաժամային իրավիճակներում իրադարձությունների զարգացումը սովորաբար դուրս է գալիս բնականոն տրամաբանությունից եւ ենթակա է ամենաանկանխատեսելի ազդեցության: Բայց ակնհայտ է, որ Հաղթանակի զբոսայգում տեղի է ունեցել հայ-ռուսական ուշագրավ բանավեճ, հատկապես մայիսի 9-ից առաջ ադրբեջանցիների հրապարակած այն տեղեկության ֆոնին, թե առաջիկա օրերին Պուտինը պատրաստվում է մեկնել Բաքու:

Մայիսի 9-ին տեղեկություն տարածվեց, որ այցը հետաձգվում է: Կասկած չկա, որ այդօրինակ իրադարձությունները չեն լինում պատահական եւ չեն անցնում անհետեւանք կամ անարդյունք: Միաժամանակ ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերության ճգնաժամը ակնհայտորեն խանգարում է ոչ միայն Երեւանին, այլ նաեւ Մոսկվային: Հարաբերության վերանայումը ոչ միայն Հայաստանի համար է անվտանգության հարց, այլ նաեւ Ռուսաստանի: Պարզապես Հայաստանի համար դա ֆիզիկական անվտանգության հարց է, իսկ ՌԴ համար՝ ռազմավարական: Ռուսաստանը պետք է ընտրի՝ կամ Հայաստանի հետ գործընկերության շնորհիվ կարող է պահպանել Կովկասի նոր անվտանգության համակարգում մասնակցության հեռանկարը, կամ Հայաստանը վասալային կախվածության մեջ պահելու քաղաքականության շարունակությամբ երկարաձգի Կովկասի անվտանգության նոր համակարգի ձեւավորման միջազգային ջանքը, բայց կորցնելով ի վերջո անխուսափելի այդ նոր համակարգում որեւէ նշանակալի դերակատարության հույսը:

Ակնհայտ է նաեւ, որ երկու կողմում էլ՝ թե Հայաստանում, թե Ռուսաստանում, առկա է հարաբերության վերանայմանն ունակ, պատրաստ համարժեք քաղաքական դասի բացակայությունը: Հակառակ դեպքում, վերանայման գործընթացը կկրեր բաց քաղաքականության բնույթ, եւ հայ-ռուսական բանավեճերը կլինեին քաղաքական հարթության վրա, ոչ թե տողատակերում:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20